Երեկ Երեւանի կառուցապատման զոհերը` Կոմիտասի 5-ի, Սայաթ-Նովայի 12-ի եւ Ամիրյան 24-ի բնակիչները, համատեղ ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում հայտարարեցին, թե այսուհետ փորձելու են համախմբել իրենց ուժերը Երեւանի քաղաքապետարանի, պետական ատյանների եւ անսպառ ախորժակ ունեցող մեծահարուստների դեմ պայքարում: Այդ տանջված քաղաքացիները, որոնք ընդամենը պայքարում են սեփական պատուհաններից ընկնող արեւի լույսի եւ փոշու փոխարեն նորմալ օդ շնչելու իրավունքի համար, այս տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել են հիմնավորապես հիասթափվել ոչ միայն բոլոր պետական ատյաններից, այլեւ իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական ուժերից եւ ամենատարբեր գրանտակեր իրավապաշտպան ու հասարակական կազմակերպություններից: Ինչպես նրանք իրավացիորեն նկատել են, Երեւանի կենտրոնն անցած տասը տարիների ընթացքում վերածվել է մի հսկայական իրացման գոտու, որն իրականում գայլային ախորժակով չինովնիկների եւ օլիգարխների համար յուրացման գոտի է: Իսկ այն լոկալ ընդվզումները, որոնց ականատես ենք լինում Կոմիտասի 5-ում, Սայաթ-Նովայի 12-ում կամ այլուր, այդ յուրացման գործընթացում փոքրիկ խոչընդոտներ են, որոնք քաղաքային իշխանությունները, դատական իշխանության հետ ձեռք ձեռքի տված, հաջողությամբ հաղթահարում են: Դրա վերջին օրինակներից մեկն էլ երեկվա ասուլիսում Կոմիտասի 5-ի բնակիչներից Սուսաննա Թերզյանի արած սկանդալային հայտարարությունն է այն մասին, որ Վարչական դատարանի կողմից օրերս կայացված որոշման համաձայն` Կոմիտասի 5-ի բնակիչները շինարարության դադարեցման համար պետք է ֆինանսապես փոխհատուցեն կառուցապատողին: Ըստ բնակչի` կառուցապատողը 350 հազար ԱՄՆ դոլարի վարկ է վերցրել այդ շենքը կառուցելու համար, եւ շինարարությունը կասեցրած բնակիչներից հիմա պահանջվում է մարել կառուցապատողի վարկային վճարները տոկոսներով, որոնք կազմում են 40,6 հազար ԱՄՆ դոլար: Դժվար է պատկերացնել նման խայտառակ իրավիճակ որեւէ նորմալ երկրում, ու եթե բնակչի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա դա այլ կերպ, քան պետական մակարդակով իրականացվող հրապարակային կոռուպցիա դժվար է որակել: Դա կնշանակի, որ արդեն անթաքույց կերպով ոչ միայն գործադիր, այլեւ դատական իշխանություններն են դրսեւորում հովանավորչություն: Նկատենք, որ մինչ այդ Երեւանի կենտրոնում իրականացված բազմաթիվ իրացումների եւ վիճելի կառուցապատումների ընթացքում դեռեւս չէր եղել նման դեպք: Բնակիչներին իրենց տներից, բակերից, լույսից եւ օդից զրկած օլիգարխները դեռեւս չէին հանդգնել իրենց «զոհերից» նաեւ ֆինանսական փոխհատուցում պահանջել: Հիմա, փաստորեն, դա էլ է իրականություն դառնում, եւ եթե դրա դեմ չձեռնարկվեն համապատասխան քայլեր, ապա դա կարող է ահավոր վատ նախադեպ դառնալ: Այսպիսով, փաստորեն, իշխանությունները հրապարակավ սպառնում են իրենց բակերի համար պայքարող քաղաքացիներին` չլռելու դեպքում ենթարկել ֆինանսական պատասխանատվության:
ՆԱԽԱԴԵՊ ԿԴԱՌՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ