«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից նախօրեին հրապարակած տեղեկագրերից մեկում առկա տվյալներից մեկը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան ողբերգության գույժ: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածությունը` համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, 2015 թվականի արդյունքներով կազմել է 91,6 տոկոս: Այլ կերպ ասած՝ Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաներից 8,4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին դպրոցահասակ երեխաների 99 տոկոսը հաճախել է տարրական դասարաններ: Բայց հաջորդած տարիներին դպրոց չհաճախող երեխաների թիվը գնալով աճել է եւ այժմ այն հասել է Հայաստանի համար աննախադեպ բարձր ցուցանիշի:
Ընթացիկ` 2016 թվականի տվյալները կամփոփվեն գալիք տարվա այս օրերին, բայց ակնհայտ է, որ իրավիճակը էապես բարելավված չի լինի, քանի որ Հայաստանի հանրային կյանքում ներկայումս տեղի ունեցող գործընթացները ոչ մի լավ բան չեն խոստանում: Հայաստանի բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է, այս անկման վերջը դեռեւս չի նշմարվում, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են ջայլամի պես գլուխները ավազի մեջ մտցրած ձեւացնել, թե շուրջբոլորը տեղի ունեցող գործընթացները չեն նկատում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: