ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏՂԱՆ
ՀՀ ԱԺ-ում պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ վերանորոգում է իրականացվել. վերանորոգվել ու կահավորվել են «բուխարու դահլիճը» եւ «սպիտակ դահլիճը»: Սրանք hիմնականում օտարերկրյա հյուրերի հետ ԱԺ նախագահի հանդիպման սենյակներն են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ վերանորոգումը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 16.5 մլն դրամ կամ 40 հազար ԱՄՆ դոլար: Խոստովանենք՝ վերանորոգումների համար բավական մեծ գումարներ են ծախսվել, ավելի ճիշտ՝ շռայլվել ու մսխվել. օրինակ՝ 1.8×2.7 չափսերի փայտյա դուռը գնվել է 1 մլն 956 հազար դրամով, իսկ 0.9×2.7 չափսերի դուռը` 978 հազար 360 դրամով: Ընդ որում, այս թանկարժեք դռները, գոնե ըստ փաստաթղթերի, ամենեւին էլ զրահապատ չեն, այլ փայտյա: Նշենք, որ այս փաստաթղթերն  ԱԺ-ի անունից ստորագրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը` հայտնի Դերոյի որդին:

ԿԱՆԳՆԱԾ
Կիրակի օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԲՀԿ-ն ուսանողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել: Սակայն, ինչպես պնդում են ականատեսները, ուսանողներից շատերը տեղ հասնելուց հետո տհաճ անակնկալի են հանդիպել. նստելու որեւէ տեղ չի եղել, եւ իրենք ողջ միջոցառման ընթացքում ստիպված են եղել ոտքի վրա կանգնել:  Ուսանողության օրվան նվիրված միջոցառմանը մեծ թվով նախկին ուսանողներ, նույնիսկ մեծահասակներ են եղել, այն էլ առանց հրավիրատոմսերի: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, որն էլ ասաց. «Երբ որ մեկ մարդու կողմից հիմնված բարեգործական հիմնադրամը մեկ մարդու միջոցներով կազմակերպում է բարեգործական միջոցառում 10 հազարից ավելի ուսանողների համար առանց որեւէ ակնկալիքի, ինչ-որ մեկը բարոյական  իրավունք չունի որեւէ պահանջատիրություն ներկայացնել: Ասենք, որոշ թվով ուսանողներ էլ հասկանալի պատճառներով, որովհետեւ Մարզահամերգային համալիրի տարածքն անսահմանափակ չէ, չեն կարողացել մուտք գործել, ապա դա կարելի է ձեւակերպել խայտառակ երեւո՞ւյթ»: Համենայնդեպս, կարելի էր ընդամենը տեղերին համապատասխան տոմսեր բաժանել, որպեսզի նման տհաճ «բարեգործական» վիճակ չստեղծվեր:

ՃԱՆԱՉՈՒՄ Է
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից վերջերս 45 մլն դրամի չափով տուգանված «Երեքնուկ», «Սեար գրուպ» եւ «Ամարաս-Յուս» ընկերությունների տնօրեն Յուրա Ադյանի «տանիքը» ոչ անհայտ Զորի Բալայանն է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ 45 մլն դրամ տուգանքը, Զ. Բալայանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջոցով փորձել է միջնորդել, որպեսզի Հայաստանում Ադյանի պատիժը փոքր-ինչ մեղմացվի: Երբ փորձեցինք Բալայանից պարզել լուրի իսկությունը, նա ասաց, թե «անշուշտ, ճանաչում եմ Ադյանին», բայց վստահեցրեց, թե միջնորդություն չի արել:




Լրահոս