«Ալյոտիգ» ընկերությունը, որը պետք է զբաղվեր Հայաստանում 3՝ Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ, ձախողել է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին դիմել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել «Ալյոտիգ» ընկերությանը սնանկ ճանաչել: Բանն այն է, որ ընկերությունը չի կատարել հարկային պարտավորությունները:
Այս ընկերությունը հաշվառված է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում: Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ Ազգային ժողովում բուռն քննարկվեց Հայաստանի երեք խնդրահարույց պոչամբարներում` Ողջիում, Փխրուտում եւ Արծվանիկում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Ինչի ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության՝ «Ալյոտիգ»-ի գործունեության արդյունավետությունը: Նշենք, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է վերամշակել Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, ինչպես նաեւ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետեւանքով առաջացած արտադրական լցակույտերը: Ըստ նախագծի` առաջին փուլում նախատեսվում էր 330 միլիոն դոլարի ներդրում անել: Այդ ընթացքում ծրագրով հետաքրքրված է եղել ՀՀ-ում գրանցված միայն մեկ կազմակերպություն, որն էլ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարող է արտադրական լցակույտերից արտադրանք ստանալ: Իսկ ծրագրին ֆինանսական աջակցություն էր տրամադրելու մետալուրգիայով զբաղվող միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը:
Նկատենք, որ օրենքով պոչամբարների վերամշակումը պետք է իրականացներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն: Ավելին՝ «Ալյոտիգ» ընկերությունը խոստանում էր, որ պոչամբարների վերամշակման արդյունքում դրանց ռիսկայնությունը կնվազի, իսկ կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցեր: Բացի այս՝ նրանք խոստանում էին, որ այս ամենի արդյունքում Սյունիքի մարզում շուրջ 1500 աշխատատեղ կբացվի: Եւ ամիսներ անց պարզվում է, որ դրանք միայն սին խոստումներ էին:
Ավելին՝ նախորդ տարվա հունիսին, երբ Ազգային Ժողովում բուռն քննարկվում էր «Ալյոտիգ»-ի՝ ՀՀ-ում 3 պոչամբարների վերամշակման մասին հարցը, ամիսներ անց՝ դեկտեմբերին, ֆինանսների նախարարությունը ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայցի պատճառը եղել է ընկերության՝ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունները, որոնք դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 25-ի դրությամբ կազմել են 13 մլն 436 հազար դրամ: Ի դեպ, նշենք, որ «Ալյոտիգ»-ը սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը: Արդյունքում դատարանի այս տարվա հունվարի 8-ի վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Ալյոտիգ» ընկերության գլխավոր տնօրեն Մանվել Ոսկանյանի հետ, սակայն վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ալյոտիգ»-ի սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանի հետ: Սակայն վերջինս լսելով ընկերության սնանկանալու մասին հարցը՝ անմիջապես հայտարարեց, որ ընկերությունը կարճ ժամանակահատվածում առողջացել է. «Այս պահին առողջացած է ընկերությունը: Գումարների չվճարման հետ կապված խնդիր կար, բայց նրանք այն արդեն վճարել են: Ֆինանսների նախարարությանը պարտքեր ունեին եւ դրանք մարեցին: Իրենք նույնիսկ տեղյակ չէին եղել, որ նախարարությունը դատարան է դիմել»:
Հարկ ենք համարում հիշեցնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ԱԺ-ում այս նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթը. «Արդյոք կառավարությունը տեղյակ է, թե տվյալ ընկերությունն ինչ տեխնոլոգիաներով պետք է իրականացնի պոչամբարների վերամշակումը, եթե դրա փորձը չունի: «Ալյոտիգ» ՍՊԸ-ի անունը ոչինչ չի ասում, այն ունի՞ արտադրական թափոններ եւ պոչամբարներ մշակելու փորձ, թե՞ ոչ: Իսկ մյուս կազմակերպությունը, որը հանդիսանում է գումար տրամադրողը՝ VSEI ձեռնարկությունների խումբը, որպես կողմ` անուն, ազգանուն նշված է Եվգենի Գիներ: Այս կազմակերպության գործունեության ուղղություններն են անշարժ գույքի առքուվաճառքը, հյուրանոցային բիզնեսը, տարբեր ոլորտներ, որոնք ընդհանրապես կապ չունեն գիտության եւ հանքարդյունաբերության հետ: Ու՞մ ենք մենք տրամադրում այսպիսի մոնոպոլիա: Այդ ընկերությունը, որը պետք է ներդրում կատարի, ռուսական է եւ այն պատժամիջոցների տակ է գտնվում: Իհարկե, գաղափարը ողջունելի է, բայց ես առաջարկում եմ, որ գործադիրը հետ վերցնի նախագիծը, քանի որ լսումների եւ լուրջ ուսումնասիրությունների կարիք կա»: Ստացվում է, որ պատգամավորը չէր սխալվում: Եւ այս ամենի արդյունքում հայրենի կառավարությունը պատրաստվում է 3 խնդրահարույց պոչամբարների վերամշակումը վստահել նման ընկերության:
Արդյո՞ք պոչամբարների վերամշակման ծրագրում ներդրումներ եղել են, եւ ընկերությունն ի՞նչ գործունեություն է ծավալել կատարված ներդրումներով: Այս հարցերը, ցավոք, դեռ պատասխաններ չունեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ապրիլյան դեպքերի հետեւանքով ստացած վնասվածքների պատճառով օգոստոսի 5-ի դրությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու՝ օրենքով սահմանված գործընթաց է իրականացվել 20 զինծառայողների նկատմամբ, որոնցից 9-ն արդեն ստացել են հաշմանդամության կարգ: Ինչպես «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի Հանրապեության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ներկայում բուժման մեջ են գտնվում 3 հոգի, որոնցից 2-ի վիճակը դեռեւս գնահատվում է ծանր:
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում վերականգնողական բուժօգնություն են ստացել եւ շարունակում են ստանալ 6 հոգի, իսկ օտարերկրյա պետությունում՝ 2-ը: «122 զինծառայող դուրս են գրվել հոսպիտալներից եւ հիվանդանոցներից, իսկ 11-ը դեռեւս հետբուժական արձակուրդում են:
Հետագա վիրահատական բուժման կարիք ունի մեկ զինծառայող, ում մոտ նախատեսված է կատարել կոնքազդրային հոդի պրոթեզավորում:
Նշենք, որ տարբեր մակարդակներում վերջույթների ամպուտացիայով պրոթեզավորվել է 5 զինծառայող, որոնց պրոթեզավորումն իրականացվում է վերականգնողական օգնության շրջանակներում, ինչի կարգը եւ պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի՝ «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը եւ պայմանները սահմանելու եւ ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն եւ 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշմամբ»:
ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
2016 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ավտոճանապարհին կողաշրջվել է: Ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթեւ մարմնական վնասվածքներ: Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություններ, ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ավելացնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները:
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿՈՉԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»-ԻՆ
Ժիրայր Սէֆիլյանի կոչը «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից.
«Ողջունում եմ ազգային-ազատագրական շարժման գործողությունները համակարգելու նպատակով «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը:
Որպես առաջին ուղերձ՝ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդին կոչ եմ անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին:
Մասնավորապես՝ մենք պետք է շատ զգոն եւ լայնախոհ կերպով վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին եւ դրանք դիտարկելիս նկատի ունենանք, որ
1. 1988-ին մեր ժողովուրդը ոտքի է կանգնել Արցախը Հայաստանին վերամիացնելու նպատակով եւ պայքարի ու արյան գնով դե ֆակտո ազատագրել է Արցախի տարածքի մի զգալի մասը,
2. քանի դեռ մեր պետությունը գաղութային կախում ունի Ռուսաստանից, Արցախի ճանաչումը կարող է նրան լրացուցիչ հնարավորություն տալ ազատագրված տարածքների եւ հայության կենսական շահերի հաշվին տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու եւ, ի վերջո, մեզ ռուսական ծայրագավառի վերածելու համար:
Այդ պատճառով Արցախի ճանաչումը կարող է ընդունելի լինել, եթե այն.
1. ծառայում է որպես Արցախն իր սահմանադրական տարածքով ՀՀ-ին դե յուրե միացնելու ճանապարհի միջանկյալ քայլ,
2. տեղի է ունենում Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը ազգային կառավարությամբ փոխարինելուց եւ իրական ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո»:
Ժիրայր Սէֆիլյան, «Վարդաշեն» ՔԿՀ