ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՈՒՆԵՑԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը պատվով հաղթահարելու մասին Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի սկանդալային հայտարարությունից  երեք տարի անց՝ երեկ, նույնպիսի հայտարարությամբ հանդես եկավ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Սակայն, ինչպես եւ երեք տարի առաջ, այնպես էլ այսօր Հայաստանի` տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մասին հայտարարություններն իրականությունից հեռու են: Համենայնդեպս, շարքային հայաստանցու համար դա տեսանելի չէ: Հենրի Քերալին որպես իր ասածի հիմնավորում երեկ ներկայացրեց մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, որը, ըստ Համաշխարհային բանկի ներկայացրած տվյալների, 2008-ին կազմող 3400 ԱՄՆ դոլարից դարձել է 3700 ԱՄՆ դոլար: Անկեղծ ասած` լավ չպատկերացնելով Համաշխարհային բանկի եւ տարբեր ֆինանսատնտեսական կառույցների հաշվարկների խրթին մեթոդաբանությունը, որի հետեւում այնքան սիրում են թաքնվել իշխանական ֆինանսիստները, մեզ համար առնվազն տարակուսելի է, թե ինչպես է հաշվարկվել, որ ՀՀ քաղաքացիների մեկ շնչին բաժին է ընկնում 3700 ԱՄՆ դոլարի եկամուտ, ասել է թե` ամսական  308 ԱՄՆ դոլար կամ  125 հազար դրամ: Արդյոք այսօր հայաստանյան միջին վիճակագրական ընտանիքում առկա է նման եկամուտ: Ընդգծենք, որ խոսքը ոչ միայն կոնկրետ ընտանիքը կերակրողի աշխատավարձի, այլեւ այդ ընտանիքի բոլոր անդամների ամսական եկամտի մասին է: Ասել է թե` եթե ընտանիքը բաղկացած է, օրինակ, 5 հոգուց՝ ծնողներից եւ նրանց երեք երեխաներից, ապա ընտանիքի կերակրողը, որն առավել հաճախ մեկ հոգի  է, պետք է վաստակի ամսական 1540 ԱՄՆ դոլար կամ շուրջ 630 հազար դրամ: Բնականաբար, նման աշխատավարձ Հայաստանում ստանում են, մեղմ ասած, քչերը:  Բայց, իհարկե, այս ամենը շատ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ՀԲ պաշտոնյան հնչեցներ ճգնաժամը հաղթահարելու մասին հայտարարությունը եւ ասեր. «Համաշխարհային բանկի տեսանկյունից՝ ՀՀ-ն միջին եկամուտ ունեցող երկիր է՝ ո՛չ աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում է, ո՛չ էլ ամենահարուստ երկրների»: Մինչդեռ մենք միամտաբար կարծում էինք, որ պաշտոնական տվյալներով 35 տոկոս աղքատություն ունեցող երկիրը, որտեղ նվազագույն աշխատավարձը զգալիորեն զիջում է սպառողական նվազագույն զամբյուղի համար սահմանված գումարին, եթե ոչ աղքատ, ապա առնվազն ցածր եկամուտ ունեցող երկիր է: Բայց քանի որ Համաշխարհային բանկում որոշել են, որ մենք միջին եկամուտ ունեցող երկիր ենք, ուրեմն այդպես է պետք: Եվ հոգ չէ, որ հենց ինքը` ՀԲ ներկայացուցիչն է ընդունում, որ ՀՀ-ում երեքից մեկն ապրում է աղքատության գծից ներքեւ:




Լրահոս