ԿԴԻՄԵՆ
Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները մոտ օրերս դիմելու են դատարան: Հիշեցնենք, որ այդ շենքերի բնակիչները գրեթե վեց ամիս է, ինչ բողոքում էին, քանի որ իրենց առանց այն էլ փոքր բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: «Հիմա չենք կարող դիմել դատարան, քանի որ իրավական դաշտ ենք մտել, եւ կա «Վարչարարության մասին» օրենք, ժամկետներ, որոնք բաց են թողնվել: Եվ ըստ այդ օրենքի՝ դիմել ենք Երեւանի քաղաքապետարան՝ վերականգնելու մեր բաց թողնած ժամկետները, որից հետո կդիմենք դատարան: Բայց քաղաքապետարան ներկայացրած մեր բողոքը նույն հայցադիմումի բովանդակությունն է՝ անվավեր ճանաչել շինթույլտվությունը»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը: Ըստ իրավաբանի՝ Երեւանի քաղաքապետարանի պատասխանը նոյեմբերի 24-ին պատրաստ կլինի. «Գուցե դրանից երկու-երեք օր հետո գործն արդեն դատարանում կլինի»: Այսօրվա դրությամբ բնակիչները բողոքներ ներկայացրել են ոչ միայն շինթույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով, այլեւ ապօրինի գործողությունները կասեցնելու: Իսկ մինչ այդ շինարարությունը լայն թափով շարունակվում է:
ԿԳՈՐԾԻ ՆԱԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Այսուհետ «Սիվիլիթաս» հիմնադրամն իր գործունեությունը կծավալի նաեւ Ստամբուլում: Թուրքիայի մայրաքաղաքում հիմնադրամի ներկայությունը թույլ կտա, որ դրա առցանց հեռուստաալիքը՝ «ՍիվիլՆեթ»-ը, ավելի խորությամբ լուսաբանի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ հայ համայնքին, մշակութային կյանքին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ պաշտոնական եւ միջազգային շրջանակներին առնչվող թեմաները: «Սիվիլիթաս»-ի աշխատանքները Ստամբուլում կիրականացնեն հիմնադրամի երեւանյան գրասենյակի աշխատակիցները:
ՄԵԿՆԵՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Նոյեմբերի 19-ին հունական կողմի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Ս. Օհանյանի հանդիպումները Հունաստանի պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի եւ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ: