ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունն իրականացնում է բեռնափոխադրում ՀՀ-ում գրանցված իր տրանսպորտային միջոցներով եւ համարվում է բացառապես հաստատագրված վճար վճարող, ապա այս դեպքում պարտադի՞ր է ճանապարհային վճար կատարելը, թե՞ ոչ:

Սահակ Հակոբյան (52 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները: Նույն օրենքի 10.1-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարը ՀՀ տարածքում իրականացվող, ՀՀ-ից դուրս եկող կամ ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է՝ ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ նույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով: Հաստատագրված վճարները եւ ճանապարհային վճարները գործում են առանձին եւ մեկը մյուսով պայմանավորված չեն: Ընդ որում, ճանապարհային վճար նախատեսված է միայն 20 եւ ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ գործում է ե՛ւ հաստատագրված, ե՛ւ ճանապարհային վճար, որոնք երկուսն էլ պարտադիր բնույթ են կրում, բայց իրար հետ կապ չունեն: Արդյո՞ք հնարավոր չէր այնպիսի կարգ սահմանել, որի դեպքում կկիրառվեր այդ երկու վճարներից միայն մեկը:




Լրահոս