ArmLur.am-ը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանից տեղեկացավ, որ այս պահին աղավնաձորցիները բողոքի ցույց են անում գյուղի կենտրոնական հատվածում:
Գյուղապետը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղացիների զայրույթի պատճառը խաղողի գումարները չվճարելն է: Արդեն երկար տարիներ գյուղացիներն իրենց խաղողը մթերում են «Վեդի ալկո» ընկերությանը: Ընկերությունը չի կարողանում գյուղացիների գումարները վճարել:
«Սա երկար տարիների խնդիր է, առաջին տարին չի, որ նման խնդրի առաջ ենք կանգնում: Ուղղակի գումարներն այսքան դեռևս չէին ուշացել: Խոսքը 145 միլիոն դրամի մասին է գնում, որն ընկերությունը չի կարողանում վճարել»,- ասաց նա:
Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունը շատ մեծ խնդիրներ ունի, և այնքան էլ մեղավոր չէ: Անցած տարի էլ այդ խնդիրը եղել է, բայց դարձյալ խաղողը հանձնել են նույն ընկերությանը:
«Բոլոր բարձր ատյաններին, մարզպետներին դիմել ենք, բոլորն էլ տեղյակ են, բայց դեռևս արձագանք չկա: Գյուղը ոչ միայն խաղողի գումարների, այլև ընդհանուր մեծ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած»,-հավելեց գյուղապետը: