Ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը` վերջին տվյալներից դատելով. տնտեսագետի կանխատեսումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

-Պարո´ն Մանասերյան, արդեն հրապարակվել են հունվար-հուլիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները: Դատելով նաև կիսամսյակային տվյալներից` ի՞նչ կարող ենք եզրակացնել, Հայաստանի տնտեսությունն ինչպիսի՞ վիճակում է գտնվում:

– Տնտեսության մեջ կան բավական կարևոր միտումներ, որոնք մեզ հիմք են տալիս ասելու, որ իրավիճակը փոխվում է որակապես, և դրանք մի կողմից հետևանք են տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես, ԵՏՄ համատեքստում, իսկ մյուս կողմից` ներքին խնդիրների լուծման տնտեսական քաղաքականության թիրախներն են, որոնք ըստ էության` անցյալ և նախանցյալ տարվանից շարունակվող միտումներն են:

Իր առաջին արդյունքներն է ուզում տալ արտահանմանը միտված տնտեսական քաղաքականությունը, որից, իհարկե, շատ կարճ ժամանակամիջոցում չի կարելի արդյունքներ ակնկալել, քանի որ ավելի երկար ժամանակահատվածում կարող է իրեն արդարացնել: Բայց արդեն երևում է, որ ի հաշիվ նման քաղաքականության` կարող է երկիրը դուրս գալ ճգնաժամային վիճակի և հստակ խնդիրներ լուծել: Դրանք և´ աշխատատեղերի ստեղծումն է, և´ մրցունակության բարձրացման խնդիրներն են, և´ տարածաշրջանում ինտեգրման պրոցեսները: Ես նկատի ունեմ ոչ այնքան ԵՏՄ-ի, այլ ավելի լայն առումով` նաև ԵՄ-ի` Իրանի հետ երկկողմ կապերի զարգացման:

– Մշտապես նշվում է, որ տնտեսական ակտիվության բարձրացումը մեծապես կապված է գյուղատնտեսական ոլորտի հետ: Արդյո՞ք դա այդպես է, և ի՞նչ անել, որ մյուս ոլորտներում ևս զարգացում լինի:

– Գյուղատնտեսության ոլորտն անցյալ տարի հատկապես կարևոր ձեռքբերումներ ունեցավ, բայց այդ ոլորտում եղանակային պայմանները պետք է ավելի քիչ նշանակություն ունենան: Պետք է մշակվի և իրականացվի ագրարային քաղաքականություն, որը կունենա հստակ ուղղություններ և օրակարգ : Պետք է նկատի ունենանք նաև, որ գյուղատնտեսության ոլորտն առնչվում է մեր բնակչության ավելի քան կեսին, նաև տարածքային և ինքնազբաղվածության առումով:

Ուստի, այստեղ իրերի վիճակից կախված է տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը, սեզոնային առումով այս փուլում տնտեսության ակտիվությունը կախված պետք է լինի գյուղատնտեսության ոլորտից: Կան նաև դրական միտումներ շինարարության ոլորտում, բայց ընդհանուր առմամբ սպառման մեջ ունենք ոչ դրական արդյունքներ: Վճարունակության անկումը և աղքատության մակարդակի բարձրացումն են դրանք, որոնք թույլ չեն տալիս գնել, և արտագաղթը շատանում է: Կան նաև այլ հանգամանքներ, որոնք ազդում են սպառողական շուկայի վրա:

– Եվ այս համատեքստում ի՞նչ սպասել տարեվերջին: Ինչպիսի՞ արդյունքներ կունենանք:

– Տարեվերջին կարելի է ակնկալել դրական արդյունքներ: Անցյալ տարի եղան բավականին բացասական կանխատեսումներ միջազգային կառույցների կողմից, որը թողեց բացասական ազդեցություն տնտեսության վրա:

Չկա մի այնպիսի տնտեսություն, որտեղ բացասական կանխատեսումներից հետո ներդրումներ արվեն: Ես շատ լավատես եմ, լուրջ ռեսուրսներ կան, պետք է ավելի խնամքով վերաբերվենք և խթանենք ինքնազբաղվածությունը: Կարևոր է, որ փոքր բիզնեսը կայանա, հետո վերածվի միջին բիզնեսի և, ինչու չէ, նաև խոշորի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս