ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԻՏԻ, ԷԼԻ՛
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը Ռուսաստանի Անապա քաղաքում անձնական նախաձեռնությամբ ու միջոցներով շքեղ ռեստորանային համալիր է կառուցում: Երբ զրուցեցինք պատգամավորի հետ, նա,  բնականաբար, հերքեց մեր տեղեկությունը, ավելին, հայտարարեց, թե այս ամենից պատվերի հոտ է առնում: «Նման բան չկա, ես գիտեմ՝ սա իմ դեմ պատվեր է հենց Արթիկից»,-ասաց նա՝ շեշտելով պատվերի աշխարհագրական դիրքը: Հարցին, թե ով պետք է իր դեմ պատվերներ տա՝ նման լուրեր տարածելով, պատգամավորը չհամարձակվեց նշել. «Դե Արթիկից, էլի՛»:

ԼՔՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր` Գեւորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց-կամաց լքում է Հայաստանը: Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Ղուկասյանը Սլավոդկա թաղամասում՝ առաջին վարժարանի մոտ գտնվող իր ավտոտնակից, գորգեր է վաճառում: Գյումրեցիներից շատերը 60.000 ՀՀ դրամով Ղուկասյանից գորգեր են գնել: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետի եղբոր ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը:  Վերջինիս հարսն ու տղան արդեն գնացել են երկրից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգ Ղուկասյանը, իհարկե, հերքեց տեղեկությունը. «Եթե նման բան լիներ, կասեի, թե գորգ է՝ վաճառում եմ, բայց նման բան չկա: Ես նշված փողոցում ապրում եմ, այո՛, այնտեղ էլ ավտոտնակ ունեմ, բայց գորգ չեմ վաճառում»: Իսկ ինչ վերաբերում է երկիրը լքելուն, Ղուկասյանն ասաց. «Իմ որդին բիզնեսմեն է, գնում-գալիս է, իսկ ես իմ երկիրը չեմ պատրաստվում լքել»:

ՉԵՆ ԼՌԵԼՈՒ
2013թ. մայիսի 7-ին Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում դաժանաբար սպանված մատուցողուհի Մարիամ Հունանյանի գործը մտել է դատարան: Այն կքննվի Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Թամրազյանին այն հիմքով, որ նա, վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած Մարիամ Հունանյանից, գնացել է նրա տուն, իբր անակնկալ նվերը հանձնելու պատրվակով խնդրել փակել աչքերը, որից հետո իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամի կոկորդը: Իսկ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է բնակարանը: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Դավիթի ընտանիքի անդամները չեն հավատում մեղադրանքի լրջությանը ու չեն պատրաստվում լռել: Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքի վայրից հայտնաբերված դանակը 4 անգամ տարվել է փորձաքննության, եւ պարզվել է, որ դա այն նույն դանակը չէ, որով սպանվել է Մարիամը Դավիթի ձեռքով: Դրա համար էլ Դավիթը մինչ օրս իր մեղքը չի ընդունել: Նախաքննական մարմինը Դավիթին մեղադրել է սպանվածի ընկերուհի Միլենայի ցուցմունքով: Վերջինս գրել է, որ վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Դավիթը հրաժարվել է ամուսնանալ Մարիամի հետ:




Լրահոս