Դեռևս հայտնի չէ, թե որտեղ է պատիժը կրելու Ավետիսյանների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայող Վալերի Պերմյակովը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:
«Այդ հարցին իր ելույթում պետք է անդրադառնար դատախազը: Նա դա չի արել: Դատարանը նույնպես շրջանցեց այդ հարցը: Այս պահին պաշտպանող կողմի համար նույնպես անհասկանալի է, թե որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը»,- նշեց փաստաբանը:
Անդրադառնալով հնարավոր բողոքարկմանը` նա նշեց, որ սկզբում պետք է ստանա դատարանի գրավոր վճիռը, հետո հանդիպի պաշտպանյալին և պարզի նրա դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանում: