ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՒԹ ԿԵՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում մահացան երկու ոստիկան: Աղմկահարույց այս դեպքերից անցել է մոտ մեկ ամիս, եւ մինչ օրս այս սպանությունների գործերով մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան:

Հիշեցնենք, որ երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, ոստիկանների եւ խմբավորման անդամների միջեւ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում մահացել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն այդ դեպքի մասին հետեւյալն էր պատմել. «Ոստիկանը, բնականաբար, իր առանձնասենյակում է եղել, եղել է զորամասի պատասխանատու ու ներքին իր պարտականություններն է կատարել՝ զենքով պաշտպանելով իր զորամասի տարածքը: Մյուս կողմից՝ մենք իրացրել ենք մեր ապստամբության իրավունքը: Բազմաթիվ հորդորներ են եղել, որ մենք ձեր դեմ ոչինչ չունենք, ձեր կյանքին, առողջությանը վտանգ չենք ուզում հասցնել, խնդրում ենք՝ մի՛ կրակեք, բայց նա դատարկել է ամբողջ փամփշտատուփը: Նրան ոչ մեկը չի մեղադրել, նա կատարել է իր ծառայողական պարտականությունները, բայց մեր կողմն էլ իրացրել է իր ապստամբության իրավունքը»:
Գնդապետի մահվանից 13 օր անց՝ հուլիսի 30-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությայն պետ Աշոտ Ահարոնյանը հաղորդագրություն տարածեց .«ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերի» դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել էր ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»:
Սակայն ոստիկանության կողմից հրապարակված վարկածը որեւէ մեկի մոտ վստահություն չառաջացրեց: Ավելին՝ հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասել էր. «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց դիպուկահարի աջուձախ արձակած կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»: Իսկ, ահա, օգոստոսի 13-ին «Աստղիկ» ԲԿ-ում մահացավ ՊՊԾ գնդի գրավման օրը ոստիկանների եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության, զինված խմբավորման անդամների մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների գործով քննությունը շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը եւ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, ինչպես նաեւ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը:
Իսկ ո՞վ պետք է պատասխան տա ոստիկանների մահվան համար: «Ժողովուրդ»-ը հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել, թե ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի եւ ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանի մահվան դեպքերով հարուցվե՞լ է քրեական գործ, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ: Ի պատասխան՝ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հայտնեցին. «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: Նախաքննության այս փուլում քրեական գործին վերաբերող մանրամասները հրապարակման ենթակա չեն»:
Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ ոստիկանների մահվան դեպքերով որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, ավելին` ինչպես նկատում ենք, նախաքննություն իրականացնող մարմինը նաեւ չի նշում, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հատկանիշներով է հարուցված քրեական գործը: Ամենայն հավանականության, քրեական գործ հարուցված էլ չէ մինչ այս պահը: Թե ինչու, դժվար է ասել:
«Ժողովուրդ»-ը ՀՔԾ-ից պարզեց, որ ոստիկանների մահվան դեպքերով նշանակվել են մի շարք փորձաքննություններ` դատաբժշկական, դատահետքաբանական դատաձգաբանական եւ այսպես շարունակ: Հավանաբար, այդ փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո իրավապահ համակագը եւ հատկապես նախաքննություն իրականացնող մարմինը կկարողանա կոնկրետ հարցերի պատասխան տալ, թե քանի հրազենային վիրավորում է ստացել գնդապետ Վանոյանը կամ ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանը, ինչ հեռավորության վրայից են կրակել Տեպանոսյանին, ի՞նչ զենքով, արդյո՞ք իրականում դիպուկահարի կրակոցից է մահացել ոստիկանը, եւ, առհասարակ, ով է եղել կրակողը: Այս հարցերի պատասխանը իրավապահ համակարգը, ըստ ամենայնի, կունենա մինչեւ սեպտեմբերի կեսը, որից հետո, ըստ էության, հստակ որոշում կկայացվի, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հատկանիշներով են հարուցելու գործը, եւ կոնկրետ ում է մեղադրանք առաջադրվելու:
Հ.Գ. Երեկ ՀՔԾ հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնում էր. «Շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործին միացվել են նաեւ մի խումբ անձանց կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ իրականացվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը, ինչպես նաեւ 2016 թվականի մայիսի 20-ին Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ եւ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 60 անձ: 50 անձ կալանավորված է, երկուսը գտնվում են հետախուզման մեջ, մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ»: Ավելին՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կոտրվել է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը եւ հափշտակվել է դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ գումարը: Բացի այդ՝ պարզվել է, որ ՊՊԾ գնդի հարակից տարածքում հրկիզվել է 5 ավտոմեքենա, եւս 16 ավտոմեքենա վնասվել է գնդի տարածքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
«ԿՈՇ»-Ի «ՀԱՆՑԱՎՈՐ» ԽՈՒՄԲԸ
ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը շուրջ 40 քաղաքացիներից տարբեր եղանակներով հափշտակություն է իրականացրել: Ասել է թե՝ դատապարտյալը կալանավայրում գտնվելով՝ արտոնյալ կարգավիճակ է ունեցել. բազմաթիվ քաղաքացիների «քցել» է:
Բայց նա միակ դեպքը չէ, որ, լինելով անազատության մեջ, կարողանում է դրսում գտնվող ծանոթների միջոցով բազմաթիվ մարդկանց թալանել: Նմանօրինակ դրսեւորումները շարունակվում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող այլ քրեակատարողական հիմնարկներում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Գուրգեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿՀ-ի մեկ այլ դատապարտյալ Դավիթ Բաբայանի հետ մարդկանց է «քցել»:
Պարզվում է` երկու դատապարտյալներ՝ տեղեկանալով, որ իրենց դատապարտյալ ընկերներից մեկի` Ալեն Գասպարյանի հարազատները համացանցում տեսախցիկի վաճառքի մասին հայտարարություն են տարածել, որ մեկ օրվա դիմաց 15 հազար դրամ վճարելով՝ քաղաքացիները կարող են ձեռք բերել տեսախցիկ, որոշել են շահել:
Գուրգեն Մկրտչյանը եւ Դավիթ Բաբայանը նախ իրենց ընկերոջն ասել են, թե իրենց հարազատներից մեկին` Հարություն Հարությունյանին, օրավարձով տեսախցիկ է պետք: Այսպես՝ 15 հազար դրամով տեսախցիկ վարձակալելու պատրվակով դատապարտյալ Դավիթ Բաբայանի ազգական Հարություն Հարությունյանի միջոցով վերցրել են տեսախցիկը եւ յուրացրել: Տեղեկացնենք, որ հափշտակված տեսախցիկը արժեր մոտ 840 հազար դրամ:
Պարզեցինք, որ Գուրգեն Մկրտչյանը նաեւ 2015թ. հունվարի 13-ից մինչեւ փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի 4 դրվագ հափշտակություններ: Ահա այսպես, դատապարտյալները կալանավայրում ոչ միայն չեն ուղղվում, այլեւ նոր հանցանքներ են գործում: Իսկ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը փոխանակ կոնկրետ գործով ապացուցելու իրենց աշխատանքի արդյունավետությունը, գեղեցիկ խոսքերի շարանով տպավորություն են գործում ընդամենը:
Արդյունքում` հանցագործների թակարդն են հայտնվում շարքային քաղաքացիները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ԳՐԱՎՈՎ
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, բավարարել է հուլիսյան դեպքերից հետո ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված Արմեն Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի բողոքը՝ կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հուլիսի 27-ին Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր, ապա հուլիսի 29-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամին երկու ամսով կալանավորելու մասին որոշում էր կայացրել:




Լրահոս