Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ասուլիս էին հրավիրել` եւս մեկ անգամ գովերգելու այդ վիճահարույց համակարգը:
Ըստ Դավիթ Սարգսյանի՝ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը որեւէ կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը. «Հարկ վճարելը հակասահմանադրական չէ, չէ՞, այսօր մարդիկ հարկ են վճարում: Սա հարկ չէ, սա գումար է, որը ես եւ դուք մասհանելու ենք մեր անձնական հաշիվներից: Ես իմ անձնական հաշվին պարտավոր եմ գումար մասհանել, սեփականության իրավունքը չի անհետանում»: Իսկ այն մտահոգություններին, թե այդ գումարները կարող են «կորել», երբ, ասենք, վճարողը մահանա, նախարարը պատասխանեց, թե այդ դեպքում գումարը կստանան ժառանգները: «ԱՊՊԱ-ն հակասահմանադրական չէ, չէ՞: 3 տարի առաջ ցույցեր էին լինում, մեր ընդդիմախոսները, քաղաքական ուժերն էլի դեմ էին արտահայտվում, եւ պրոցեսները նույնն էին: Անցել է մի քանի տարի, եւ ԱՊՊԱ-ն ոնց որ թե վատը չէ: Այսինքն՝ այն ժամանակ էլ նույն պրոցեսներն էին»,-հայտարարեց նախարարը:
Իսկ Արտեմ Ասատրյանն էլ ներկայացրեց, թե նախկինում ինչպիսին էր կենսաթոշակային համակարգը, եւ ինչ փոփոխությունների է այն ենթարկվել: Ըստ Ասատրյանի՝ նոր համակարգի ներդրմամբ 2 բաղադրիչ է ավելացվել, որոնցով պետությունն ազատվում է որոշակի պարտավորություններից: Եթե կենսաթոշակի նվազագույն չափը սահմանվում էր քաղաքական ուժերի որոշումներով, եւ, ըստ էության, այդ ուժերի ճնշմամբ կենսաթոշակի սահման էր պարտադրվում պետությանը, ապա նոր համակարգով սա վերանում է. «Կենսաթոշակի նվազագույն շեմը եւ կենսաթոշակի ձեւավորումը որեւէ կապ չպիտի ունենան քաղաքական ցանկությունների ու մոտեցումների հետ: Յուրաքանչյուր անձ իր կողմից կատարած վճարումների շրջանակներում դրանց ներդրումներից եկած եկամուտների հաշվին պիտի ստանա կենսաթոշակ»:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով աշխատողներն իրենց մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձի 5%-ը վճարում են համապատասխան ֆոնդին, որին եւս 5% մասնակցություն է ունենալու պետությունը: 500 հազար դրամից բարձր աշխատավարձի դեպքում աշխատողը 10% է փոխանցում, իսկ պետությունը՝ 25 հազար դրամ: Գումարները, որոնք կուտակվելու են կենսաթոշակային ֆոնդում, կառավարվելու են հատուկ մասնագիտացված ֆինանսական կազմակերպության կողմից: Արդեն իսկ ընտրվել է 2 կառավարիչ, որոնք վերահսկվելու են Կենտրոնական բանկի կողմից:
Ֆոնդերում կուտակված գումարները ներդրվելու են, օրինակ, բաժնետոմսերում, եւ դրանցից նաեւ գումարներ են ավելանալու այն աշխատողի հաշվին, որը տվյալ ֆոնդում է կուտակում իր կենսաթոշակը:
Հ. Գ. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը «կրծքով պաշտպանում են» միայն ՀՀ վարչապետի թիմակից նախարարները:
ԸՍՏ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԼԱՎՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ