ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը քաղաքական եւ հասարակական շրջանակների վրա առանձնահատուկ տպավորություն չի գործել. շատերը կարծիք են արտահայտում, թե հանդիպման ընթացքում հնչել են վաղուց ի վեր հայտնի եւ ծեծված խոսքեր: Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի համար տարօրինակը միայն Վլադիմիր Պուտինի կողմից հնչած մեկ արտահայտություն է եղել: Վասաձեի խոսքով՝ ղարաբաղյան կոնֆլիկտի առաջացման օրվանից ի վեր Վրաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ կոնֆլիկտը պետք է լուծել միջազգային իրավունքի շրջանակներում եւ երկու կողմերի շահերի համատեքստում:

«Ժողովուրդ»-ը Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների, Ռուսաստանի դերակատարման եւ Վրաստանի դիրքորոշման շուրջ զրուցել է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:
-Պարո՛ն Վասաձե, Դուք ի՞նչ տպավորություն ստացաք նախորդ շաբաթ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումից: Արդյո՞ք նման հանդիպումները կարող են որոշիչ նշանակություն ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում:
-Անկեղծ ասած, ՌԴ եւ ՀՀ նախագահների հանդիպումն ինձ վրա որեւէ էական տպավորություն չգործեց, միայն պահեստային խոսքեր էին եւ հայտարարություններ: Ինձ համար տարօրինակ էր Պուտինի կողմից արված այն հայտարարությունը, որ ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծել այնպես, որպեսզի բոլոր կողմերն իրենց զգան հաղթողներ, եւ ոչ ոք պարտված չլինի: Ցավոք, մամուլի ասուլիսի ժամանակ ներկա լրագրողներից չգտնվեց գոնե մեկը, ով Պուտինին կհարցներ, թե դա ինչպես է հնարավոր: Իսկ մեզ մնում է գուշակել, թե ինչ նկատի ուներ ՌԴ նախագահը: Եվ, առհասարակ, մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինի կողմից արված գլխավոր հայտարարությունը վերաբերում էր Ուկրաինային:
-Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հետագայում էլ պատրաստ է շարունակել կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:
-Այստեղ ամեն ինչ գրեթե հստակ է: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է այն մասին, որ չնայած երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին եւ հասարակական տրամադրվածությանը, Հայաստանը շարունակում է Ռուսաստանի համար հուսալի գործընկեր մնալ ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ Մաքսային միությունում եւ ԵՏՄ-ում:
-Իսկ Ձեր կարծիքով, Պուտինի հանդիպումները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ արդյո՞ք փոխկապակցված են իրար հետ:
-Իհարկե, կապված են: Փոփոխված հանգամանքներից, Թուրքիայում ձախողված հեղափոխությունից հետո Պուտինը փորձում է ձեւավորել Ռուսաստանի նոր քաղաքականություն ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում: Դրա համար էլ նախաձեռնվել էր այդ դիվանագիտական մրցավազքը: Ի դեպ, այդ մրցավազքը դեռեւս շարունակվում է, եւ այդ հանդիպումներից մի քանի օր հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Զարիֆի հետ, որն այդ պահին աշխատանքային այցով գտնվում էր Իրանում: Այս մրցավազքի նպատակը Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն է, որը տնտեսական առումով հնարավոր է, քանի որ Ռուսաստանը տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ համաձայնության է հասել Ադրբեջանի եւ Իրանի հետ: Ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտին, ապա այս դեպքում Պուտինի համար գլխավորը հանդիսանում է խաղաղապահ զորքերի տեղակայումը Ղարաբաղում: Սակայն այս ծրագրի հետ համաձայն չէ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առավել եւս Հայաստանը: Ցավոք, այս ամենը բարձրացնում է նոր էսկալացիայի հնարավորությունը: Երեւանի վրա ճնշումները միայն կավելանան, քանի որ ստեղծված իրավիճակում Պուտինի համար կարեւոր է ցույց տալ, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման բանալին գտնվում է հենց իր գրպանում:
-Թուրքական կողմից հայտարարություններ եղան, որ իրենք ցանկանում են ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Ղարաբաղի շուրջ ծավալվող գործընթացներին: Դուք այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք, դա ի՞նչ կարող է փոխել:
-Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Թուրքիան ստացել է կապի ալիք՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատի տեսքով: Իհարկե, այս ֆորմատը չի կարող մրցակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի հետ, բայց այն մաքսիմումն էր, որին կարող էր այս փուլում հասնել Անկարան: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում Երեւանի համար անիմաստ կլինի միանալ այդպիսի ֆորմատի, սակայն անկասկած է, որ այդ ֆորմատի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները ռուսական կողմի միջոցով կտեղեկացվեն հայկականին:
-Իսկ ինչպե՞ս են Վրաստանում վերաբերում այս գործընթացներին եւ ինչպես են տեսնում ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծումը:
-Հասկանալի է, որ այս գործընթացներում շատ քիչ բան է կախված Վրաստանից: Սակայն նույնքան հասկանալի է, որ բոլոր ընթացող գործընթացները չեն կարող չանհանգստացնել Վրաստանին, չէ որ տարածաշրջանում կատարվող բոլոր գործընթացներն ազդում են երկրի անվտանգության եւ ներդրումային իրավիճակի վրա: Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա կոնֆլիկտի առաջացման սկզբից այն չի փոփոխվել եւ կայանում է նրանում, որ կոնֆլիկտն անհրաժեշտ է լուծել միջազգային իրավունքի շրջանակներում եւ երկու կողմերի շահերի համատեքստում: Իհարկե, հստակ լուծումների առաջարկներ Վրաստանի իշխանությունները չունեն:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 
ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Նախօրեին ԼՂՀ խորհրդարանը հրապարակեց Արցախում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի՝ ԼՂՀ-ում պատրաստվում են կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել նախագահականի:

Ինչ են մտածում այս մասին Լեռնային Ղարաբաղում, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանից:
-Պարո՛ն Իշխանյան, նախօրեին հրապարակվեց Արցախում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի՝ ԼՂՀ-ում պատրաստվում են կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել նախագահականի: Սա ի՞նչ կտա Արցախին:
-Մենք մեր կարծիքը հայտարարել ենք հրապարակավ, որ մեզ համար ընդունելի է պառլամենտական համակարգը եւ փորձել ենք պառլամենտական համակարգի հայեցակարգային սկզբունքները արմատավորել: Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը կողմ արտահայտվեցին նախագահական համակարգին եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը իր վերջնական եզրակացությունը կայացրեց այդ կուսակցությունների հիման վրա: Դեռեւս պետք է քննարկենք, տեսնենք մեր հետագա քայլերը, հնարավոր է՝ պառլամենտարի սկզբունքները տեղ գտնեն Սահմանադրության նախագծի մեջ:
-Իսկ ինչո՞ւ այժմ որոշվեց հրապարակել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Դրա անհրաժեշտությունը որքանո՞վ էր մեծ հենց այս փուլում:
-Քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում ի հայտ եկած սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը դեռեւս փետրվարին էր մեկնարկել, արդեն իսկ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո Արցախում սկսեցին քննարկումները: Ապրիլյան դեպքերը պարզապես ազդեցին, որ որոշ ժամանակով հետաձգվեցին այդ քննարկումները:
-Պարո՛ն Իշխանյան, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2020 թվականը, այսինքն՝ ԼՂՀ նախագահի պաշտոնավարությունը երկարաձգվելու է 3 տարով: Դուք ի՞նչ գիտեք այս մասին եւ, առհասարակ, ինչպես եք գնահատում նման հեռանկարը:
-Անցումային դրույթների խնդիրները ո՛չ հայեցակարգում կան տեղ գտած, ո՛չ էլ քննարկվել են: Այստեղ խնդիրը չի վերաբերում Բակո Սահակյանի անձին եւ Բակո Սահակյան նախագահին, այսինքն՝ երբ որ անցումային դրույթների շուրջ ի հայտ կգան ընդհանուր տեսակետները, մոտեցումները արդեն պարզ կդառնա, բայց մի բան ակնհայտ է, որ մինչեւ 2020 թվականը գործող խորհրդարանի լիազորությունների ավարտի ընթացքում 2017 թվականից ընկած ժամանակահատվածը լինելու են անցումային դրույթներ:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Այսօրվանից սկսվում է հոկտեմբերի 2-ին Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ավագանու անդամի ըմտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների առաջադրումը կավարտվի օգոստոսի 28-ին՝ ժամը 18.00-ին, որից հետո պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժերն են որոշել Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքների համար պայքարել: Հիշեցնենք, որ Գյումրին եւ Վանաձորը առաջին անգամ ոչ թե քաղաքապետ, այլ ընդլայնված լիազորություններով կուսակցական առաջադրմամբ ավագանի են ընտրելու, որն էլ իր կազմից քաղաքապետ կընտրի: Առաջիկա ընտրությունների որակից եւ արդյունքներից է կախված, թե Գյումրին եւ Վանաձորը առաջիկա հինգ տարիներին ինչպես կզարգանան: Հասկանալի է, որ վերջին տարիների բոլոր համապետական ընտրություններում ընդդիմության օգտին քվեարկած Գյումրին եւ Վանաձորը փոփոխություններ են պահանջում: Եթե այս քաղաքների բնակչությանը հաջողվի իրենց տեղական իշխանությունների, հետեւաբար նաեւ ապագայի նկատմամբ վերաբերմունքը փոխել, ապա դա կարող է ողջ հանրապետության համար օրինակ դառնալ:

 

 

8 ԱՄԻՍ ԱՆՑ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանավորված անձանց օրերս թույլատրել են առաջին անգամ տեսակցել իրենց հարազատների հետ: Ըստ էության, նշված խմբի անդամները, որոնք շուրջ 8 ամիս է՝ կալանավորված են, մինչ այս հնարավորություն չեն ունեցել տեսնել իրենց հարազատներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա մեկ ամսում այս գործով անցնող անձանցից մի քանիսի մասով հնարավոր է՝ մաս անջատվի եւ ուղարկվի դատարան:

 

 

ԳՈՒՄԱՐ՝ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կհաստատի ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների կողմից 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային, քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները: Ըստ այդմ, արտասահմանյան գործուղումների գծով ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը կհատկացվի 10 մլն դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 50 մլն դրամ, պետական եկամուտների կոմիտեին՝ 10 մլն դրամ, մշակույթի նախարարությանը՝ 6 մլն 200 հազար դրամ, իսկ ֆինանսների նախարարությանը՝ 16.5 մլն դրամ եւ այլն:




Լրահոս