Մնաս բարով, Եվրոպա՛

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շրջանում թե՛ եվրոպական կողմնորոշում ունեցող գործիչները, թե՛ Մաքսային միության ջատագովներն անընդհատ օգտագործում են “եվրոպական արժեքներ” հասկացությունը` յուրաքանչյուրը փորձելով ներկայացնել դրանց սեփական ընկալումը: Մասնավորապես, տեւական ժամանակ հակաարեւմտյան շրջանակների կողմից փորձ էր արվում հայ հանրությանն ապացուցել, որ եվրոպական արժեքներ ասվածը մարդու իրավունքների ազատության վիճահարույց դրսեւորումներն են` ի դեմս համասեռամոլության  եւ աղանդավորության քարոզչության: 
Ընդ որում, այդ կերպ մտածողները քիչ չէին անգամ տարիներ շարունակ այդ նույն եվրոպական արժեքների գովերգմամբ զբաղվող եւ, ի դեպ, նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներսում: Դրան ի հակառակ` մոլի արեւմտամետներն էլ փորձում էին իդեալականացնել եվրոպական արժեքները` անընդունելի համարելով դրանց հանդեպ անգամ նվազագույն քննադատությունը: Ինչպես միշտ, ճշմարտությունը պետք է փնտրել այս երկու ծայրահեղ մոտեցումների մեջտեղում: Սակայն տվյալ դեպքում այդ “մեջտեղը”, պարզվում է, այդքան էլ միանշանակ չէ: Այն արդեն իսկ ժամանակի փորձությունն անցած եւ իր արդյունավետությունն ապացուցած եվրոպական տնտեսաքաղաքական, իրավասոցիալական եւ մշակութային համակարգի եւ ԵՄ ներկայիս քաղաքական ղեկավարության որդեգրած համահարթեցման քաղաքականության խաչման կետում է: Ասվածի էությունը հասկանալու համար արժե հիշատակել բեռլինյան պատի քանդման 24-ամյակի կապակցությամբ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի՝ օրերս ունեցած ելույթից մի հատված, որում վերջինս հայտարարել է, թե այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են “ժողովուրդը” եւ “հայրենիքը”, պետք է նետվեն “պատմության աղբանոցը”: 
Նա կոչ է արել “վերաիմաստավորել Եվրոպայի աշխարհագրական եւ ժողովրդագրական չափանիշները եւ իսպառ հրաժարվել ազգային ինքնության վերականգնման փորձերից”:  “Նոր Եվրոպայի տարբերանշանը պետք է դառնա ավանդական ընկալմամբ ժողովուրդների տարբերակման իսպառ բացակայությունը»”,-ասել է Ռոմպեյը` այս գաղափարախոսության ընդդիմախոսներին մեղադրելով պոպուլիզմի մեջ եւ պնդելով, որ “ինքնության վերականգնումը, այն համոզմունքը, որ դռները փակելով՝ հնարավոր է ժամանակը հետ շրջել, իլյուզիա է”: Ասել է թե` մնաս բարով, հի՛ն ու բարի Եվրոպա. այն, ինչին հասնելու երազանքով էին Հայաստանում շատերը ձգտում դեպի ԵՄ, եւ բարի գալուստ համահարթեցման Եվրոպա, որը, ըստ էության, շատ չի տարբերվելու Սովետական միությունից, որտեղ եւս փորձ էր արվում համահարթեցնել բոլոր ազգություններին: Եվ ուրեմն, եթե սա է այդքան բաղձալի Եվրոպայի ապագայի տեսլականը, որտեղ “ժողովուրդ”, “հայրենիք” եւ “ազգային ինքնություն” հասկացությունները նետվելու են “պատմության աղբանոց”, արդյո՞ք արժե այդքան ափսոսալ  դրանից անմասն մնալու համար:  Թերեւս` չարժե: 
“Ժողովուրդ” օրաթերթի 665 համար




Լրահոս