ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 22-ին հանդիպեց ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ցյան Կեմինին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, չինական «CCECC» կազմակերպության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ:
Նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունելով Ցյան Կեմինին՝ ընդգծեց, որ տրանսպորտի և կապի ոլորտում հայ-չինական հարաբերություններն օրեցօր ավելի են զարգանում:
«Մի քանի տարի շարունակ չինական մի շարք կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության ճանապարհաշինության ոլորտում փորձում էին իրականացնել տարբեր ծրագրեր և, վերջապես, այս տարի դա հաջողվեց: Մենք այսօր աշխատում ենք «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության հետ, իսկ ավելի երկար տարիներ համագործակցել ենք նաև «CCECC» կազմակերպության հետ», – ասաց Գ. Բեգլարյանը:
ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Ց. Կեմինը նույնպես կարևորեց վերջին շրջանում երկու երկրների համագործակցության ձեռքբերումները հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում։
«Համագործակցության լավագույն հնարավորություն է այն, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» կազմակերպությունը տենդեր է շահել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման նախագծում: Չինական կողմը ժամանակին և որակյալ կիրականացնի այդ աշխատանքը, և մենք ակնկալում ենք հայկական կողմի համակողմանի աջակցությունը»,- նշեց Ց. Կեմինը:
Կողմերն անդրադարձան նաև Մետաքսի ճանապարհի վերականգնման կարևորությանը և այն դերին, որ որպես տրանսպորտային հանգույց ունի Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տարածաշրջանում։ Չինական կողմը նաև նշեց, որ հետաքրքրված են հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ:
Հանդիպման ավարտին ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս շարունակել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը վստահեցրեց, որ հայկական կողմը ևս շահագրգիռ է երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում փոխշահավետ, արդյունավետ և երկարատև համագործակցությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն