ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՍԿՍԵՑ ՊԱՐԶՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ծավալվող վերջին իրադարձություններն արդեն իսկ գծագրում են քաղաքական դաշտում ձեւավորվող նոր կառուցվածքը: Իբրեւ առաջին իրադարձություն կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ-ն այլեւս նաեւ հրապարակային է ազդարարում, որ ինքը «կառուցողականի» տիրույթում է, իսկ «Ժառանգությունն» ազդարարում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու մասին:

Գյումրիի ավագանու վերջին` օգոստոսի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի եղբորը` Լեւոն Սարգսյանին, Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու շուրջ քննարկումները արդեն մի քանի օր է՝ չեն դադարում: Բնականաբար, Գյումրիի ընդդիմադիր գործիչներին տեղի ունեցածը զայրացրել է, եւ նրանք ուղիներ են փնտրում այդ որոշումը չեղարկելու համար: Մյուս կողմից ստեղծված իրավիճակը շատ հարմար առիթ է հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրություններից առաջ քարոզչություն ծավալելու համար: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ այն փաստը, որ վերը նշված որոշման նախաձեռնության հեղինակը մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն է: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ ԲՀԿ-ն Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում էր կայացրել՝ միաժամանակ արձանագրելով, որ ավագանու անդամի իրենց կուսակցության թեկնածուների ցուցակը գլխավորելու է նույն Վարդեւան Գրիգորյանը, որը դեռեւս անկուսակցական է, քանի որ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «մարտերի» ժամանակ ԲՀԿ-ից դուրս է եկել: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ-ն գործնական քայլերով ապացուցում է, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի բարեկամն է ու նրանց իշխանությանը ոչնչով չի սպառնում: Արդյունքում, ԲՀԿ-ն կարող է հավակնել, որ իշխանությունների կողմից գործելու լիակատար ազատություն կստանա, ինչպես նախորդ բոլոր ընտրություններում:
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու մասին: Այս քայլը պատճառաբանվում է «Ժառանգության» երեք անդամների՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի կալանքի տակ գտնվելու փաստով: Թեեւ ավելի տրամաբանական կլիներ, որ քաղբանտարկյալ կուսակցական ունենալու պայմաններում «Ժառանգությունն» ավելի բուռն պայքարեր` փորձելով Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքներում հաջողության հասնելու միջոցով իշխանություններին թուլացնել: Իրականում Հայաստանի քաղաքական դաշտի հատկապես ընդդիմադիր հատվածը տարիներ շարունակ քայքայվել է, եւ դրանում ներառված կուսակցությունները չունեն հզոր մարզային եւ տարածքային կառույցներ: Ընդդիմադիր կուսակցությունների մարզային կառույցներ եթե կան էլ, ապա նրանք լավագույն դեպքում նախատեսված են բացառապես խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար:
Ինչ խոսք, Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ընդդիմությանը ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական լուրջ ռեսուրսներ են հարկավոր: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ընդդիմադիր մյուս կուսակցությունները դեռեւս չեն շտապում իրենց մասնակցության ֆորմատը հրապարակել: Մասնավորապես, մինչ օրս հայտնի չէ, թե ՀԱԿ կուսակցությունը, ի վերջո, մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, թե ոչ: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԱԿ-ը փորձում է համաձայնության գալ ընդամենը մեկուկես ամիս առաջ կազմավորված «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հետ: Հիշեցնենք, որ այս` ԳԱԼԱ կուսակցությունը ստեղծվել է Գյումրիի համանուն «Գալա» հեռուստաընկերության հենքի վրա, առաջնորդն էլ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանն է: Ըստ լուրերի՝ ԳԱԼԱ-ի հետ փորձում է ընդհանուր եզրեր գտնել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, երկու ամիս առաջ «Համախմբում» անունով կուսակցություն հիմնած Վարդան Օսկանյանը: Ընդամենը մի քանի օրից ամեն ինչ կպարզվի, քանի որ վաղվանից սկսվում է Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների թեկնածուների առաջադրումը, որը ավարտվելու է օգոստոսի 28-ին:
Ի դեպ, «Հայկական վերածնունդ» անվան ներքո հանդես եկող նախկին ՕԵԿ-ը նույնպես հայտարարել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ենթադրվում է, որ նրանք հետ չեն կանգնի իրենց մտքից, քանի որ երկու անհրաժեշտ ռեսուրսներից մեկը` ֆինանսականը, նրանք ունեն: Քաղաքապետի թեկնածուն էլ ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն է: Այս ընտրություններն անունը փոխած ՕԵԿ-ականների համար կարեւոր է հասկանալու համար, թե ընտրողներն արդյոք մոռացել են իրենց նախկին արածները:
Մի խոսքով, առաջիկա օրերին ամբողջությամբ կուրվագծվի Գյումրիի եւ Վանաձորի քաղաքական համայնապատկերը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Սեպտեմբերի 18-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման երրորդ օրվա` երեկվա դրությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ինքնառաջադրվել են երկու թեկնածու` ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը եւ անկուսակցական Արշալույս Մեջլումյանը: Իսկ Աշտարակի գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը դեռ չի շտապում առաջադրվել: «Ժողովուրդ»-ը նրանից փորձեց պարզել՝ ի վերջո ինքն առաջադրվելու է, թե ոչ: «Առաջադրվելու եմ: Մի՛ անհանգստացեք, ես Աշտարակը անտեր չեմ թողնի»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Անտոնյանը: Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ինքնառաջադրվել է անկուսակցական Ավետիք Հարությունյանը, իսկ ՀՀԿ-ն առաջադրել է նույն կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի թեկնածությունը: Գորիսում դեռեւս ոչ մի թեկնածու չի առաջադրվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գորիսում քաղաքապետի պոտենցիալ թեկնածուները նույնիսկ չեն դիմել ՀՀ ոստիկանության Գորիսի տարածքային անձնագրային բաժին` թեկնածուի համար անհրաժեշտ տեղեկանքը ստանալու համար: Հիշեցնենք, որ Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է քաղաքապետ դարձնել իր հորեղբոր որդուն` «Որոտան ՀԷԿ»-ի նախկին տնօրեն Սասուն Խաչատրյանին:

 

 

ԱՆՁԱՄԲ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՊՊԾ գունդը գրավելու շուրջ ստեղծված իրավիճակում թերեւս ամենաակտիվը գտնվեց: Նախ՝ նա հուլիսի 20-ին դատապարտեց տեղի ունեցածը: Այնուհետեւ՝ հուլիսի 31-ին էլ, երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր դրեցին զենքը եւ հանձնվեցին, ՀՀ կառավարությանը կոչ արեց «Ոստիկանական շենքի առճակատմանը մասնակցած անձանց օրենքի սահմաններում հավասար եւ արդար վերաբերմունք ցուցաբերել»: Այս տեսանկյունից ուշագրավ էր ԱՄՆ դեսպանի երեկվա հանդիպումների մասին լուրերը: Ռիչարդ Միլսը երեկ նախ հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուհետեւ ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: Կարելի է կարծել, որ դեսպանը ՀՀ իշխանությունների դատաիրավական ոլորտի պատասխանատուներից անձամբ է ցանկացել ճշտել, թե վերջիններս որքանով են հետեւում իրենց կոչին, եւ արդյո՞ք նախաքննություն իրականացնող մարմնի կողմից գործով անցնող անձանց իրավունքները չեն ոտնահարվում:

 

 

ՊԵԿ-Ը ՀԱՍՏԱՏԵՑ
ՀՀ ՊԵԿ-ից երեկ պաշտոնապես հաստատվեց «Ժողովուրդ»-ի այն տեղեկությունը, ըստ որի՝ «Երեւանի գարեջուր» ընկերությունում ստուգումներ են ընթանում: Ստուգումները սկսվել են հուլիսի 6-ից` «բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտությունը ստուգելու նպատակով»: Ըստ ՊԵԿ-ի՝ ստուգումը պլանային է:

 
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեւանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության հարցեր: Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանում կայանալիք սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել նաեւ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի նիստը:
 

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ըստ այդմ, Արցախի համար նախընտրելի է կառավարման այնպիսի համակարգ, որը, հիմնված լինելով կառավարման նախագահական համակարգի հիմնական սկզբունքների վրա, այդուհանդերձ, կկարեւորի նաեւ խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը: Հայեցակարգով առաջարկվում է կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարել կառավարման նախագահական համակարգի, որտեղ կկարեւորվի նաեւ խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը: Կառավարման այս ձեւում հանրապետության նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, ինչը նախագահական համակարգի բնորոշ գիծն է: Հանրապետության նախագահը արտախորհրդարանական եղանակով ձեւավորում է գործադիր իշխանությունը եւ հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավարը, սակայն, ի տարբերություն դասական նախագահական համակարգի, հանրապետության նախագահը՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջեւ, ինչպես պառլամենտական համակարգում:

 

 

ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ
«Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել երկրի ողջ տարածքում ընթացող ՏԻՄ ընտրություններին, քանի դեռ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանը եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը «շինծու մեղադրանքներով մնում են մինչդատական կալանքի տակ»: «Եթե բացարձակապես անհրաժեշտ է «Ժառանգությունը», որը մշտապես մասնակցել է քաղաքական գործընթացներին նույնիսկ առավել անարդար հանգամանքներում, կարող է ստիպված սատարել ընտրական գործընթացներում ներգրավված այլ մասնակիցների, ովքեր դեռ պետության կողմից չեն ենթարկվել բռնության, հետեւաբար չեն համարվում խղճի բանտարկյալ ՀՀ-ում»,- նշված է «Ժառանգության» հայտարարությունում:

 

 

ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Լյովա Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում պետական ավարտական քննությունների արդյունքներից բողոքող ուսանողները տեղեկացրել են, որ իրենց կուրսի 400 ուսանողից մոտավորապես 150-ն անբավարար գնահատականներ է ստացել: Նախարարին դիմած ուսանողները, ներկայացնելով իրենց պահանջները, խնդրել են աջակցել պետական ավարտական քննության արդյունքները վերանայելու եւ կրկին քննություն նշանակելու հարցում: Իսկ նախարար Մկրտչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որով սահմանափակվում է պետական ավարտական քննության վերահանձնումը:




Լրահոս