ՀԱՆՈՒՆ ԱՃԻ, ԸՆԴԴԵՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտոնական վիճակագիրներն ու տնտեսության վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ պատրաստող պաշտոնյաների երեւակայության անսահմանությունը վաղուց հանրահայտ իրողություն է, սակայն երբեմն նրանք էլ այնպիսի զեղծարարության են դիմում, որ ակամա ապշել կարելի է, թե ինչպես են մարդիկ առանց անհարմար զգալու նման տեքստեր գրում:

Այսպես՝ պետական բյուջեի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի կատարողականի մասին ՀՀ ֆինանսների նախարարության կազմած տեղեկանքում, մեղմ ասած, շշմեցնող տվյալների կարող ենք հանդիպել: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով արդյունաբերության 8,9 տոկոս աճ են արձանագրել: Ֆինանսների նախարարության մասնագետները տեղեկանքում փորձել են պարզաբանել, թե ինչի հաշվին է այդ աճը տեղի ունեցել: Արդյունքում, այդ փաստաթղթում այսպիսի ձեւակերպման ենք հանդիպում. «Էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումն աճել է 11.4%-ով, ինչը պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման եւ բաշխման 15.8% աճով»: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է. մարդիկ էլէներգիայի աճ են արձանագրել, դրանում տարօրինակ ոչինչ չկա: Սակայն հաջորդ նախադասություններում կարդում ենք. «Հատկանշական է, որ ոլորտի աճն ապահովվել է էլեկտրաէներգիայի բաշխման էական (շուրջ 65%) աճով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու հաղորդումը նվազել են՝ համապատասխանաբար 2.3%-ով եւ 12%-ով: Էլեկտրաէներգիայի եւ ջերմաէներգիայի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են 4.9%-ով` պայմանավորված հիմնականում ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի 22% նվազմամբ»: Այսինքն՝ մի կողմից պնդում են, թե էլեկտրական էներգիայի մատակարարման աճ են արձանագրել, մյուս կողմից էլ նկատում, որ արտադրությունը նվազել է: Նշում են, թե էլէներգիայի բաշխումը շեշտակի աճել է, բայց հաջորդ պահին արձանագրում, որ հաղորդումը նվազել է: Եթե էլէներգիան քիչ է արտադրվել, ինչպես կարող էր բաշխումն աճել, չեղած բանը ինչպես են բաշխել:
Պակաս ուշագրավ չի նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ բերված տվյալները: Տեղեկանքի հեղինակները հպարտությամբ նշել են, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կաթի արտադրությունը 3,4 տոկոսով աճել է: Իհարկե, տոկոսային արտահայտությամբ այդ թիվը ընթերցողին կարող է ոչինչ չհուշել, սակայն պատկերն առավել հասկանալի է դառնում, երբ ուսումնասիրում ենք կաթի արտադրության ծավալները բնամթերքով: Այսպես՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 443 հազար 100 տոննա կաթ: Այսինքն՝ ըստ պաշտոնական վիճակագիրների՝ օրական Հայաստանում արտադրվել է 2 մլն 461 հազար 660 լիտր կաթ, սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի ամեն մի բնակիչ օրը մեկ լիտր կաթ է սպառում: Իհարկե, շատերը կասեն, որ սուտ է, նորմալ մարդը այդքան կաթ եւ կաթնամթերք չի կարող սպառել, բայց այդ ամենը պաշտոնական վիճակագիրներին չի հետաքրքրում:
Հայաստանում ձվի ատադրության տվյալները ուսումնասիրելիս պատկերն ավելի դիտարժան է դառնում: Պարզվում է՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանում 419 միլիոն 600 հազար հատ ձու է արտադրվել, կամ մեկ օրում 2 միլիոն 331 հազար հատ: Կարելի է կարծել, թե պաշտոնական վիճակագիրներն իրենց հաշվարկներում ոչ միայն հավի, այլեւ ճնճղուկների ու ագռավների ձվերն էլ են ներառել: Իսկ ինչու ոչ, ինչեր ասես, որ չես անի՝ աճ «նկարելու» համար: Բայց ողջ խնդիրը կայանում է նրանում, որ եթե այդքան ձու արտադրվել է, ապա այն պետք է նաեւ սպառվի: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ամեն մի բնակիչ օրական ուտում է առնվազն մեկ ձու: Հասկանալի է, որ դա անհնար է, բայց, դե, Հայաստանի պաշտոնական վիճակագիրների համար անհնար ոչինչ չկա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԵՐԿՈՒՍԻՆ ԷԼ ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Սարի թաղում լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության գործով նոր տվյալներ են ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է՝ այս գործով երկու անձ է կալանավորվել, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 164-րդ հոդվածի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյակ կալանքը: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց եւս երկու հոգու ձերբակալելու մասին, որոնց նույն մեղադրանքն է առաջադրվել: Ենթադրվում է, որ նրանց համար եւս նախաքննությունը վարող քննիչները կալանքի միջնորդություն կներկայացնեն դատարան: Մեր տեղեկություններով՝ այս գործով մեղադրյալների թիվը նշված չորս անձով չի սահմանափակվի: Առաջիկայում էլի կալանավորումներ կլինեն:

 

 

ՀՈՒՄՈՐՈՎ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունը օգոստոսի 4-ին պայմանագիր է կնքել «Շիրակա դուռ» ՍՊԸ-ի հետ: Ըստ այդմ, ՀՀ ԱԱԾ-ն ձեռք է բերել 1900 հատ զուգարանի թուղթ: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ մեկ զուգարանի թուղթը գնվել է 110 դրամ, եւ դրա համար պետբյուջեից հատկացվել է 209 հազար դրամ: Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ ԱԱԾ-ն զուգարանի թուղթ է գնել: Պարզապես ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել հատկապես «Սասնա ծռեր» խմբավորման հայտնի պատմություններից հետո, մի փոքր էլ խմբաքանակն է, կարծես, շատ սովորականից:

 

 

ԵՍ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԵՄ ԱՍԵԼ
Տարիներ առաջ համացանցի «սիրված» հոլովակներից մեկը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակի պատրաստման կադրերն էին, որի ընթացքում օլիմպիական չեմպիոն, Հայաստանի Հանրապետության մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը հայհոյում էր Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը փորձեց Ալբերտ Ազարյանից պարզել, ի վերջո, այդ ինչ տեսագրություն էր: «Դրել են, որ վարկաբեկեն ինձ, ընդհանուր ժողովի ժամանակ ես այդպիսի բաներ չէի կարող ասել, հնարավոր չի»,- պատասխանեց լեգենդար մարզիկը: Մեր այն հարցին, թե ով էր այդ կերպ ցանկանում իրեն վարկաբեկել, Ալբերտ Ազարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ով որ արել է, նա պետք է ասի՝ ինչի համար է արել»:

 

 
ԱՆԴՐԻԱՍԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ
«Նոր Հայաստան» շարժման ձերբակալված անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը. «Անդրիասն այս օրերին միայն ջուր է խմում»: Փաստաբանը նաեւ նշել է, որ իրենք դիմել են վերաքննիչ դատարան, սակայն մինչ այժմ դատական նիստ նշանակված չէ. «Դիմել ենք վերաքննիչ դատարան՝ կալնավորման որոշումը բողոքարկելու համար, սակայն մինչ այժմ ծանուցում չենք ստացել, եւ նիստի օր նշանակված չէ»: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

 

 

ԿՈՐՈՇՎԻ՝ ԲՈՂՈՔԱՐԿԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ
Միհրանը չեմպիոն է, եւ վերջ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի` եզրափակչում մրցավարական անարդարության «զոհ» դառնալուն, հայտարարել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ եւ գործադիր տնօրեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը: ArmLur.am-ի հարցին` հնարավո՞ր է արդյոք բողոքարկել վճիռը, Սոֆոյանը պարզաբանել է, որ պարզ կդառնա թիմի Հայաստան ժամանելուց հետո. «Թող թիմը վերադառնա, եւ մենք կքննարկենք, թե որը կլինի հաջորդ անհրաժեշտ քայլը»: Անդրադառնալով Միհրանի այն հայտարարությանը, որ սպորտն արդեն իրեն հետաքրքիր չէ, Սոֆոյանն ասել է, որ էմոցիոնալ պահի հնչած հայտարարություն է. «Որպես կանոն` մեր մարզիկներն իրենց որոշմամբ չեն թողնում սպորտը: Կարծում եմ, որ էմոցիաների տակ հնչեցրած հայտարարություն է: Տեսնենք, թող վերադառնա Հայաստան, կորոշենք ամեն ինչ»:

 

 

ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻՑ
Երեկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին եւ տեղեկացրել է, որ դուրս է գալիս Գեղարվեստի պետական ակադեմիայի խորհրդի կազմից: Նաիրա Զոհրաբյանը Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորին ուղղված նամակում նշել է, որ պետական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր կամ կուսակցական բարձրաստիճան անձ չպետք է լինի որեւէ ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, եւ ԲՈՒՀ-երը պետք է ունենան իրական եւ ոչ իմիտացիոն ինքնավարություն: ԲՀԿ խմբակցության ղեկավարը կոչ է արել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին եւ կուսակցական բարձրաստիճան անձանց, ովքեր ներկայացված են այս կամ այն ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, դուրս գալ նշյալ խորհուրդներից:

 

 

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին հագեցած միջազգային ծրագիր է սպասվում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Էռլան Իդրիսովը: «Աշնանը մենք կմեկնենք Լեհաստան, Սերբիա: Ինչպես նաեւ մենք հրավիրված ենք Չինաստանում սեպտեմբերի սկզբին կայանալիք «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին: Ղազախստանի նախագահն աշնանը կայցելի նաեւ Հայաստան, Ադրբեջան, Ճապոնիա, Կորեա, Սաուդյան Արաբիա եւ Հորդանան»,-ասել է Իդրիսովը Աստանայում արտասահմանյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:




Լրահոս