25 ՏԱՐԻ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ Մուշեղ Սուքիասյանը 1988-ի երկրաշարժի ժամանակ կորցրել է իր բնակարանը ու մինչեւ օրս, ինչպես ինքը հավաստեց, վագոն-տնակում է ապրում: Քաղաքացին պատկան մարմիններից խնդրեց ուշադրության արժանացնել իր բնակարանային խնդիրը: Սուքիասյանի՝ «Ժողովուրդ»-ին ներկայացրած դիմումին արձագանքեց ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ նշելով, որ եթե նա բնակարանների բաշխման հերթացուցակում ընդգրկված չի եղել, ուրեմն համապատասխան պետական ծրագրից ակնկալիքներ ունենալ չի կարող:
«2-րդ կարգի հաշմանդամ եմ ու միայնակ թոշակառու: 1988թ. երկրաշարժից մինչ օրս ապրում եմ արդեն խարխլվող վագոն-տնակում: Տարիներ շարունակ Լոռու մարզպետարանի հերթացուցակով սպասել եմ ԲԳՎ ծրագրով իմ հերթին: Իմ արխիվում հավաքվել են մի բեռնատար զանազան իրարամերժ ձեւական պատասխաններ ՀՀ իրավասու բոլոր մարմիններից: Թեեւ մարզպետարանն ընդունում է, որ ես եղել եմ հերթացուցակում, սակայն այդ հերթացուցակը փոխվել է ՀՀ երկրորդ նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից: Դուրս մնալուս մասին ոչ մի տեղեկատվություն եւ որեւէ հիմնավորում: Փորձել եմ մի քանի անգամ խնդիրը լուծել ՀՀ օմբուդսմենի միջոցով, բայց ծիծաղելի պատասխանի եմ արժանացել. «Խնդիրը դատական է. իրավասու չենք օգնել»: Ես օգնության կարիք ունեմ. խնդրում եմ` պետական մարմիններն ուշադրության արժանացնեն իմ անօթեւան վիճակը»,-ներկայացրեց Մուշեղ Սուքիասյանը:
Լոռու մարզի բնակիչը նաեւ մեկ այլ մտահոգություն հայտնեց: «Ի՞նչ կարելի է մտածել. միգուցե անտեղյա՞կ եմ, որ կորցրել եմ նաեւ ՀՀ քաղաքացիությունը: Ի դեպ, այս խնդիրը եզակի չէ, կան նաեւ այս կարգավիճակում այլ բնակիչներ: Մարզային իշխանությունները ձեւական թղթարարությամբ վերացնում են աղետի գոտի հասկացությունը»,-նշեց նա:
ՀՀ քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ չեն բացառում՝ քաղաքացին գուցե իրոք ունի բնակարանի խնդիր, բայց նա 1988-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիներին պետական աջակցության ծրագրի շահառու չէ, քանի որ հերթացուցակներում նույնիսկ ընդգրկված չի եղել: Քաղաքացուն խորհուրդ տվեցին այլ ծրագրերի կամ գերատեսչությունների միջոցով փորձել բնակարանային իր խնդրին լուծում տալ կամ ցուցակում չընդգրկվելու՝ համայնքի ղեկավարի որոշման հետ համաձայն չլինելու պարագայում բողոքարկել դատական կարգով:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս