Ի՞նչ կապ ունի Էդուարդ Շարմազանովի` ոստիկանապետ եղբայրը երեք հոգու մահվան հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով  բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի եւ ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։

Վազ 21-ի Մարգահովիտ գյուղի երկու բնակիչ տեղում է մահացել, երրորդը՝ Վանաձորի հիվանդանոցում, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվել է ծանր:

Վթարից հետո լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ ՎԱԶ 21 099-ում գտնվող տղաներից մեկի ծնունդն է եղել, եւ բոլորը հարբած են եղել:

Armtimes.com-ի փոխանցմամբ` Տոյոտայի ղեկին եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը:

Վթարի հետեւանքով տեղում մահացած Էմիլ Խուդինյանի մայրը՝ Սուսաննա Բեկչյանն Armtimes.com-ի հետ զրույցում հերքեց, որ տղաներից մեկի ծննդյան օրն է եղել, եւ նրանք հարբած են նստել ղեկին:

Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հարցմանն ի պատասխան` հայտնեցին, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, միմյանց են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի և հակառակ ուղղությամբ ընթացող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1993թ. ծնված Ա. Մարանդյանը, 1995թ. ծնված Է. Խուդինյանը և 1993թ. ծնված Դ. Սարգսյանը մահացել են, իսկ 1994թ. ծնված Մ. Պողոսյանը, 1993թ. ծնված Ա. Գևորգյանը և 1992թ. ծնված Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

 

Նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռևս հայտնի չեն:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Էրիկ Շարմազանովի հետ, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Իսկ ԱԺ փոխնախագահն այս օրերին գտնվում է արձակուրդում:




Լրահոս