ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՆԻՍՏ
Չի բացառվում, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերը կրկին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեն` ««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» իրենց օրինագիծը քննարկելու կապակցությամբ: Միաժամանակ չի բացառվում, որ այդ նախագիծը նաեւ շրջանառության մեջ դրվի սովորական ընթացակարգով` ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Սակայն նա նաեւ նշեց, որ իրենց քայլերը կախված կլինեն այդ օրենքի դեմ ընդվզող նախաձեռնությունների ներկայացուցիչներից. «Եթե այդ նախաձեռնության անդամները մեզ դիմեն ու ասեն, որ հարկավոր է կրկին արտահերթ հրավիրել, մենք կքննարկենք ու այդ քայլը կանենք»: Մինչ այդ տեղեկացնենք, որ կուտակային կենսաթոշակների պարտադիր կիրառմանը դեմ արտահայտվող այդ նախաձեռնության անդամները մտադիր են դիմել նաեւ ՀՀ ՍԴ՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ որոշում է ստորագրել Արման Թաթոյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Սակայն վարչապետի այս նշանակումը երեկվա դրությամբ գաղտնի էր պահվում. այդ մասին ո՛չ կառավարության պաշտոնական կայքում, ո՛չ էլ լրատվամիջոցներին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Ա. Թաթոյանը մինչ այդ աշխատել է ՍԴ խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու է, իսկ 2011թ. ԵԽ նախարարների կոմիտեի նիստում 4 տարի ժամկետով ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչ` խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԷԿՐԱՆ
Հոկտեմբերին ՀՀ նախագահի նստավայրը ՀՀ պետական բյուջեից 2 մլն դրամ է տրամադրել «Արմենիա» հեռուստաընկերությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այդ գումարով նախագահականը պարզապես վարձակալել է 1.48X0.69 մ չափսերի 2 հատ «լեդ էկրան»: Փաստորեն, նախագահականում նույնիսկ էկրանի խնդիր կա:

ՍՏԻՊՎԱԾ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ
Դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Ձիթհանքով եւ Ջաջուռավան համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Ջաջուռավանի ղեկավարի համար այս պահի դրությամբ առաջադրվել է երկու անձ՝ գործող ՀՀԿ-ական համայնքապետ Աշոտ Գրեյանը եւ անկուսակցական Զոհրաբ Անտոնյանը: Ձիթհանքովի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները նույնպես երկուսն են՝ գործող ՀՅԴ-ական համայնքապետ Հովիկ Պողոսյանը եւ համայնքի հաշվապահ Ռաֆիկ Բեյբությանը, որն արդեն ինքնաբացարկ է հայտնել: «Չորս տարի է՝ գյուղապետ եմ: Ի՞նչ անեմ, պետք է ես շարունակեմ, որովհետեւ այլ ցանկացող չկա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հովիկ Պողոսյանը:




Լրահոս