2008թ-ին ԵԱՀԿ դիտորդը վախից փախել է Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դիվանագիտական արխիվը բացահայտած «Վիկիլիքսի» շնորհիվ այսօր հնարավորություն ունենք ծանոթանալու Հայաստանում 2008թ. մարտի 1-ից հետո իշխանությունների գործողություններին ամերիկացիների տված ծածուկ գնահատականներին:

Սույն զեկուցագրով՝ հեղինակված այնժամ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի կողմից, պարզվում է, որ ԵԱՀԿ դիտորդները աննախադեպ ճնշումների են ենթարկվել իշխանությունների կողմից: Ամերիկյան դիվանագետներն էլ հստակորեն արձանագրել են, որ ՀՀ իշխանությունների, մասնավորապես` Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանել:

Փենինգտոնը հայտնում է, որ Հայաստանի իշխանությունները կանգ չեն առել նույնիսկ ԵԱՀԿ դիտորդների նկատմամբ ոտնձգությունների առաջ: Բրիտանական դեսպանատունը ծանուցել է ամերիկացիներին, որ դիտորդական առաքելության փոխնախագահ, բրիտանացի Փոլ Օ՚Գրեյդին անչափ վախեցած է եղել ԵԱՀԿ դիտորդների զեկույցի պատճառով իրենց հետ հնարավոր հաշվեհարդարից:

Դիտորդն այնքան սարսափած է եղել, որ խնդրել է բրիտանական դեսպանությանն իրեն ժամանակից շուտ հեռացնել Հայաստանից, ինչն էլ իրականացվել է, եւ Օ՚Գրեյդին մեքենայով շտապ կարգով հասցրել են Վրաստանի բրիտանական դեսպանատուն: Օ՚Գրեյդին տեղեկացրել է, որ ինքը տասնամյակներով զբաղվել է ընտրությունների դիտորդությամբ, նույնիսկ եղել Անգոլայում ու նմանօրինակ այլ երկրներում, սակայն երբեւէ այդքան սաստիկ ճնշումներ չի զգացել, ինչպես Հայաստանում 2008թ.: Փենինգտոնը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մեկ այլ ներկայացուցիչ իրենց հայտնել է, որ ՀՀ իշխանություններից մեկը մտերմաբար խորհուրդ է տվել միջանկյալ զեկույցը կազմել ավելի դրական լույսի ներքո:

Ամերիկացի դիվանագետը ԵԱՀԿ դիտորդների դեմ ճնշումներից մեկն էլ համարում է նրանց` քրեական գործերում որպես վկա ներգրավվելու որոշումները, ինչը ԵԱՀԿ դիտորդական առաքելության չեզոքության կոպիտ խախտում է: Նույնիսկ պատվիրակության նախագահ Գերտ Արենսը ստիպված է եղել դիմել նախագահական` Վիգեն Սարգսյանին խնդրելով լուծել հարցը: Հատկանշական է, որ Փենինգտոնը տարբեր այլ դիտորդների է վկայակոչում, որոնց վրա իշխանությունները անուղղակի ճնշումներ են բանեցրել:

Փաստորեն, 2008թ. փետրվարի 19-ից հետո Հայաստանում դիտորդներից մեկը այնքան է վախեցած եղել, որ կարելի է ասել՝ ճողոպրել է Հայաստանից` դառնալով «արդար ու ազնիվ» ընտրությունների զոհը:

Այդ օրերին ԱՄՆ դեսպանատունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ իրադարձությունների զարգացման մեջ չներգրավված տարբեր քաղաքացիներ են բերման ենթարկվել ԱԱԾ-ի կողմից` պարզելու համար հայտնի մի շարք ընդդիմադիրների գտնվելու տեղը: Այդպիսի օրինակներից է հեղինակը համարում անհայտ անձանց կողմից ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի օգնականի տուն ներխուժման եւ վերջինիս գաղտնի մի տեղ տանելու ու ժամերով հարցաքննելու պատմությունը:

Դիվանագետը նկատում է, որ դժվար իրավիճակ է սպասվում նաեւ նրանց համար, ովքեր Մարտի 1-ին ականատես են եղել բաների, որոնք չպետք է տեսնեին: Փենինգտոնը հավելում է, որ դեսպանատունը քաղաքական ապաստանի բազմաթիվ դիմումներ է ստացել մարդկանցից, որոնք ենթարկվել են իրավապահների կողմից տարաբնույթ ճնշումների: Այդ շարքում ձերբակալված քաղաքական գործիչների հարազատներն են, Արցախյան պատերազմի վետերաններ եւ պարզապես հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներ:

ԱՄՆ դիվանագետը նաեւ անդրադառնում է քաղաքական սահմանափակումներին` շեշտելով, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրահավաքներ անելու ընդդիմության բոլոր դիմումները կոպտորեն մերժվել են: Փենինգտոնը հիշատակել է Քոչարյանի պնդումները, թե իբր արտակարգ դրության օրերին հանրահավաքներ չի կարելի թույլ տալ, քանզի միանգամից կմեկտեղվեն անկարգությունների բոլոր կազմակերպիչները եւ անպատկերացնելի է, թե ինչ զարգացումներ կհաջորդեն դրան: Հակադրվելով Քոչարյանի խոսքերի անկեղծությանը` դիվանագետը պատմում է, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրահավաքների համար դիմած ընդդիմադիրներին անձնապես սպառնացել են, այդ թվում Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին, նրա կնոջը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին եւ այլոց:

Ջոզեֆ Փենինգտոնը նաեւ հարկ է համարում ուշադրություն դարձնել իշխանությունների հակասական հայտարարություններին` կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի այնժամ հավանական թվացող ձերբակալության հետ:

Հղում անելով այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու արդարադատության նախարար Գեւորդ Դանիելյանին` զեկուցագրի հեղինակը հավանական է համարում դեպքերի նման զարգացումը` միաժամանակ մեջբերելով Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Տեր-Պետրոսյանը չի ձերբակալվելու: Ամերիկացի դիվանագետը հակասական մեսիջներ է ստացել այս մեկնաբանություններից ու մտավախությունը փոխանցել ԱՄՆ կառավարությանը:

Ավելին` Փենինգտոնը հատուկ կարեւորություն է տվել նաեւ պետական պահպանության ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններին, որով պետության կողմից հատկացվող թիկնազորի գործունեության մեջ սահմանափակումներ էին մտցվելու: Դիվանագետը համոզված նշում է, որ փոփոխությունն ուղղված է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Նույնիսկ արդարադատության նախարարն է ամերիկացիների հետ մասնավոր զրույցում խոստովանել, որ օրենքում կատարված փոփոխություններն անմիջական կապ ունեն հետընտրական իրավիճակի հետ:

Զեկուցագիրն ավարտելով հատուկ մեկնաբանությամբ` ամերիկացի դիվանագետը փաստում է, որ արտակարգ դրության օրերին իշխանությունների ագրեսիվ հետապնդումները Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ ուղղակիորեն սասանում են Սերժ Սարգսյանի` համերաշխության մասին հրապարակային հայտարարությունները:

Ըստ նրա` ինչպես դեպքերն են ապացուցում, ընդդիմադիրների ու նրանց մտերիմների նկատմամբ իշխանությունների համատարած հետապնդումներն ավելի են ուժգնանում. «Մինչ մենք հրապարակավ եւ մասնավորաբար խրախուսում ենք վստահության կառուցման միջոցառումները, արդեն այժմ սկսել ենք կասկածի ենթարկել իշխանությունների խոսքի ու գործի ակնհայտ անհամապատասխանությունը»:

Ն. Հովսեփյան




Լրահոս