ԴԵՌ 2007-ԻՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԻՏԵՐ, ՈՐ ՌԴ-Ն ԶԻՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրին բավականին հետաքրքիր զեկուցագիր է կազմել 2007թ. փետրվարի 16-ին այնժամ ՀՀ Պնախարար Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Ջիմ ՄաքԴուգալի հանդիպման կապակցությամբ: «Վիկիլիքսի» շնորհիվ պարզվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի ռազմական հնարավորությունները` Ադրբեջանի հետ համեմատությամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի չեզոքությունը ԼՂ հակամարտության նկատմամբ: Չեն շրջանցվել նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները:

Այսպես՝ Սերժ Սարգսյանը իրեն հարազատ ոճով շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին` շարունակական ու ամուր դարձած հայ-ամերիկյան գործակցության համար: Սարգսյանը շեշտել է, որ տարիներ առաջ ոչ ոք չէր հավատա, որ Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ նման բարձր մակարդակի հարաբերությունները հնարավոր են: Սարգսյանն արտահայտել է համոզմունք, որ ՀՀ Պնախարարությունը շարունակելու է կարեւորագույն ռազմական վերափոխումները` վերջնական նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի զինված ուժերի որակը: Նա որպես օրինակ հիշատակել է Իրաքում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական կոնտիգենտը` պատմելով նաեւ իր այցի մասին: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Իրաք կատարած այցելության ժամանակ համոզվել է, թե ինչքան մեծանշանակ է արհեստավարժ եւ ունակ զինված ուժեր ունենալը: 2007թ. դառնալով վարչապետ, իսկ 2008-ից առ այսօր աշխատելով որպես նախագահ` Սերժ Սարգսյանը ավելի լայն հնարավորություններ ուներ նպաստելու հայկական բանակի պրոֆեսիոնալացմանը: Սակայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ սահմաններում կանգնած են 18-20 տարեկան, կարելի է ասել, անփորձ երիտասարդները: Իհարկե, դյուրին է դպրոցական նստարանից նոր ելած 18 տարեկան երիտասարդին, ընտանիքից կտրելով, տանել դիրքեր ու երկու տարի հետո վերադարձնել` որպես հերոս կամ հաշմանդամ: Այսպիսի սովետական ժամկետանց ավանդույթների շարունակումը ջանք չի պահանջում, մինչդեռ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելը բարդ գործ է, ինչի ժամանակը, իհարկե, իշխանությունները չունեն:
Ինչեւէ, տարածաշրջանի երկրների հետ ռազմական համագործակցության խնդրին անդրադառնալիս Սերժ Սարգսյանն այնքան էլ լավատես չի եղել: Նրա տպավորությամբ` Հարավային Կովկասն այլեւս նախկին անվտանգ երկրամասը չէ, եւ ի հեճուկս արեւմուտքի միջնորդական առաքելության` Արցախում ռազմական գործողությունների վտանգն իսկապես մեծ է: Սարգսյանը նախագահ հռչակվելուց ընդամենը մեկ տարի առաջ նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանները հազիվ թե բացվեն մոտ ապագայում: Իսկ, ահա, Վրաստանի հետ տիրող իրավիճակի կապակցությամբ նա արտահայտել է իր ափսոսանքը, որ Հայաստանը չի կարողանում հյուսիսային հարեւանի հետ մեծացնել ռազմական համագործակցության աստիճանը: Նրա պնդմամբ` թեեւ Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են, վերջինիս անվտանգության մարտահրավերներն ու համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի համար նպաստավոր չեն: Սարգսյանն ընդունել է, որ Վրաստանի որոշումները Հայաստանի դեմ չեն ուղղված եղել եւ հիմնված էին այդ երկրի բարգավաճման ու ազգային անվտանգության հիմնահարցերի վրա: Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը բավականին լավ պատկերացրել է Վրաստանի ազգային շահերն ու խորը հարգանքով վերաբերվել դրանց: Մինչդեռ ցայսօր հրաժարվում է տեսնել Հայաստանի ազգային-պետական շահերը` որեւէ իրական բարեփոխում երկրում չանելու համառությամբ:
Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ գնահատել է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Նրա համոզմամբ` հակամարտության խաղաղ կարգավորման Հայաստանի պատրաստակամությունը Ադրբեջանին թուլություն է թվացել` նպաստելով ռազմական բառապաշարի կիրառմանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանը գնում է պաշտպանողական զենք` մատնանշելով Ադրբեջանի կողմից ձեռք բերված 14 MIG-29 կործանիչների փոխարեն Հայաստանի հայթայթած պաշտպանական նոր համակարգերը: Նրա ծանուցմամբ` 2006-ին Ադրբեջանը գնել էր 150 տանկ, որոնց Հայաստանն իր ունեցած հակատանկային պաշտպանությամբ միարժեքորեն ի վիճակի էր դիմագրավել: Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի պահպանել ռազմական օգնության հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ընդգծելով, որ Հայաստանի իշխանություններում չկա մեկը, որ ԱՄՆ-ին ադրբեջանամետ համարի: Սերժ Սարգսյանը բավականին նշանակալից հայտարարություն է արել` պնդելով, որ ԱՄՆ-ի աջակցությունը թույլ է տալիս հավասարակշռել Ռուսաստանի ու իսլամական երկրների կողմից Ադրբեջանին մատուցվող օգնությանը: Նա հայտնել է, որ 2003թ. Ռուսաստանն Ադրբեջանին տվել է 63 տանկ, իսկ Հայաստանին` 0:
Ահա այսպիսին էր Սարգսյանը պատկերացնում մեր անվտանգության համակարգը, երբ 2013թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերում հայտնվեց ԵՏՄ-ի գրկում: Քաջ գիտակցելով Ադրբեջանի ու Հայաստանի հետ Ռուսաստանի վարած խաղի առանձնահատկությունները, հրաշալիորեն իմանալով, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը` Սերժ Սարգսյանը չարաբաստիկ որոշումներով Հայաստանն էլ ավելի մեծ կախվածության մեջ գցեց Ռուսաստանից: Հետաքրքիր է` այդ ինչպիսի՞ օգնություն է ԱՄՆ-ն տվել կամ այսօր գուցե թե տալիս Հայաստանին, որ հավասարակշռում է Ադրբեջանի տիրապետած ռազմական հնարավորություններին: Ոչ այլ ոք, քան Սերժ Սարգսյանն է պնդում, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանին: Այդ աջակցությունն էլ, բնականաբար, Բուրկինա Ֆասոյի դեմ չէ ուղղված, այլ ուղղակիորեն Հայաստանի: Այսպիսի խոստովանություններից հետո կա՛մ Սերժ Սարգսյանը պետք է 2008թ. նախագահ դառնալուց հետո աստիճանաբար դուրս գար ռուսական ազդեցությունից, կա՛մ էլ օր առաջ հրաժարական տար` Հայաստանը հակառակորդների համար փորձադաշտ չդարձնելու մտավախությունից դրդված:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ԳՆՈՒՄ-ԳԱԼԻՍ ԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առաջ: Մասնավորապես, համայնքը նախկինում ունեցել է մոտավորապես 3700, իսկ այսօր 3111 բնակիչ: «Ժողովուրդ»-ը համայնքի առաջնային խնդիրների եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արծվաբերդ համայնքի ղեկավար Վոլոդյա Ուզունյանի հետ:
-Պարո՛ն Ուզունյան, ո՞րն է այսօր Ձեր գյուղի հիմնական ու առաջնային խնդիրը:
-Դե, հիմնականում խմելու ջրագիծն է, բայց ներկա պահին աշխատում է: Մանկապարտեզն էլ նոր է կառուցվում:
-Այսինքն՝ գյուղում այլեւս խնդիրներ չկան, ամեն ինչ կարգի՞ն է:
-Երկու դպրոց էլ ունենք, որ քանդված վիճակում են, բայց մեզ կառավարությունից ասեցին, որ դպրոցների վերանորոգումը 2016-2017թթ. նոր կընդգրկվի պլանի մեջ:
-Անձամբ Դուք ի՞նչ եք անում գյուղի հիմնական խնդրի լուծման համար:
-Դպրոցների համար հիմնականում կառավարությանն ենք դիմել: Պատգամավորի միջոցով էլ ենք դիմել: Դե՛, տարբեր կազմակերպությունների դիմում ենք, էլի:
-Եվ ի՞նչ արդյունքներ կան. կարո՞ղ եք թվարկել, թե կոնկրետ ինչ հարցեր են լուծվել:
-Օրինակ՝ «Վիվասել» ընկերությունը ջրագիծն ու պոմպակայանն են կառուցել:
-Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Ձեր համայնք վերջին անգամ ե՞րբ է եկել եւ ի՞նչ հարցով:
-Մարզպետը վերջին անգամ մեկ ամիս առաջ է եկել: Ընդհանուր գյուղի խնդիրների մասին ենք խոսել:
-Իսկ ի՞նչ արդյունք է տվել մարզային իշխանության ներկայացուցչի այցը. կոնկրետ:
-Մարզպետը Չորաթան, Արծվաբերդ եւ Վերին Կարմիր համայնքների համար նախատեսված 35 կմ ջրագծի կառուցման համար դիմել է վարչապետին, նրանք էլ ասել են, որ այս տարի պետք է նախագիծ անեն, իսկ մյուս տարի էլ կսկսեն շինարարական աշխատանքները:
-Ձեր համայնքի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ե՞րբ է վերջին անգամ համայնք եկել եւ ի՞նչ հարցով:
-Համայնքի պատգամավորը երեւի մի 20 օր առաջ է եղել համայնքում:
-Եւ ի՞նչ արդյունք է տվել այդ հանդիպումը:
-Դե՛, էդ մի անգամ գալով չի արել, բայց, դե, ընթացքում գյուղի ժողովրդին է օգնել, ուսանողների վարձերն է օգնել վճարել: Դե՛, ինչ-որ հարցով դիմել ենք, օգնել է, էլի:
-Կառավարությունից վարչապետ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ո՞վ է երբեւէ գյուղ այցելել, ի՞նչ հարց է լուծել:
-Վարչապետն անցած տարի է եկել: Ներկայացրել ենք մանկապարտեզի ու խմելու ջրագծի հարցը: Ներկա պահին երկուսի շինարարությունն էլ սկսվել է:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգոստոսի 17-ին այցելել է Հայաստանի քաղաքացուն, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանը, եւ պահվում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում: ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որ կոմիտեն իր մանդատի համաձայն տրամադրել է նրան ընտանեկան բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն: Նախիջեւանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած տղամարդը Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանն է` ծնված 1954թ.: Նա, ամենայն հավանականությամբ, սահմանը հատել է օգոստոսի 7-ին:

 

 

 
ՑՈՐԵՆԻ ՆԵՐԿՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ է

«Ատ գրեյն» ընկերությունը, որը երկար տարիներ զբաղվել է սննդի եւ ալյուրի արտադրությամբ, սնանկացել է:

Ըստ ՀՀ պետական ռեգիստրից ստացված տվյալների՝ ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին Տիգրան Զաքարյանի եւ Արտյոմ Մակարյանի կողմից: Այն գործել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում եւ զբաղվել սննդի արդյունաբերությամբ եւ ալյուրի արտադրությամբ: «Ատ գրեյն»-ը հիմնականում զբաղվել է ցորենի ու գարու ներկրմամբ: Հիմա ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 6-ի վճռով «ԱՏ Գրեյն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Ընկերության պարտատերերն են՝ «Ամերիաբանկ» ԲԲԸ-ն, որին «Ատ գրեյն»-ը պարտք է 92 հազար 609 դոլար, ՀՀ պետբյուջեն՝ 500 հազար դրամ, «ՌԱՍՏՐ գործարան» ԲԲԸ-ն՝ 150 հազար դոլար եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 2 մլն 554 հազար 154 դրամ:
«Ատ գրեյն»-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի խոսքերով՝ «Ատ գրեյն»-ը վերոնշյալ ընկերությունների նկատմամբ ունեցած դրամական պարտավորությունները չի կատարել: Ինչի արդյունքում էլ հայտնվել է նման կարգավիճակում: Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ»-ի «Ատ գրեյն» ընկերության տնօրեն Գրիգոր Խալափյանին գտնելու ջանքերը զուր անցան: Նրա հեռախոսահամարն անջատված էր:
Զրուցեցինք մի քանի սպիտակցիների հետ, որոնք պատմեցին, որ ընկերությունը ֆինանսական խնդիրներ սկսեց ունենալ 2014 թվականից, երբ Լոռու մարզում օպերատիվ հետախուզության վարչության Վանաձորի բաժինը բացահայտել էր ստվերում աշխատող մի քանի ընկերության գործունեություն: Ըստ այդմ, ապրանքը մատակարարից մինչեւ վաճառող եւ վերջնական գնորդ հասել էր առանց անհրաժեշտ փաստաթղթերի: Այդպես էր աշխատել նաեւ «Ատ գրեյն» ընկերությունը, ում պատկանող մեքենայում հայտնաբերել էին 250 պարկ ցորենի թեփ, որը առաքվում էր Լոռու մարզի Ամրակից գյուղում գործող Ա/Ձ Աշոտ Մեսրոպյանին: Առաքողի խոսքով` տեղափոխվող ապրանքի արժեքը կազմում էր 299 հազար 376 դրամ, եւ հենց այդ գումարի ՀԴՄ կտրոն էլ դուրս է գրվել: Սակայն պարզվել էր, որ ավտոմեքենան իրականում բեռնված է եղել 486 հազար դրամ արժեքի ցորենի թեփով:
Համաձայնեք, փոքր գումարներ են, եւ եթե այդ տուգանքը անգամ կարող էր ընկերության սնանկության հասցնել, ուրեմն մտածելու բան ունի ՀՀ կառավարությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս