Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ից Գոռավան համայնքում շահագործման կհանձնվի վերակառուցված ոռոգման ներտնտեսային ցանցը:
Դեռ խորհրդային տարիներին Գոռավան համայնքի վերնամասում գտնվող տնամերձ հողերի ոռոգման նպատակով կառուցվել էր ոռոգման ներտնտեսային ցանց, որի շահագործումը, սակայն, բազմաթիվ խնդիրների պատճառ էր դարձել:
Ջրագծի մի մասը կառուցված էր 600 մմ-անոց կիսախողովակներով, մյուս մասը՝ 400 մմ-անոց: Բացի այդ առկա էին կառուցապատման լուրջ խախտումներ, ինչպիսին, օրինակ, տեղանքի համար անհամապատասխան թեքությունը և այլն: Արդյունքում՝ ջրատարի գործարկման հետևանքով ոռոգման ջուրն ուղղակի լցվում էր հարակից տները:

Գոռավան համայնքի շուրջ 2900 բնակիչներ խնդիրը բարձրաձայնել էին՝ դիմելով «Վեդի» ՋՕ:
Խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ խողովակաշարի պատշաճ գործարկումն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել առկա շինարարական խախտումները, ինչպես նաև՝ 400 մմ-անոց խողովակաշարի շուրջ 200 գծ.մ. հատվածը փոխարինել 600 մմ-անոց խողովակաշարով:

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աջակցությամբ այսօր արդեն խնդիրը լուծվել է. անհրաժեշտ 200 գծ.մ.-ի փոխարեն 600 մմ-անոց երկաթբետոնյա կիսախողովակներով փոխարինվել է շուրջ 265 գծ.մ. հատված, ինչը թույլ կտա ոռոգման աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով:
Կատարված աշխատանքի արդյունքում Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն




Լրահոս