ՀԻՆ ՀԱՑՈՎ ԵՆ «ՅՈԼԱ ԳՆՈՒՄ»
Տավուշի մարզի բնակավայրերում պահանջարկ ունի նախորդ օրը թխված, բայց չվաճառված հացը: Այն հաջորդ օրը վաճառվում է ավելի էժան գնով եւ մատչելի է սոցիալապես անապահով ընտանիքների համար: Իջեւան քաղաքի հացի արտադրամասերում, որտեղ եւ կատարվում է հացի վաճառքը, մեզ հայտնեցին, որ տասնյակ մարդիկ կան, որոնք փող չունեն թարմ հաց գնելու համար: Իջեւանում հին հացը վաճառվում է 150 կամ 100 դրամով: Հացի արտադրամասերում լավ գիտեն հին հաց գնողների սոցիալապես անապահով վիճակը:
«Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, որ Իջեւանի բնակիչներից մեկը, որը 10 հատ հին հաց գնեց, բավական լավ էր հագնված: Հացի արտադրամասի վաճառողուհուն հարցրինք, թե լավ հագնված երիտասարդն ինչու է հին հաց գնում: Վաճառողուհին ասաց, որ այդ գնորդը, ի տարբերություն մյուսների, ոչ թե իր, այլ իր կովերի համար է գնում հին հացը: Սոցիալական վատ վիճակի պատճառով հին հաց գնողներ կան նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Փաստորեն, ապահով հռչակված Հայաստանում մարդիկ չեն կարողանում անգամ հանապազօրյա հաց գնել:
«ԷԼԻՏԱՐ» ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
«Դիլիջան» թերթի հոկտեմբերի 31-ի համարում Դիլիջանի միջազգային դպրոցում թափուր աշխատատեղերի մասին հայտարարություն է տպվել: Պահանջվում են ջրամատակարարման եւ ջրահեռացման, օդափոխման եւ օդամղիչների, կաթսայատան ջեռուցման համակարգի մասնագետներ: Հայտարարության մեջ աշխատատեղին ներկայացվող պահանջների թվում ներկայացված են բարձրագույն մասնագիտական տեխնիկական կրթությունը, նշված մասնագիտությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձը, ռուսերենի պարտադիր իմացությունը, անգլերենի եւ Windows, MS Office, Internet Autocad ծրագրերի իմացությունը: Իհարկե, գործատուն ինքն է որոշում, թե ինչպիսի կադրեր են իրեն հարկավոր, սակայն զարմանալի է, թե, օրինակ, կաթսայատան ջեռուցման համակարգի մասնագետին ինչու է հարկավոր ռուսերենի իմացությունը, եւ արդյոք դրա որ մակարդակն է անհրաժեշտ այդ գործում: Հետաքրքիր է, Դիլիջան քաղաքի բնակիչների մեջ կա՞ն մասնագետներ, որոնք կարող են բավարարել հայտարարության մեջ նշված բոլոր պահանջները: Դիլիջանի բնակիչներից բազմաթիվ դժգոհություններ ենք լսել, որ Դիլիջանում ստեղծվող նոր աշխատատեղերը դրսից՝ հիմնականում Երեւանից եկածների համար են, իսկ դիլիջանցիներին սովորաբար առաջարկում են մատուցողի, հավաքարարի եւ նմանատիպ աշխատատեղեր:
Տավուշ