ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 13-ին Սեւանա լճում անհետացել էին Ծովակ գյուղի երկու բնակիչներ՝ Նվեր Հարությունյանն ու Արթուր Վարդանյանը: Նրանք վաղ առավոտյան՝ ժամը 05:00-06:00-ի սահմաններում,  դուրս էին եկել լիճ՝ խեցգետին որսալու եւ այլեւս չէին վերադարձել: Երեկ  ԱԻ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ի վերջո հայտնաբերվեցին կորած երիտասարդների դիերը: Նշենք, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, եւ ,Ժողովուրդե-ը բազմիցս անդրադարձել է արգելված եւ վտանգավոր ձկնորսության արդյունքում տեղի ունեցող ողբերգական  պատահարներին: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունն այդպես էլ հստակ քայլեր չի ձեռնարկում ձկան եւ խեցգետնի ապօրինի որսը կանխելու ուղղությամբ: Այս կապակցությամբ ,Ժողովուրդե-ը զրուցել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ինչո՞ւ Ձեր գերատեսչության կողմից լուրջ հսկողություն չի իրականացվում` կանխելու համար որսագողության դեպքերը:
-Ամեն տարի՝ ձվադրման ժամանակաշրջանում, երբ որ ջրի ջերմաստիճանն իջնում է մինչեւ 2-4, այդ ժամանակ սկսվում է ձվադրման պրոցեսը, ու մենք այդ ժամանակ ընդհանրապես ծով մուտքն ու ելքն ենք արգելում: Իսկ արդեն երկար տարիներ է, որ սիգի եւ իշխանի որսն  ընդհանրապես արգելվում է, եւ, բնականաբար, կիսում եմ Ձեր անհանգստությունը, որ կան նմանատիպ գործեր՝ անօրինական որսի եւ այլնի: Մենք մեր ունեցած հնարավորությունների սահմաններում տարբեր միջոցներով պայքարում ենք. ե՛ւ ձկան առգրավում, ե՛ւ բոլոր միջոցները կատարվում են: Ու ամեն տարի երեք կառույցների միջոցով՝  բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ ոստիկանության, մենք հաստատում ենք միջոցառումների ծրագիր ու փորձում ենք ամեն ինչ անել այդ բնագավառում կարգուկանոն հաստատելու համար:
-Բայց, փաստորեն, դա Ձեզ մոտ չի ստացվում: Խնդրում եմ նշել, թե որսագողության կանխման համար ինչ է արվում կոնկրետ Ձեր գերատեսչության կողմից: Ի վերջո, ամեն օր կարելի՞ է ականատես լինել, թե ինչպես են Սեւանում մարդիկ ձկնագողությամբ զբաղվում:
-Այնուամենայնիվ, ես չեմ նկատել, եթե Դուք նկատել եք, ապա դա խեցգետնի որս է կատարվում, ինչը մենք թույլատրել ենք, իսկ Ձեր ասած այդ դեպքերով անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել ու հասկանալ: Եթե մենք նման բան տեսնում ենք, արձանագրում ենք: Եվ ոչ միայն մենք, այլեւ մարզպետարանն ու ոստիկանությունը համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում: Մեր կարծիքով՝ ամենալավ պայքարն  այդ դեպքերի բացահայտումը եւ հետագա օբյեկտիվ քննարկումն է:
-Այսինքն՝ Դուք՝ որպես բնապահպանության նախարար, գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից:
-Աշխատանքի գնահատականը, բնականաբար, տալիս են կառավարությունն ու հանրությունը: Ես կոռեկտ չեմ համարում ինքս իմ աշխատանքին գնահատական տալը: Եվ, բնականաբար, թո՛ւյլ տվեք ասել, որ նաեւ այն մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են իրավիճակը կարգավորելու համար, մենք այդ մեխանիզմների ուղղությամբ մտածում ենք, ծրագրեր ենք իրականացնում եւ դրանք կյանքի ենք կոչելու: Մասնավորապես այլընտրանքային ձկնաբուծության ծրագրի հարցը բարձրացվել է, ընթացքի մեջ է, եւ առաջիկայում լուրջ քննարկում կլինի, ու, կարծում եմ, որ մենք ոչ միայն պետք է այդ արգելանքի պրոցեսը վերցնենք ու դրանով բավարարվենք, այլեւ լինի այլընտրանքային մոտեցում: Լավ կլինի, որ եթե Դուք հետաքրքրված եք Սեւանա լճի խնդիրներով, վերցնեք այդ ծրագիրը, ուսումնասիրեք եւ կտեսնեք, թե ինչքան աշխատատեղեր ենք բացելու, ինչքան ձուկ է արտադրվելու, բնականաբար, էկոլոգիական ամենաբարձր ցուցանիշներով: Դուք  կտեսնեք, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում իսկապես ոչ միայն մենք արգելանքը կխստացնենք, այլեւ զուգահեռաբար այլընտրանքային զբաղվածության խնդիրը կլուծենք: Եվ լինելու են շատ լուրջ ցուցանիշներ, ու շատ աշխատատեղեր են բացվելու:
-Գուցե եւ այդ ծրագիրը շատ լավն է, եւ հուսանք, որ այն իսկապես կյանքի կկոչվի: Սակայն մինչ այդ գերիշխող է այն տեսակետը, որ բնապահպանության նախարարությունն անգործության է մատնված, այգիներում հեծանիվ եք քշում…
-Դուք իրավունք ունեք, եւ այդպիսի տեսակետներ հայտնողները եւս իրավունք ունեն իրենց տեսակետը  հայտնելու, իսկ մենք էլ իրավունք ունենք չհամաձայնելու եւ համարելու, որ դա այն մարդիկ են, որոնք կա՛մ ոլորտին չեն տիրապետում, կա՛մ մեր կատարած աշխատանքը չեն նկատում: Իսկ այդ աշխատանքները բազմաթիվ են՝ ոչ միայն ձկան հետ կապված միջոցառումների, այլեւ մաքրման աշխատանքների վերաբերյալ, այսինքն՝ դրանք ակնհայտ են: Մենք մի ոլորտով չենք սահմանափակվելու, մենք ունենք միջոցառումների ծրագիր, մենք ունենք այն բոլոր օրենսդրական եւ մնացած գործիքակազմը, որը մեզ հնարավորություն կտա իսկապես բեկում մտցնելու: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ մի քանի տարի հետո Դուք կտեսնեք, թե մեր էնդեմիկ ձկնատեսակների քանակն ինչքանի է հասնելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 661 համար




Լրահոս