
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Նախարարը նշեց, որ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի հետ քննարկումներ են արվել դեռևս 2013-ին. հիմնադրամի ստեղծումը կարևորվում է հատկապես սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո:
«Որպես հեռահար ռազմավարական նպատակ` նախատեսում ենք նաև նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենսդրությունների քանակը: Ուզում եմ ընդգծել, որ հիմնադրամը ստեղծվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման հիմնադրամի աջակցությամբ,- նշեց նախարարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ԱՄՆ միջազգային հիմնադրամը քանի տարի է ֆինանսավորելու հիմնադրամը, և արդյոք այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ բեռ չի լինի Կառավարության վրա: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Միջազգային զարգացման հիմնադրամը ֆինանսավորելու է երկու տարի, իսկ այնուհետև իր բանակցությունները միջազգային կառույցների հետ թույլ է տալիս ասել, որ հետագայում ևս ֆինանսավորողներ կլինեն:
Հավելենք, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ պետական հիմնադրամը կգրանցվի ԱՆ-ի կողմից, իսկ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը: