ArmLur.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
– Պարո՛ն Բոտսանջյան, հրապարակվել են հունվար-հուլիսի վիճակագրական տվյալները: Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանը տնտեսական ի՞նչ իրավիճակում է գտնվում:
– ՀՀ-ի տնտեսական վիճակն այսօր լավագույններից չէ, պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության առումով, իհարկե, որոշակի դրական տեղաշարժեր գրանցվում են, բայց ծավալային առումով մենք դեռևս կախված ենք մնում գյուղատնտեսական արտադրության ապրանքների՝ մեզ համար նպաստավոր պայմաններից։ Այդ կտրվածքով բոլոր ցուցանիշները, որոնք մենք ամրագրում ենք, դրանք տեղի են ունենում գյուղտնտեսության շնորհիվ։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ տնտեսական համալիր զարգացման համար բացի գյուղատնտեսությունից, տնտեսության այլ ոլորտներում ևս զարգացումներ են պետք։ Այսօր հանրապետությունում այդ կտրվածքով կառավարությունը որոշակի քայլեր անում է։ Մեր գանձապետարանում չկան անհրաժեշտ թվով ֆինանսական միջոցներ՝ բոլոր ծրագրերը ֆինանսավորելու համար։ Բայց կա պահանջ և կան նախադրյալներ, մասնավորապես, Իրանի հետ տնտեսական համագործակցության հեռանկարներն առկա են։ ՀՀ-ն պետք է ինտենսիվ մոտեցում ցուցաբերի՝ համագործակցությունը կիրառելու համար։ Այսօր մենք գտնվում ենք որոշակի մեկնարկային վիճակում։
– Այս ամենը տարվա ավարտի համար ի՞նչ է խոստանում։ Ի՞նչ արդյունքներ սպասել։
– Տարվա վերջի համար չէինք ասի, որ սպասումները շոշափելի կլինեն։ Բոլոր դեպքերում հասկանալի է, որ հարկային մուտքերի կտրվածքով լարվածություն և խնդիր կա։ Իրավիճակը դժվար կանխատեսելի է, բոլոր պարագաներում չի ենթադրվում, որ մենք կունենանք կտրուկ իրավիճակի լավացում։
– Իսկ ապրիլից հետո տնտեսական ակտիվության տեմպը նվազե՞լ է։
– Ակնհայտ չէ այդ ամեն ինչը։ Պատկերացրեք, որ բոլոր դեպքերում, պարենային ապրանքների գնանկումը, որ առկա է, որոշ առումով լավ զարգացում են համարում։ Բայց կարելի է հասկանալ, որ արտագաղթի հաշվին, սպառողների թվի պակասը բերել է ծավալների, պահանջարկի փոքրացում, ինչն էլ բերել է գների անկում։ Շատերը կարող են դա գնահատել դրական երևույթ, բայց հասկանալի է, որ դա ավելի բացասական երևույթ է։
Նաիրա Հովհաննիսյան