ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԸ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՁԱՅՆ»-ՈՒՄ
Միջազգային The Voice նախագծի թուրքական տարբերակի «Թուրքիայի ձայնը» մրցույթի ժամանակ պոլսահայ մասնակից Ջորջ Շեքերի կատարումը զարմացրել է ժյուրիին եւ հեռուստադիտողներին։ Ջորջը կատարել է «Անձայն նավ» երգը եւ գրավել միաժամանակ ժյուրիի մի քանի անդամների ուշադրությունը: Նրանք հետաքրքրվել են մասնակցի անվան ծագումնաբանությամբ՝ ենթադրելով, որ տղայի հայրը թուրք է, իսկ մայրը՝ օտարերկրացի։ Ի պատասխան` երիտասարդը նշել է, որ թե՛ հայրը, թե՛ մայրը բնակվում են Թուրքիայում, սակայն ինքը հայ է։

ԹԱՆԿՅԱՆԻ ԵՐԱԺՇՏԱՆԿԱՐՆԵՐԸ
Լոս Անջելեսի «Փրոջեքթ» պատկերասրահում անցկացվում է ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանի յուրօրինակ «երաժշտական» նկարների, ինչպես նաեւ կոլաժների, քանդակների ցուցահանդեսը, որը կրում է «Լիցքաթափող ժամանակ» անվանումը: Նկարները, որոնք հասանելի են Թանկյանի ֆեյսբուքյան էջում, արվել են հատուկ Eye For Sound բջջային հավելվածի օգնությամբ: Երաժիշտն օգտվում է իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված հավելվածից՝ երաժշտության ու նկարչության միախառնման արդյունքում ստանալով հրաշալի աբստրակտ նկարներ: Հավելվածն օպտիկական տեսաճանաչման գործառույթի շնորհիվ համահունչ երաժշտություն է ապահովում յուրաքանչյուր օգտատիրոջ համար՝ ըստ ստեղծվող նկարում առկա տրամադրության: Կատարվող աշխատանքները սքանավորվում են սարքի կողմից՝ այդպիսով համապատասխանեցնելով երաժշտությունը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 21-ը:

ԼԱԳԵՐՖԻԼԴԸ՝ ՌԵԺԻՍՈՐԻ ԴԵՐՈՒՄ
1954-ին հանրահայտ Կոկո Շանելի՝ նորաձեւության աշխարհ հաղթական վերադարձի մասին ֆիլմը, որը նկարահանել է Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆիլդը, կցուցադրվի դեկտեմբերի 10-ին Տեխասում։ 30 րոպե տեւողությամբ ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Rue Cambon սրահում, որտեղ ժամանակին կայացել է նորաձեւություն վերադարձած Շանելի հավաքածուի ցուցադրությունը։ Գործողությունների վայրն ամբողջությամբ կրկնում է պատմությունը՝ հայելային աստիճան, ծխապատ շինություն եւ շատ մարդիկ՝ հրաշքի սպասումով քարացած։ Լագերֆիլդը ֆիլմում նկարահանել է ինչպես մոդելների, այնպես էլ դերասանների։ Կոկո Շանելին մարմնավորել է Ջերալդինա Չապլինը։




Լրահոս