
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գազամուղի պայթեցման փորձը: «Ժողովուրդ»-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից փորձեց պարզել, որ եթե ահաբեկչությունը հաջողվեր, ի՞նչ վնասներ կունենար մեր տնտեսությունը:
«Գազատարի հնարավոր պայթեցման դեպքում սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվեր Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի հաշվին, որտեղ առկա է 25 օրվա պաշար այն դեպքերի համար, երբ Հայաստան գազ չի ներկրվի թե՛ հյուսիսից, թե՛ հարավից: Իսկ 25-օրյա ժամկետում միանգամայն հնարավոր կլիներ վերականգնել վթարի հետեւանքները թե՛ հայ, թե՛ վրացի գործընկերների կողմից: Որեւէ լուրջ վտանգ չի ներկայացնում պետությանը»,- պատասխանեցին ՀՀ ԷԲՊ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հավելենք նաև, որ Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձի մեջ մեղադրվողներից մեկի փաստաբան Մայա Չրելաշվիլին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է, որ գազամուղի պայթեցման փորձի գործի նյութերի մեջ կցված է եղել իր պաշտպանյալի լուսանկարները՝ «Իսլամական պետության» դրոշի ֆոնին: