«7-Ի ԳՈՐԾԸ»` ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԶԵԿՈՒՑԱԳՐԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի շնորհիվ հասարակության ուշադրությանն արժանացած ԱՄՆ գաղտնի նամակագրության շրջանակներում իրենց տեղն են զբաղեցնում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Մարի Յովանովիչի զեկուցագրերը` կապված Հայաստանի քաղաքական իրավիճակի հետ: Նման փաստաթղթերից մեկը պատմում է աղմկահարույց «7-ի գործի» շուրջ ԱՄՆ դեսպանատան վերաբերմունքի մասին: Ամերիկացիների տպավորությամբ՝ «Թեպետ ընդդիմությանը ձեռնտու է շոուի սցենարը, բայց վերջինիս սանձազերծողը հենց իշխանություններն են, ովքեր, սակայն, դժվար թե որեւէ օգուտ ունենան դրա արդյունքում: Մենք շարունակելու ենք պահանջել իշխանություններից վստահելի, բաց եւ թափանցիկ դատաքննություն անցկացնել, ինչը կարող է վերականգնել հայկական արդարադատության համակարգի հեղինակությունը, որը զգալիորեն խաթարվել է մարտի 1-ից հետո»:
ԱՄՆ պետդեպին հասցեագրած փաստաթղթում Մ. Յովանովիչը պատմում է, որ միջազգային ճնշումների ներքո սկսված «7-ի գործով» մեղադրվողները նախկին նախագահ եւ տվյալ պահին ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարկառուն կողմնակիցներն են: Վերջիններիս ուղղված հիմնական մեղադրանքը պետական իշխանության բռնազավթման փորձն է եւ անկարգություններ հրահրելը: «7-ի գործով» անցնող քաղաքական գործիչներից դեսպանը հատուկ առանձնացրել է Տեր-Պետրոսյանի՝ 2008թ. նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին եւ ընդդիմադիր 3 «ազդեցիկ» պատգամավորներին, «ովքեր զրկվել էին պատգամավորական անձեռնմխելիությունից Քոչարյանի կողմից հաստատված արտակարգ դրության օրերին»: Յովանովիչի մատուցմամբ՝ «դատաքննության արդեն երկրորդ նիստին իշխանությունները դահլիճի նստատեղերի մեծ մասում տեղավորել էին քաղաքացիական հագուստով ոստիկաններին, ովքեր այդ կերպ փորձում էին դահլիճից հեռացնել տուժողների եւ մեղադրվողների՝ դատաքննությանը ներկա գտնվել ցանկացող հարազատներին»: Ամերիկացի դիվանագետը սկսված դատական նիստերը որակում է «քաոսային, որոնց ընթացքում միմյանց հետ հերթական անգամ բախման մեջ մտան ոստիկաններն ու քաղաքացիները»: Մ. Յովանովիչը հատուկ արձանագրում է դատական նիստից Գրիգոր Ոսկերչյանի բացակայությունը եւ հայտնում իր զարմանքը, որ «վերջինս բանտում ծեծի էր ենթարկվել, ինչը նպատակային անուշադրության է մատնվել դատավորի կողմից»:
Նախկին դեսպանը նույն փաստաթղթի շրջանակներում ներկայացնում է նաեւ ընդդիմության երկու ներկայացուցիչների՝ Դավիթ Շահնազարյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ հանդիպման մանրամասները: Վերջիններս դեսպանին հայտնել են ՀԱԿ-ի մտահոգությունը քաղբանտարկյալներին ծեծի ենթարկելու կապակցությամբ՝ նման պրակտիկան համարելով աննախադեպ: Հանդիպման ավարտին ընդդիմության ներկայացուցիչները խնդրել են Յովանովիչին «մեսիջ ուղարկել իշխանություններին, որ նման գործողություններն այլեւս անընդունելի են»: Դեսպանը մեկնաբանությունների բաժնում հավելում է, որ հանդիպումից հետո ինքն անմիջապես կապվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հետ եւ փոխանցել իր մտահոգությունները, ապա հանդիպման նախապատրաստություններ տեսել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:
Ամերիկացի դիվանագետի մոտ զարմանք է առաջացրել նաեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթական որոշումը` լրագրողներին հեռացնել դատարանի նիստերի դահլիճից եւ տեղավորել լիովին առանձնացված սենյակում՝ ստիպելով հեռուստացույցի միջոցով հետեւել նիստի ընթացքին: Նախկին դեսպանը հատուկ շեշտում է, որ առաջին դատական նիստին լրագրողներն ազատ մուտք են ունեցել նիստերի դահլիճ եւ հնարավորություն ստացել լուսաբանել դատապրոցեսը: Յովանովիչն ակնարկում է, որ իշխանություններն անհանգստացել էին «7-ի գործի» աղմուկից, ուստիեւ նման մեթոդներով փորձել զերծ պահել դատաքննությունն անմիջական լուսաբանումից: Արդեն «հաջորդ նիստում դատավորը փոխել էր իր վերաբերմունքը եւ հեռացրել լրագրողներին»:
Դեսպան Յովանովիչի ուշադրությունն է գրավել նաեւ դատապաշտպանների` դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, ըստ որի` վերջինս նախ՝ կանխակալ է եղել մարտի 1-ի հետ առնչություն ունեցող նախորդ մի քանի գործերում, ապա՝ 12.000 էջ կազմող քրեական նյութերին ծանոթանալու համար դատավորին տրված է եղել ընդամենը 9 օր, ինչը, մեղմ ասած, նորմալ չէ:
Արձանագրելով, որ դատավորն այդպես էլ ինքնաբացարկի չդիմեց, դեսպանը պատմում է նաեւ տուժողների մասին, ովքեր «գլխավորապես մեղադրվողների կողքին են, այդ թվում՝ մարտի 1-ի զոհերի հարազատները, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը (մարտի 1-ին դանակահարված-հեղ.) եւ այլն»: Յովանովիչի՝ փաստաթղթի վերջում մեջբերած տարբեր գործիչների՝ իշխանությունների հանդեպ հնչեցրած քննադատությունից առանձնացնենք նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի տեսակետը. «Վախենում եմ՝ իշխանությունները պլանավորում են օգտագործել ցանկացած պատրվակ, հատկապես պաշտպանական կողմի զայրույթը՝ իրենց լիակատար վերահսկողության տակ առնելու համար դատական ողջ գործընթացը»: Ամփոփելով վերոշարադրյալը` նկատենք, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպանը «7-ի գործում» տեսնում է բացառապես քաղաքական դիտավորություն, ինչը, առաջին հերթին, հենց իշխանությունների խոցելիության առհավատչյան է: Ուստի հենց վերջիններս պետք է հասկանան, որ դատական համակարգը սեփական քմահաճույքներին ծառայեցնելը վնասում է ոչ միայն երկրին, այլեւ հենց իրենց:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս