ՌԵԿՏՈՐԸ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱ՞ՄԲ Է ԶԲԱՂՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի անվան շուրջ ծավալված թեժ քննարկումները չեն դադարում: Բանն այն է, որ ռեկտորի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրները» թեմայով դոկտորական ատենախոսությունում կա ավելի քան 40 գրագողություն դրվագ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Buh.am էլեկտրոնային կայքէջի գործունեությունը համակարգող խորհրդի նախագահի որոշմամբ ստեղծված հանձնախումբն ուսումնասիրել է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի «Երկարակյաց շենքերի եւ կառույցների շինարարության հիմնախնդիրներ» թեմայով դոկտորական ատենախոսությունը: Աշխատանքը գրված է ռուսերեն: Ապա նշյալ կայքէջում տեղադրվել է մի տեղեկություն, ըստ որի՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության 41 դրվագ կա: Ըստ buh.am-ի՝ այստեղ ակտիվ հղումով դրված են բոլոր այն հատվածները, որոնք այլազգի հեղինակների աշխատություններից առանց հղումի օգտագործվել են ռեկտորի գիտական աշխատանքի մեջ: Նշենք, որ այն պաշտպանվել է 2011 թվականին թիվ 030- «Շինարարություն» մասնագիտական խորհրդում, ինչի արդյունքում Գագիկ Գալստյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ի դեպ, Buh.am էլեկտրոնային կայքէջի գործունեությունը համակարգող խորհրդի նախագահի կողմից ստեղծվել է երկրորդ հանձնախումբը, որը Հայաստանի ազգային գրադարանում արձանագրված գրագողության դրվագները համեմատել է Գագիկ Գալստյանի ատենախոսության բնագրի հետ եւ հաստատել, որ հայտնաբերվածը համապատասխանում է իրականությանը:
Սակայն այս ամենի արդյունքում Գ. Գալստյանը շարունակում է վայելել կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հովանավորչությունը: Ավելին՝ ռեկտորին գրագողության մեջ մեղադրելու մասին տեղեկություններից հետո նախարարը հանդես եկավ կոչով եւ հայտարարեց, որ «չի կարելի մարդուն դնել այնպիսի վիճակի մեջ, որ ստիպված լինի պաշտպանվել, դա տրամաբանորեն վատ վիճակ է ստեղծում գիտության համար»: «Կոչ եմ անում նրանց, որոնք իրենց կոչում են մտավորականներ, անձնական խնդիրների համար գոնե այդ մակարդակի չիջնել»,- հայտարարել է նախարարը:
Նույն ինքը՝ Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց տեղեկությունը, որ վայելում է նախարարի հովանավորչությունը: «Այդ զրույցները ինձ երբեք չեն անհանգստացրել: Այդ հայտարարությունը տարածողները մեղանչել են: Խնդրում եմ՝ նման թեմայի շուրջ ինձ հարցեր մի՛ տվեք: Իմաստ չեմ տեսնում եւ չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ վերլուծություն անել, նույնիսկ պետական մարմինները չեն անդրադարձել դրան: Ես նման հիմարություններով չեմ զբաղվում: Դուք սխալ ուղու վրա եք: Պարապ մարդիկ են, սխալ բաներով են զբաղվում»,- պաշտպանվեց գրագողության մեջ մեղադրվող ռեկտորը:
Եւ չնայած սրան՝ «Ժողովուրդ»-ը կներկայացնի երկու օրինակ (օրինակները բազմաթիվ են), որոնք, ըստ buh.am-ի՝ ապացուցում են ռեկտորի գրագողությունը:
Օրինակ 1. Ատենախոսության 148-րդ էջում, երկրորդ պարբերության 7-րդ տողում, առանց հղման, շարադրված է (բերվում է բնօրինակով). «Занимая промежуточное положение между тяжелыми и легкими бетонами, бетоны на смешанных заполнителях мало отличаются от первых прочности на сжатие и одновременно обладают положительными качествами вторых- высокой трещиностойкостью, выносливостью и долговечностью». սա գիտական ուսումնասիրության արդյունք է:
Բացում ենք 2002 թվականին Ուֆա քաղաքում հրատարակված Վ.Վ. Բաբկովի եւ գործընկերների մենագրության (Бабков В.В., Мохов В.Н., Капитонов С.М., Комохов Л.Г. Структурообразование и разрушение цементных бетонов.- Уфа: ГУП “Уфимский полиграфкомбинат”, 2002 г.-376 с.) 29-րդ էջը եւ երրորդ պարբերության երրորդ տողից կարդում. «Занимая промежуточное положение между тяжелыми и легкими бетонами бетоны на смешанных заполнителях мало отличаются от первых прочности на сжатие и одновременно обладают положительными качествами вторых- трещиностойкостью и прочностью на растяжение, выносливостью и долговечностью». տառացի արտագրություն է, որտեղ ավելացված է ընդամենը «и прочностью на растяжение» բառերը:
Օրինակ 2. Ատենախոսության 230-րդ էջում, երկրորդ պարբերության երկրորդ 15-րդ տողում, առանց հղման, շարադրված է (բերվում է բնօրինակով). «Так, бетонная смесь избыточного водосодержания без химических добавок при транспортировке в автобетоносмесителях полносьтю теряет подвижность уже через 40 мин при В/Ц=0,83 и через 60 мин. При этом из смесей испаряется 30…35% воды затворения». սա գիտական հետազոտության եզրակացություն է:
Բացում ենք Մոսվայում 1980 թվականին հրատարակված գրքի (Технология монолитного бетона и железобетона Евдокимов Н.И., Мацкевич А.Ф., Сытник В.С. Высшая школа. Москва, 1980) 236-րդ էջի հինգերորդ պարբերությունը եւ կարդում. «Например при температуруе 30…35 оС смесь с В/Ц=0,83 полностью теряет подвижность уже через 60 мин. При этом из смесей испаряется 30…35% воды затворения».
Ի դեպ, ըստ Buh.am էլեկտրոնային կայքէջի գործունեությունը համակարգող խորհրդի՝ արտագրված է նաեւ ատենախոսության եզրակացությունների առաջին կետի հիմնական մասը:
Այսքանից հետո դժվար է ասել՝ ռեկտորը հրաժարական կտա՞, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ ոչ: Բայց արժի հիշել, որ 2 տարի առաջ Ռուսաստանում ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովը աշխատանքից հեռացրել էր Ռուսական պետական սոցիալական համալսարանի ռեկտոր Լիդիա Ֆեդյակինային: Ու պատճառն այն էր եղել, որ նա դոկտորական թեզ գրելիս գրագողությամբ էր զբաղվել: Հայաստանում կասկածելի է՝ կրթության եւ գիտության նախարարությունը այս քայլին կգնա՞, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԽՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՋՈՒՐ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Լոռու մարզի Բազում գյուղում բնակչությունը տարիներ շարունակ օգտվում է խմելու համար ոչ պիտանի ջրից: Գյուղում խմելու ջրի խնդիրը չնայած բարձրաձայնվել է բոլոր պատկան կառույցներում, սակայն խնդրի գոնե մասնակի լուծում որեւէ մեկը չի ձեռնարկում:
Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղում միայն մի ծորակ կա, որից ջուր է գալիս, այն էլ առողջապահության կողմից իրականացված նմուշառումների արդյունքներով ճանաչվել է խմելու համար ոչ պիտանի. «Միայն մի ծորակ կա գյուղում, էդ էլ վատ ջուր է գալիս, մեր գյուղի միակ խնդիրը դա է, բնակչության մի մասը ստիպված այդ ծորակից է օգտվում, մի մասն էլ ջուրը գնում է: Շաբաթական մեկ անգամ ջրով լի մեքենա է գյուղ գալիս, գումարները համայնքն է վճարում բյուջեից, սակայն բնակչությունը ինչպես կարող է ամառ օրով մի շաբաթ ջուր պահել»,-ասաց համայնքի ղեկավարը:
Բազում գյուղն ունի 1500 բնակիչ: Համայնքը մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 3 կմ հեռավորության վրա ու չնայած քաղաքին կից համայնք է, սակայն ջրի բացակայությունը շարունակում է օրակարգում մնալ՝ բնակչությանը ստիպելով արտագաղթել գյուղից, ինչը վստահեցնում է համայնքի ղեկավարը: Գյուղի՝ ջուր չունենալու պատճառը համայնքի բարձր դիրքն է:
Բնակիչներն ասացին, որ հոգնել են ամեն օր մի քանի հարյուր մետր դույլերով ջուր կրելուց: Հույսները դնում են եղանակի վրա՝ սպասելով անձրեւներին. անձրեւաջրերով էլ կարողանում են տան գործերը հոգալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը եւս փաստեց՝ համայնքում առկա ծորակից եկող ջուրը կոշտ ջուր է՝ խմելու համար ոչ պիտանի. «Պարբերաբար մեր կողմից նմուշառումներ են իրականացվում, որի ընթացքում շեղումներ են հայտնաբերվել ջրում: Բնակչությանը զգուշացրել ենք, որ ծորակի հոսող ջուրը խորհուրդ չի տրվում օգտագործել»:
Թե երբ կլուծվի համայնքում խմելու ջրի խնդիրը, որեւէ մեկը չգիտի: Փաստն այն է, որ խմելու ջրի բացակայությունը նպաստում է ոչ միայն արտագաղթին, այլ նաեւ խանգարում է բնակչությանը զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով ու ապրել բարեկեցիկ կյանքով:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 
200 ՄԼՆ ՎԱՐԿ՝ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԻՆ
Ասիական զարգացման բանկը կքննարկի 200 միլիոն դոլար վարկի տրամադրման հնարավորությունը երկաթուղային Հյուսիս-հարավ միջանցքի նախագծի իրականացման, ինչպես նաեւ Ադրբեջանի երկաթուղային ոլորտի զարգացման համար: Ինչպես նշված է հաղորդագրությունում՝ բանկի առաքելությունը 2016թ. նոյեմբերի 14-25-ը կգտնվի Ադրբեջանում՝ տվյալ նախագծի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու համար: «Նախագծի ընդհանուր ամփոփումը կանցկացվի 2016թ. դեկտեմբերի 12-ին, վարկի վերջնական հաստատման ժամկետը դեռ հայտնի չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վարկն ուղղվելու է հիմնականում Բաքու-Յալամա (Ռուսաստանի հետ սահման) երկաթուղային ճյուղի զարգացմանը՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային նախագծի շրջանակում եւ «Ադրբեջանական երկաթուղիների» զարգացմանը:
Ենթակառուցվածքների վերակազմավորման նախագիծը Հյուսիս-հարավի շրջանակում ենթադրում է Բաքու-Յալամա 441 կիլոմետրանոց հատվածի վերականգնում եւ գործարկում, բեռների օպերացիաների վերահսկման համակարգչային համակարգի զարգացում:

 

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամվող երեխաների խնամքի, կյանքի որակի բարելավման նպատակով կենտրոնների աշխատակիցները կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն: Պարտադիր զննությունը նշված հաստատություններում կկանխարգելի խնամվող երեխաների՝ տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր եւ հատուկ տիպի հաստատությունների աշխատակիցները, ովքեր անմիջականորեն երեխաների խնամք ու սպասարկում են իրականացնում, արդեն իսկ անցնում են առողջական վիճակի պարտադիր զննություն, իսկ, այսուհետ, նման զննությունը պարտադիր կդառնա նաեւ երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցների համար:




Լրահոս