Ամռան ավարտի մոտենալուն պես կրկին ակտիվանում են Արցախի հարցի կարգավորման շուրջ խոսակցությունները: Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցին հաջորդեց հարաբերական դադարի շրջափուլը, որը մեկնարկեց տարածքային զիջումներ չանելու մասին աղոտ տեղեկություններով: Սակայն Պուտինի դիմաց Սարգսյանը խոսել էր պայմանավորվածությունների կատարման հարցում Հայաստանի «պատրաստակամության» մասին, ինչը, եղած տեղեկատվության համատեքստում, այնքան էլ դրական հետեւանքներ չի խոստանում: Հարկ է, սակայն, այս ամենի առնչությամբ առաջնահերթորեն դիտարկել ԼՂ-ի իշխանությունների կեցվածքի հիմնահարցը:
Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ հարաբերությունները 1990-ական թթ. սկզբին բավականին լարված էին՝ պայմանավորված առաջին հերթին ԼՂ-ում ՀՀՇ-ՀՅԴ դիմակայությամբ: Աստիճանաբար ՀՀՇ-ի տեղական ցանցը, ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանը բնորոշում էր Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված արցախցիներին, կարողացավ ԼՂ-ում իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում:
Ռազմական գործողությունների հաջողությանը նպաստած այդ կարեւորագույն գործոնը, սակայն, ինչպես հայտնի է, խիստ բացասաբար ազդեց Հայաստանի քաղաքական կյանքի զարգացման վրա՝ հանձին ԼՂ-ի իշխանական ընտրանու՝ հայաստանյան վերնախավի փոխակերպման արարների: Կարելի է ասել, մինչեւ Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ դառնալը, Արցախի քաղաքական ղեկավարությունը ՀՀ իշխանությունների հետ համագործակցողի կարգավիճակ ուներ, որին որոշումներ պարտադրելը հարաբերականորեն բարդ գործ էր:
Իսկ արդեն 1998թ. պալատական հեղաշրջման շրջանում Արցախի իշխանություններն առյուծ էին կտրել, եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը համարձակվում էր հրապարակայնորեն ՀՀ նախագահի հասցեին նախատինքի խոսքեր հնչեցնել հակամարտության կարգավորման լուծման ընտրված տարբերակների առթիվ:
Անշուշտ, Ա․Ղուկասյանի՝ այն ժամանակվա «հերոսացումները» պայմանավորված էին բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարության ներսում «հայտնի ուժերի» ոչ այնքան ծածուկ աջակցությամբ: Բայց եւ այնպես, բավական էր Հայաստանում Քոչարյանը դառնար նախագահ, որ Արցախը ոչ միայն դուրս մղվեր բանակցային գործընթացից, այլեւ նրա քաղաքական ղեկավարությունն ու վերջինիս կեցվածքը վերածվեին հակամարտության լուծման վրա ազդեցություն ունեցած անհամարժեք գործոնի:
1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ Քոչարյանը դարձավ ներքին ու արտաքին քաղաքականությունը որոշող «միակ տղամարդը», Արցախի իշխանությունները հոգեկան հանգստություն ձեռք բերեցին: Այլեւս Արցախի հարցը մեկ մարդու մտահոգության առարկան դարձավ՝ վերածվելով ներքաղաքական շահարկման «եւ արտաքին լեգիտիմության հաջող գործոնի»: Տարիների հեռվից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արցախի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հաշտվեցին արտաքին ուժային կենտրոնների հետ անմիջականորեն հարաբերվելու ծանր բեռից ազատվելու փաստին:
Նրանց համար նախըտրելի էր հարցը քննարկել համերկրացի Քոչարյանի հետ, քան ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ հատկապես Ադրբեջանի դիվանագետների հետ՝ առանց գիտակցելու, որ հենց նրանց հետ ուղղակի բանակցություններն են հակամարտության իրական լուծման բանալին, այլ ոչ թե այն, ինչ Քոչարյանն էր իրենց փոխանցում: Աստիճանաբար ԼՂ-ի իշխանությունները ընտելացան այդ կացութաձեւին: Բնականաբար, 18 տարին հսկայական ժամանակ է, որպեսզի քաղաքական իրողությունները ավանդույթի վերածվեն եւ ԼՂ-ի վերնախավի պասիվ կեցվածքը հենց այդպիսի տխուր զարգացման արդյունք դարձավ:
Հետաքրքիր է, որ ԼՂ-ի ղեկավարության՝ վճռորոշ գործոն չլինելը չափազանց լավ պատկերացնում էին նաեւ միջազգային խաղացողները, ինչպիսի փաստական վկայություն է 2006թ. փետրվարին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի հեղինակած զեկուցագիրը: Ամերիկացի դիվանագետը ԼՂ-ի ղեկավարության մեկնաբանությունները համարում էր «Երեւանում կայացված որոշման վրա որեւէ ազդեցություն չունեցող, լոկ հակամարտության լուծումը ձգձգող մասնակի պատրվակ»:
Նույնօրինակ ավանդույթները շարունակվեցին նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: Այս անգամ, սակայն, նույնիսկ ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը, որը դարձավ հակամատրության կարգավորման փաստաթղթային ծրարում առաջին փաստաթուղթը, որի ներքո բացակայում է ԼՂ ներկայացուցչի ստորագրությունը: Սա անմիջական հետեւանքն էր 2008թ. նախագահական ընտրությունների խայտառակության, որ պիտի իր առարկայական տեսքը ստանար ԼՂ-ն նաեւ իրավաբանորեն բանակցություններից դուրս թողնելու գործողությամբ:
Եվ ԼՂ-ի ղեկավարության՝ նույնիսկ ակամա ներգրավվումը Մարտի 1-ին անխուսափելիորեն նման մի աղետի պիտի հանգեցներ: Սակայն արցախյան ղեկավարության ամորֆ կեցվածքի ամենահուժկու դրսեւորումը եղավ ապրիլյան պատերազմի վերջին օրը, երբ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԳՇ պետերի պայմանավորվածությամբ Արցախում ռազմական գործողությունները վայրկենապես դադարեցվեցին՝ առանց հաշվի առնելու ԼՂ-ի ղեկավարության կարծիքը:
Փաստացիորեն արձանագրվեց, որ քաղաքական ենթարկվածությունն այլեւս վերաճել է ռազմական հպատակության, երբ սեփական Սահմանադրության մեջ անքակտելի համարվող տարածքներից 800 հա կորցրած ԼՂ իշխանությունները Երեւանի հրամանով դադարեցնում են հակահարձակումը: Եվ խնդիրն այստեղ ո՛չ այդ հողերի ամայի լինելն է, ո՛չ էլ անիմաստ զոհեր չտալու մղումը: Փաստ է, որ ռազմական հակահարձակումը կասեցվել է քաղաքական որոշմամբ՝ ՀՀ իշխանությունների հրահանգով:
Այսօր բանակցային գերակտիվ գործընթացի համատեքստում ԼՂ իշխանությունները կրկին լռում են: Արցախի ԱԳ նախարարը հայտարարում է, որ հողեր տալու մասին խոսկացություններն անիմաստ են, իսկ ԼՂ նախագահի մամուլի խոսնակը թեման ընդհանրապես անլուրջ է համարում: Սա այն դեպքում, երբ ողջ աշխարհն է խոսում հակամարտության շրջանակային համաձայնագրով առաջնահերթորեն առնվազն 5 շրջան վերադարձնելու մասին:
Ռոբերտ Քոչարյանը դեռ 2006թ. Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում ասում էր, որ բացի Լաչինի նեղ միջանցքից՝ մեզ մնացած հողերը պետք չեն, իսկ 2011թ. Կազանում Սերժ Սարգսյանն իր իսկ խոստովանությամբ պատրաստ էր զիջել 5 շրջան: Այսպիսի հրապարակային ինքնախոստովանական մերկացումներից հետո ինչպե՞ս է վայել ԼՂ ղեկավարությանը լռություն պահպանել: Ի վերջո, ե՞րբ պիտի ԼՂ-ի իշխանությունները պաշտոնապես եւ հստակորեն պատասխանեն, թե ինչպես են վերաբերվում առնվազն 5 շրջանների վերադարձին:
Ն. Հովսեփյան