Ով է Արայիկ Խանդոյանի գործով դատավորը և ինչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու բողոքի քննությունը. վճիռը կհրապարակվի այսօր: Գործով դատավորն Ալեքսանդր Ազարյանն է, ով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակվել Սերժ Սարգսյանի մայիսի 23-ի հրամանագրով:

Նշենք, որ մինչ այդ Ազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախագահի աշխատակազմում, ինչպես նաև եղել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր,  2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր, իսկ 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ազարյանն իր գույքի և ունեցվածքի մասին նոր հայտարարագիրը ներկայացրել է վերջերս` հունիսին, որից պարզ է դառնում, որ դատավորն այժմ ունի բնակարան և TOYOTA LAND CRUISER PRADO 4.0 GAS մակնիշի ավտոմեքենա: Նախորդ հայտարարագրում նա ներկայացրել էր նաև MITSUBISHI MONTERO-LS-3.5 մակնիշի ավտոմեքենա, որը 2015 թվականի վերջում վաճառել է հինգ մլն դրամով: Ըստ նոր հայտարարագրի` Ազարյանն ունի 10 հազար դոլար դրամական միջոց, իսկ մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 13 մլն դոլար, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և վերը նշված մեքենան օտարելուց:

Գույքի և ունեցվածքի մասին հայտարարագրում ներկայացված են նաև տվյալներ Ազարյանի կնոջ`  Նաիրա Ավչյանի ունեցվածքի վերաբերյալ: Ըստ այդմ` դատավորի կինն ունի 25 հազար դոլար, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է վեց մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:

Լուսանկարը` Iravaban.net-ի

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս