“Քաունթերփարթ ինթերնեշնլ”-ի նախաձեռնությամբ “Orange”-ի աշխատակիցներն անցկացրին դասընթացներ հանրային ոլորտի աշխատակիցների համար:
Հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին Երեւանում եւ Կապանում տեղի ունեցան “Բնակչության սպասարկումը հանրային ոլորտում” թեմայով վերապատրաստման դասընթացներ Հայաստանի մարզերի մի շարք համայնքների հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների համար, որոնց թվում էին ՔԿԱԳ բաժինների, համայնքապետարանների աշխատակիցներ, գրադարանավարներ: Դասընթացների պիլոտային փուլից հետո, որը տեղի ունեցավ հուլիս եւ օգոստոս ամիսներին, սա արդեն դասընթացների երկրորդ փուլն է, որի նպատակն է հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցներին տրամադրել սպասարկման բարձր ստանդարտներին համապատասխան գիտելիքներ:
“Քաունթերփարթ ինթերնեշնլ” կազմակերպությունն այս դասընթացները կազմակերպելու առաջարկն արել է “Օրանժ Արմենիա”-ին՝ որպես ընկերության, որն առավելապես առանձնանում է հաճախորդների սպասարկման իր բարձր որակներով ու հմտություններով, եւ որը կարող է նոր գիտելիքներ ու մոտեցում փոխանցել:
Դասընթացներին մասնակցեցին ընդհանուր թվով 28 մասնակիցներ Դիլիջանից, Իջեւանից, Կոթիից, Վայքից, Վեդիից, Կապանից եւ մարզերի այլ փոքր ու մեծ համայնքներից:
“Հաճախորդների բարձրակարգ սպասարկումը մեր ընկերության առաջնահերթություններից է, եւ մենք ուրախ ենք, որ “Քաունթերփարթ ինթերնեշնլ”-ի կողմից նույնպես մեր ընկերությունը գնահատվում է որպես լավագույն սպասարկում ունեցող ընկերություններից մեկը Հայաստանում: Պիլոտային նախագիծը, որն իրականացվեց ամռանը, ակնհայտորեն հաջողված է եղել, եւ մենք ուրախ ենք շարունակել աջակցել մեր փորձով: Վստահ ենք, որ այս գիտելիքները մասնակիցներին անհրաժեշտ կլինեն իրենց ամենօրյա աշխատանքում, քանի որ նրանք նույնպես ամեն օր գործ են ունենում մեծ թվով այցելուների հետ, թեեւ ոչ մասնավոր սեկտորում”,-ասաց “Օրանժ Արմենիա”-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
“”Քաունթերփարթ”-ի եւ “Orange Արմենիա”-ի միջեւ այս համագործակցությունը բնակիչների սպասարկման կարողությունների բարձրացմանն ուղղված պիլոտային նախաձեռնության շարունակությունն է Գեղարքունիքի, Կոտայքի եւ Լոռու մարզերում գտնվող գործընկեր համայնքների համայնքային ծառայողների համար: Հիմնվելով հաջողված փորձի վրա՝ ներկայումս մենք էլ ավելի ենք բարելավել տեղական ինքնակառավարման մարմիններին ցուցաբերվող աջակցությունը: Սա, ըստ էության, մասնավոր հատվածի հետ գործընկերության ուղղությամբ “Քաունթերփարթ”-ի գործադրած ջանքերի առաջին արդյունքն է, եւ մենք համոզված ենք, որ ապագայում ՏԻՄ-երը կշարունակեն համագործակցությունը մասնավոր հատվածի գործընկերների հետ”,-ասաց “Քաունթերփարթ ինթերնեշնլ”-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարել Հոֆստրան:
Դասընթացների ավարտին անցկացված գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցները գոհ են մնացել դասընթացավարների ու մեթոդիկայի որակից՝ համարելով, որ ընտրված թեմաներն իսկապես անհրաժեշտ են իրենց աշխատանքում: