Հայաստանում սրտի ստենտավորման ծառայությունն ավելի բարձր գին ունի, քան հարևան երկրներում. փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարվա սկզբից մինչ օրս պետական միջոցների հաշվին 801 սրտի ստենտավորում է արվել: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: «Եթե վարակիչ հիվանդություններից մահացությունն իջեցրել ենք ու վերահսկելի սահմանում ենք պահում, ապա ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում երկիրը որդեգրել է ռազմավարություն` սիրտ­անոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի դեմ պայքարի:

Սրտի ստենտավորման պետական ծրագրով, որ ստացել է «Կյանքի համար ստենտ» անվանումը, 801 ստենտավորում է կատարվել տարվա սկզբից մինչ օրս բացառապես պետական միջոցների հաշվին»,­ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ստենտավորման դեպքերը շատ ավելին են` երբեմն ոչ սուր դեպքերում որպես վճարովի ծառայություն: Փոխնախարարը հաստատեց այն տեսակետը, որ Հայաստանում սրտի ստենտավորման ծառայությունն ավելի բարձր գին ունի, քան հարևան երկրներում:

Նրա տեղեկացմամբ` բազմաթիվ քննարկումներ են ծավալվել նման ծառայություններ մատուցող 11 սրտանոթային կենտրոնների հետ Երևանում ու մարզերում, որոնց ներկայացրել են տնտեսական հաշվարկներ, ըստ որի այդ ծառայության գինն իջեցնելու հնարավորություն կա, ինչը պետք է իրագործել:

«Այդ գինը կապված է հիվանդների քիչ քանակի ու պահպանման ծախսերի բարձր լինելու հետ: Սակայն մեծ թվով հիվանդներին օգնություն ցույց տալը կբերի ֆիքսված ծախսերի կայուն մնալուն և գների իջեցմանը»,­հայտնեց փոխնախարարը: Սերգեյ Խաչատրյանն ուրախությամբ փաստեց, որ կենտրոններից մեկն արդեն իր ծառայության գինը 1.8 միլիոն դրամից իջեցրել է 1.2 միլիոնի: «Սա վերջը չէ, վստահ ենք, որ գինն ավելի է իջեցվելու: Կարծում եմ, շատ շուտով կտեղեկանաք այլ կենտրոնների կողմից նման իջեցումների մասին ևս»,­-նշեց պաշտոնյան: Ըստ վիճակագրության` սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով 2015 թվականին բժշկական օգնություն է ստացել 1516, իսկ 2016-­ին՝ 866 քաղաքացի:




Լրահոս