Աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնվող Ագարակի քաղաքապետն իր թեկնածությունն է առաջադրել Մեղրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին ինչպես մի շարք քաղաքներում, այնպես էլ Մեղրիում քաղաքապետի ընտրություններ են, որտեղ ՀՀԿ-ի թեկնածուն կլինի Ագարակ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը: Վերջինս հիշեցնենք` հաճախ է հայտնվել աղմկահարույց պատմությունների կիզակետում:

Զաքարյանի մրցակիցը իր նախկին տեղակալ Արմեն Սամվելյանն է, ով նույնպես ՀՀԿ-ական է, սակայն նա ինքնառաջադրվել է:

ArmLur.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանը վստահեցրեց, որ բնակչության մեծամասնությունն իրեն է ընտրելու:

-Պարո´ն Զաքարյան, ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք կիրականացնեք Մեղրիում ընտրվելու դեպքում:

-Ամեն ինչ անելու եմ, հատկապես նախադպրոցական կրթության խնդիրը պետք է լուծել: 13 համայնքներում ընդամենը 4 մանկապարտեզային ծառայություն է մատուցվում: Կատարվելու են նախ պարտադիր լիազորությունները, հետո նոր կամավոր:

-Հայտնի է, որ Դուք պարբերաբար ինչ-որ «կրիմինալ» պատմությունների մեջ եք հայտնվում: Վառ օրինակը 2015-ին տեղի ունեցած միջադեպն է. Ձեր համաքաղաքացի Ստեփան Հովհաննիսյանի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել, շոշափվում էր Ձեր անունը:

Մտավախություն չունե՞ք, որ այդ ամենը կխոչընդոտի Ձեր ընտրվելուն:

-Դրանք արհեստական պատմություններ են: Պարզապես մի խումբ կա, որը միշտ արտոնյալ է իրեն զգացել, օրենքից դուրս է եղել: Զբոսայգու տարածք զավթել էին, ուզում էինք վերանորոգել այգին, նրանք չէին թողնում, չէին հարմարվում այդ մտքի հետ, որ իրենց հողազավթման դեմ կարող է մեկը խոսի: Ընդամենը սա է եղել: Փառք Աստծո, այսօր զբոսայգու շինարարությունը գնում է: Նա էլ Վճռաբեկ դատարանի որոշումով` ինքն իր ձեռքով քանդել է իր ապօրինի շինարարությունը: Հասկացել է, որ ճշմարտությունն ավելի կարևոր է, քան իր փողերն ու հովանավորները:

-Իսկ գումար բաժանելո՞ւ եք ընտրողներին:

-Դա հանցագործություն է, ինչպե՞ս կարելի է նման բան անել: Ես վստահ եմ, որ բնակչության մեծամասնությունը` 80%-ից ավելին, կընտրի ինձ: Ընդհանուր 9000 ընտրող ունենք:

-Ինչո՞ւ եք այդքան վստահ:

-Իմ անցած ճանապարհի և կատարած աշխատանքի շնորհիվ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս