Ռիո դե Ժանեյրո-Սան Պաուլո-Դոհա-Երևան չվերթով հայրենիք վերադարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականը:
Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեցին հայ օլիմպիականներին: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ` դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է:
Բազմամարդ օդանավակայանում կանգնելու տեղ չկար: Հայ օլիմպիականներին դրսում մեծ հրավառություն էր սպասվում, որից հետո նստեցին իրենց համար նախատեսված ավտոբուսը և ուղևորվեցին Հանրապետության հրապարակ: Հազարավոր երկրպագուներ վանկարկում էին Հարությունյանի անունը, ինչը շատ հուզեց վերջինիս և արցունքներն աչքերին խոստացավ, որ նման ուրախություն իր ազգին նորից է ցանկանում պարգևել:
Հայ մարզիկները ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նվաճել են 4 մեդալ: 20 տարվա դադարից հետո ոսկե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մրցավարների կողմնակալ որոշման արդյունքում ոսկուց զրկվել և փոխչեմպիոն է դարձել ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ են դարձել ծանրորդներ Սիմոն Մարտիսոսյանն ու Գոռ Մինասյանը: