ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՉՆԵՐԵՑԻՆ ԷՊՈՍԱԳԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր ամուսնուն դատապարտելու որոշումը, ասաց, որ դա քաղաքական պատվեր էր՝ ուղղորդված Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ին, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Փետրվարի 7-ին մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, իսկ ավելի ուշ կալանավորվեց նաեւ Սեդրակյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շուրջ 9 ամիս քննելով մահափորձի այս գործը, սեպտեմբերի 23-ին որոշեց Վ. Սեդրակյանին դատապարտել 14, նրա տունը վերանորոգող վարպետներ Խ. Պողոսյանին՝ 14, Ս. Հարությունյանին` 12 տարվա ազատազրկման:
Նշենք, որ դատապարտյալների հարազատները սույն որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարանում: Առաջին դատական նիստը կկայանա վաղը: «Ժողովուրդ»-ը փորձեց էպոսագետի կնոջից` Ռուզաննա Սեդրակյանից, պարզել, թե ինչ ակնկալիքներ ունի վերաքննիչ դատարանից եւ, առհասարակ, ինչու այսքան դաժան վարվեցին իր ամուսնու հետ:
-Տիկի՛ն Սեդրակյան, ինչո՞ւ Ձեր ամուսինը որոշեց մտնել քաղաքականություն:
-Երկրում արդարություն հաստատելու համար: Ինքս արդեն շատ եմ հետաքրքրվել քաղաքականությամբ, շատ լավ տեսնում եմ, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում: Այնտեղ ոչ մի պատահական մարդ չի հայտնվում: Ինքը ինձ չլսեց, ես իրեն էլ էի ասում՝ Վարդա՛ն, դա քեզ պետք չէ, սակայն այդպես որոշեց ու այդպես էլ արեց: Ինձնից ոչինչ կախված չէր:
-Բայց արդարության փոխարեն հակառակը տեղի ունեցավ: Քաղաքականություն  մտնելով՝ Ձեր ամուսինը հայտնվեց ճաղերի հետեւում:
-Այո՛, դա այդպես է, մեզ ավելի լավ կլիներ, որ ինքը չմտներ քաղաքականություն, քանի որ ամեն ինչ շատ ավելի վատ եղավ: Հիմա ավելի վատ է ու կարող էր էլ ավելի վատ լինել, քանի որ չեմ կարծում, որ նախագահի կյանքն ավելի լավ է: Զարմանում եմ, թե ոնց կարող են ցանկանալ նախագահ դառնալ, ի՞նչ լավ բան կա դրա մեջ:
-Նշեցիք, որ ամեն ինչ ավելի վատացավ: Ըստ Ձեզ՝ ո՞վ էր ընկել Ձեր ամուսնու հետեւից:
-Ես մինչեւ դատարանի կողմից վճիռ կայացնելը մտածում էի, թե սա թյուրիմացություն է, որ իմ ամուսինը կապ չունի, եւ դա այդպես էլ կա: Բայց երբ կարդացին վճիռը, շատ անսպասելի էր: Հասկացա, որ սա լուրջ քաղաքական հետապնդում էր իշխանությունների կողմից: Դե ասե՛ք՝ ո՞վ կարող է այդքան դաժան պատիժ սահմանել, եթե ոչ իշխանությունները:
-Իշխանություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք: Այն լայն հասկացություն է:
-Ինձ թվում է՝ բոլորդ էլ, իշխանություններ ասելով, հասկանում եք Հանրապետական կուսակցությանը: Ես չեմ կարծում՝ մեկը կլինի այսօր, ում ասեք իշխանություն, ինքը հասկանա մեկ այլ կուսակցություն: Պա՞րզ չէ, որ սա իշխանությունների ձեռագիրն է, ու ես կասկածներ չունեմ:
-Ինչի՞ համար մեկուսացրին Ձեր ամուսնուն եւ ո՞ւմ հրահանգով:
-Չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ, ոնց մտածում եմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչի համար:
-Կարծիքներ կան, որ Ձեր ամուսնու գլխավոր մեղքը ոչ թե Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելն էր, այլ այն հանդգնությունը, որ առանց համապատասխան «ճշտումների» մտել էր կամ, ավելի ճիշտ, փորձում էր մտնել քաղաքական դաշտ:
-Գուցե այդպես էլ կա, չգիտեմ: Եթե այդ աստիճանի ամբիցիոզ են մեր իշխանությունները, ի՞նչ ասեմ:
-Տեղեկություններ կան, որ Ձեր ընտանիքի անդամներին հնարավորինս պարզ ձեւով հասկացրել են, որ չէր կարող մարդն ապրել, մեղմ ասած, չարքաշ կյանքով, հետո օրերից մի օր դառնալ մի քանի շքեղ ավտոմեքենայի տեր, ապա ո՛չ ավել, ո՛չ պակաս հավակներ ՀՀ նախագահի աթոռին:
-Գիտե՞ք, մենք այդպիսի հնարավորություններ չունենք, ինչպես ներկայացնում են: ՀՀ-ում  մեզանից շատ ավելի լավ պայմաններում ապրող մարդիկ կան, սակայն այդ մասին չեն խոսում: Վերջին տարիներին ինքն աշխատում էր «Միտք» վերլուծական կենտրոնում եւ բավականին մեծ գումար էր ստանում, թե ինչքան, հիմա կոնկրետ չգիտեմ:
-Մի՞թե այնքան էր վաստակում, որ կարող էր իրեն թույլ տալ «Ռենջ ռովեր» մակնիշի թանկարժեք մեքենա վարել:
-Եթե իր աշխատանքն այնտեղ բարձր էր գնահատվում, ինչո՞ւ ոչ:
-Մինչ Ձեր ամուսնուն ձերբակալելը նա հայտարարեց, որ իրեն «բռնելու» են: Որտեղի՞ց գիտեր, ո՞վ էր ասել նրան այդ մասին եւ ինչո՞ւ «բռնեցին»:
-Երբ այդ տղաներին ցույց տվեցին, ես զարմացա ու անգամ վախեցա, քանի որ ճանաչում էի նրանց: Սկսեցի մտածել, թե ինչ կապ ունեն նրանք այս պատմության հետ, ու ով կմտածեր, թե այս վերջաբանը կլիներ, կբերեին, կկապեին ամուսնուս հետ: Երեւի այս ամենից հետո էլ Վարդանը մտածեց, որ սա կապվում է իր հետ:
-Մինչ մահափորձը դուք որեւէ կապ ունեցե՞լ եք Պարույր Հայրիկյանի հետ կամ, առհասարակ, որեւէ հարցով դիմե՞լ եք նրան:
-Ոչ մի: Հայրիկյանին ես առաջին անգամ տեսել եմ դատարանում, դա կարող եք նրանից էլ պարզել:
-Հայրիկյանը հայտարարեց, որ Վարդան Սեդրակյանը կատարել է Ռուսաստանի պատվերը:
-Ռուսաստանը եթե ցանկանար վնասել Հայրիկյանին, չեմ կարծում, որ պետք է այդ վարպետներին օգտագործեր եւ նման խղճուկ բան պատրաստեր: Նման բան չկա:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք ՀՀ վերաքննիչ դատարանից:
-Ոչ մի սպասելիք չունենք, որ արդարություն կհաստատվի, սակայն մարդու իրավունքների եվրոպական դատարանից ունենք ակնկալիքներ: Ցավալի է, որ Հայաստանում այդպիսի իրավիճակ է ձեւավորվել, եւ մենք ստիպված ենք լինում սպառել ներհայաստանյան դատական բոլոր ատյանները, որպեսզի դիմենք եվրոպական դատարան:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս