«ՅԱՐՈ ՋԱՆ»
Երեկ տեղի ունեցավ Ռազմիկ Ամյանի տեսահոլովակի պրեմիերան, որը կոչվում է «Յարո ջան»: Այն նկարահանվել է Էլվինա Մակարյանի «Յարո ջան» երգի հիման վրա: Երգը Ռազմիկը ներկայացրել է իր ոճով եւ նոր գործիքավորմամբ: Հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, գործիքավորողը՝ Ազատ Հակոբյանը, իսկ ոճաբանը՝ Արմեն Գալյանը: Նշենք, որ Էլվինան այս երգը թողարկել է 1990-ականների սկզբներին:
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏՐԻՈ»
Վրաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Էլդար Շենգելայան պատրաստվում է ֆիլմ նկարահանել հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների մասին: Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, քսանամյա ընդմիջումից հետո ռեժիսորը կրկին կինո է նկարահանում Թբիլիսիում: «Կովկասյան տրիո»-ի հերոսներն են հայը, վրացին ու ադրբեջանցին: Հավանաբար, ֆիլմը պատրաստ կլինի 2014-ի մարտին: Նկարահանումներն անցկացվում են Մոսկվայում ու Բաքվում: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆիլմի սցենարը գրել է ադրբեջանցի հայտնի սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը: Նշենք, որ Էլդար Շենգելայան վրացական կինոյի ամենաճանաչված ռեժիսորներից է: Դեռեւս խորհրդային տարիներին նրա ֆիլմերը նոմինացվել են միջազգային եւ ԽՍՀՄ հեղինակավոր կինոփառատոներում, արժանացել համամիութենական եւ միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների: Շենգելայան համազգային ճանաչման է հասել 1969-ին` «Արտասովոր ցուցահանդես» տրագիկոմեդիայով:
ՊԱՏՎՈ «ՕՍԿԱՐ»
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին պատվավոր «Օսկար» մրցանակ կստանա ամերիկյան կինոակադեմիայի կողմից: Դա տեղի կունենա հատուկ փակ երեկույթի ժամանակ, որին կմասնակցեն միայն շոու բիզնեսի էլիտայի ներկայացուցիչները, ինչպիսիք են Էնթոնի Հոփքինսը, Թոմ Հենքսը եւ այլք: Ջոլիից բացի՝ նման մրցանակի կարժանանան դերասաններ Սթիվ Մարտինը, Էյնջելա Լենսբարին եւ իտալացի դիզայներ Պիեռո Տոսին: Փորձագետները սա անվանում են «Օսկար»-ի սեզոնի մեկնարկ: