Տավուշ գետի ձախ ափին գտնվող Այգեպար գյուղը հիմնվել է 1930-ականների վերջին՝ ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բազայի վրա: Գյուղը բնակեցվել է շրջակա գյուղերի բնակիչների տեղափոխմամբ ու մշտական հաստատմամբ: 1960-ականներից, երբ կառուցվում են գինու եւ պահածոների գործարանները, բնակչությունը սկսել է ավելանալ: Այս պահին Այգեպարի ընդհանուր բնակչությունը կազմում է 653 մարդ:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Այգեպարի ղեկավար Անդրանիկ Այդինյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է բնակչության թվի պակասի պատճառը եւ ի՞նչ հիմնարար խնդիրներ են նպաստել դրան:
-Պարո՛ն Այդինյան, ո՞րն է այսօր Ձեր գյուղի հիմնական ու առաջնային խնդիրը:
-Խաղաղությունը:
–Անձամբ Դուք ի՞նչ եք անում գյուղում առկա խնդիրների լուծման համար: Այնպիսի տպավորություն է, որ համայնքի ղեկավարները հարմարվել են իրավիճակին ու առաջընթացի համար ոչինչ չեն պահանջում գործադիր մարմնից:
-Դիմել եմ տարբեր կազմակերպությունների, հանրապետության նախագահին: Խնդրել եմ դպրոցի վերանորոգում, մի ամիս հետո կազմակերպել են:
-Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Ձեր համայնք վերջին անգամ ե՞րբ է եկել եւ ի՞նչ հարցով:
-Ինքը համարյա միշտ էլ գալիս է՝ իմանալու համար՝ ինչ կա, ոնց են ժողովուրդը:
-Ձեր համայնքի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարինե Մարաբյանը ե՞րբ է վերջին անգամ համայնք եկել եւ ի՞նչ հարցով:
-Չեմ հիշում՝ երբ է եկել, բայց ինչ հարցով որ դիմել ենք, ոչ մի խնդիր չի եղել:
-Կառավարությունից՝ վարչապետ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ո՞վ է երբեւէ գյուղ այցելել, ի՞նչ հարց է լուծել:
-Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է եկել: Խոստացել էր հրշեջ մեքենա տրամադրել գյուղին, ուղարկել է: Համարյա ինչ խոստացել, արել են:
-Գյուղում իշխանություններին ո՞նց են վերաբերվում մարդիկ: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ո՞ր ուժը կհաղթի գյուղում Ձեր կարծիքով եւ ինչո՞ւ:
-Ճիշտն ասած, գյուղում էնքան աշխատում, չարչարվում են, մութն ընկնում է, հանգիստ քնում են ժողովուրդը: Իրենց համար լավ լինի, նորմալ լինի: Ճիշտն ասած՝ իշխանությունն այնքան էլ հետաքրքիր չի:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը