Թատերական գործիչների միավորման՝ օրերս կայացած համագումարում խոսվեց նաեւ մարզային թատրոնների անմխիթար վիճակի մասին: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի հետ։ Նա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, նկարահանվել է կինոյում («Աղքատի պատիվը», «Հեղնար աղբյուր», «Հնձան», «Այս կանաչ, կարմիր աշխարհը»), հեռուստաբեմադրություններում, հանդես է գալիս ասմունքով։ Ի դեպ, այսօր նշվելու է Հ. Ազիզյանի ծննդյան 75 եւ բեմական գործունեության 50 տարին։
«Ամեն դեպքում, մարզերում լուրջ աշխատանք է կատարվում, թատրոնները՝ որպես կենդանի օրգանիզմ, կան, մնում են, վերջերս հյուրախաղերով եկանք Երեւան, շատ լավ ընդունվեցինք հանդիսատեսի կողմից։ Մեր թատրոնում հիմա շատ լավ երիտասարդություն կա, իսկ առաջընթացը պայմանավորված է գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանով, որը ե՛ւ տաղանդավոր բեմադրիչ է, ե՛ւ լավ մանկավարժ, ու դրա վկայությունն այն է, որ մեր վերջին ներկայացումներն իրոք անսամբլային են»,-նշեց մեր զրուցակիցը:
Նա հիշեցրեց, որ ԽՍՀՄ տարիներին հատուկ պիեսներ էին գրվում, որոնց հիմնական թեման հայրենիքն էր, հայրենասիրությունը, ազգասիրությունը, ինչն այսօր բացակայում է, պետականորեն դրան քիչ տեղ է տրվում։ Դերասանների, թատրոնի համար ընդհանրապես պետք է ստեղծագործելու պայմաններ ստեղծվեն. ի վերջո, մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից ենք, որոնք ունեցել են թատերական մշակույթ՝ Արտավազդից սկսած։ Ըստ դերասանի` սերիալները շատ բան փչացրին, բայց ուրախալի է, որ «աստիճանաբար բոլորը կշտանում են դրանցից, եւ հանդիսատեսը վերադառնում է իսկական արվեստ դիտելուն, կապվում է թատրոնի հետ, գաղափարական սնունդ է ստանում»։ Թատերական արվեստի ճգնաժամ բոլոր ժամանակներում էլ եղել է, բայց թատրոնը հավերժ է, քանի կա մարդ արարածը։
Ըստ մեր զրուցակցի` բոլոր դերասաններն էլ իրենց լավագույն դերերը չեն խաղում, բայց այդ դերերը նրանց մեջ ապրում են։ Նշենք, որ Հ. Ազիզյանը` որպես Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, օրերս պարգեւատրվել է կրթության եւ գիտության նախարարի ոսկե մեդալով։ Թողել է պաշտոնը, բայց եկող տարի կունենա դերասանական, ռեժիսորական կուրսեր։ Նա գոհ է վերջին տարիների իր աշխատանքից. Երեւանում, օրինակ, շատ լավ է ընդունվել «Լիր արքա»-ն։ Սերիալներում նկարահանվելու հրավերներ ստացել է, բայց մերժել է. թատրոնով լրիվ բավարարված է։
«Ժողովուրդ»-ը շնորհավորում է Հ. Ազիզյանին կրկնակի հոբելյանի առթիվ եւ մաղթում ստեղծագործական նոր նվաճումներ:
«ԹԱՏՐՈՆԸ ՀԱՎԵՐԺ Է, ՔԱՆԻ ԿԱ ՄԱՐԴԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ