Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանը, ով ծնվել է 1954թ, Նախիջևանի հատվածում հայադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 7-ին: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հենրիկ Աղեկյանի եղբոր՝ Անդրանիկ Աղեկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց. «Երեկ իրիկուն միլիցի պետը բերեց քաղմաս, հետո քաղմասինց տարել են տուն: Ես էլ լրիվ դակումենտները դզել եմ, հանձնել եմ, տարել են Սովետաշենի հիվանդանոց: Ոչ մի քերծվածք էլ չուներ, որ տեսա»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ չի կարող ասել, թե եղբայրն ինչ վիճակում է գտնվում: «Ես հիմա մի բան եմ ուզում, որ եղբայրս ցմահ հիվանդանոցում մնա»,-նշեց նա: