ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 7 ամիս աշխատել եմ եւ ամեն ամսվա համար ստացել աշխատավարձ, 2 անգամ էլ` պարգեւատրում: Եթե արձակուրդ գնամ, ապա իմ միջին ամսական աշխատավարձում պարգեւատրումները ներառվելու են ամբողջությա՞մբ, թե՞ մասամբ:

Աննա Պողոսյան (38 տարեկան, հաշվապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ԱՕ) 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելավճարներ, պարգեւատրումներ եւ այլն) ընդհանուր գումարը 12-ի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ եւ արձակուրդում եւ ոչ իր մեղքով պարապուրդում:
Եթե սույն մասի 2-րդ պարբերությունում նշված պատճառներից որեւէ մեկով 12 ամիսները չեն ձեւավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգեւատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգեւատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
Այս պարագայում աշխատողն աշխատել է 7 ամիս, հետեւաբար միջին ամսական աշխատավարձը կհաշվարկվի 7 ամսվա ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգեւատրման գումարների) ընդհանուր գումարը 7-ի բաժանելու միջոցով:
Քանի որ պարգեւատրումները վճարվում են ոչ թե յուրաքանչյուր ամիս, այլ ենթակա են միանվագ վճարման, ապա բոլոր այն դեպքերում, երբ միջին աշխատավարձը հաշվելու ժամանակ հաշվառման ենթակա ամիսները 12-ից պակաս են, պարգեւատրումները ներառվում են 1/12-ի չափով: Ստացվում է, որ պարգեւատրման գումարները միջին ամսական աշխատավարձում երկու դեպքում էլ ներառվում են ոչ թե ամբողջությամբ, այլ 1/12-րդ մասի չափով:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր քաղաքացիներին հորդորում ենք իրենց աշխատանքային իրավունքներից տեղեկացված լինել եւ դրանք պաշտպանել:




Լրահոս