ՈՒՐԻՇ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բորիսով քաղաքում ֆուտբոլի Եվրոպայի 2015թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվեց Բելառուսի իր հասակակիցներին եւ հաղթեց 1:0 հաշվով:
Երկու թիմերն էլ խիստ անհաջող էին հանդես գալիս ընթացիկ ընտրական փուլում եւ անցկացրած հնգական խաղերում մեկ հաղթանակ ու չորս պարտություն էին կրել եւ կիսում էին վերջին երկու հորիզոնականները: Հիշեցնենք, որ մեր երիտասարդական հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ նոյեմբերի 14-ին 0։6 հաշվով պարտվել էր Ֆրանսիայի հավաքականին՝ այդպիսով այդ երկրի ընտրանու հետ երկու հանդիպումների ընդհանուր հաշիվը դարձնելով 0։10։
Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններ Աբրահամ Խաշմանյանի թիմի համար տեսականորեն կան, բայց գործնականում անհնար են թվում: Նույնիսկ եթե մեր ընտրանին հաղթի մնացած երեք խաղերում, միավորներով հավասարվի Իսլանդիային եւ լրացուցիչ ցուցանիշներով գրավի երկրորդ տեղը, միեւնույն է, քիչ հավանական է, որ երկրորդ տեղով եզրափակիչ փուլի չորս ուղեգիր նվաճող թիմերից մեկը կլինի Հայաստանը:
Առաջիկա խաղից առաջ Ա. Խաշմանյանը մասնավորապես նշել էր, որ դժվար է մոռանալ Ֆրանսիայից խոշոր հաշվով կրած պարտությունը, սակայն ամեն ինչ արել են, որպեսզի ֆուտբոլիստները նաեւ հոգեբանորեն պատրաստ լինեն բելառուսների հետ հանդիպմանը։ Ըստ գլխավոր մարզչի` կան մի շարք ներքին խնդիրներ, որոնք հանգեցրել են նման արդյունքի, բայց նա խոստացել է այդ մասին խոսել Երեւան վերադառնալուց հետո։ Ու նաեւ խոստովանել է, որ Ֆրանսիայի հավաքականը շատ ուժեղ է, եւ նման հավաքական ինքը չի տեսել նույնիսկ ազգային հավաքականների մեջ։ Ի դեպ, երեկ` ուշ երեկոյան, Ֆրանսիայի ազգային հավաքականն աշխարհի 2014թ. առաջնության անցումային խաղերի շրջանակում սեփական հարկի տակ ընդունեց Ուկրաինայի հավաքականին, որին առաջին խաղում պարտվել էր 0։2 հաշվով։ Ֆրանսիացիներին դժվարին հանդիպում էր սպասվում։
Մեր երիտասարդական հավաքականին այս խաղից հետո մնացել է անցկացնել եւս երկու հանդիպում, որոնք, սակայն, կկայանան արդեն եկող տարվա սեպտեմբերին: Ա. Խաշմանյանը նշել է, որ այդ խաղերում ֆուտբոլասերներն ուրիշ հավաքական կտեսնեն։ Ուրիշ մարզիչ արդեն տեսանք, մնում է` ուրիշ, այսինքն՝ ուժեղ հավաքական տեսնենք։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս