«Որոշ գյուղերի պե´տք է տալ սահմանապահի կարգավիճակ». Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է խնդրի էությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Տավուշի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները պատգամավորների առջև բարձրացրել են սահմանամերձ համայնքը սահմանապահ ճանաչելու հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դրական գնահատեց նորաշենցիների պահանջը. «Շատ ճիշտ են արել»,- ընդգծեց պատգամավորը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` ԲՀԿ-ն մի քանի այլ համայնքների մասով ևս այս հարցը բարձրացրել է. «Բազմաթիվ սահմանամերձ գյուղեր կան, որոնք գտնվում են ադրբեջանական սահմանից ընդամենը 2-3 կիլոմետր հեռավորության վրա, սակայն, չգիտես` ինչու, սահմանամերձ գյուղերի մի մասին տրվել է սահմանապահ համայնքի կարգավիճակ` իրենից բխող բոլոր լիազորություններով, իսկ որոշ համայնքների չի տրվել: «Բարգավաճ Հայաստանը» գրավոր դիմել է կառավարությանը Ճամբարակի Թթուջուր, Արդանիս և Ջիլ գյուղերի համար: Նշյալ գյուղերը, մասնավորապես Ջիլը, ադրբեջանական սահմանից գտնվում են 3 կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել: Արդանիսով, Ջիլով անցնելիս ադրբեջանական հենակետերն անմիջապես աչքիդ առաջ են հայտնվում»,- ներկայացրեց պատգամավորը` որևէ տրամաբանություն չտեսնելով այն բանում, թե ինչու հիշատակված գյուղերը սահմանապահի կարգավիճակ չեն ստացել:

Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց, որ այդպիսով գյուղերը` որպես սահմանապահ, կկարողանան օգտվել կառավարության սահմանած արտոնություններից:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև սահմանամերձ Կոթիի կարգավիճակի մասին` նշելով, որ թեև այն սահմանապահ համայնքի կարգավիճակ ստացել է, սակայն կոթեցիները հետևյալ հարցն են բարձրացրել. «Կոթիի դպրոցն ու մշակույթի տունը գտնվում են անմիջապես ադրբեջանական դիրքերի ուղիղ նշանակետի տակ: Երեխաներին Կոթիից տանում են առավել ապահով տեղեր: Կոթեցիներն առաջարկում են, որպեսզի ընտանեկան նպաստի շեմը սահմանապահի կարգավիճակ ստացած համայնքների համար իջեցվեն հանրապետության մյուս համայնքների համեմատ, որպեսզի մարդիկ ավելի հեշտացված, առավել ցածր միավորներով կարողանան ստանալ ընտանեկան նպաստ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի փոխանցմամբ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխան է ստացվել համընդհանուր բալային համակարգի մասին, սակայն մեր զրուցակիցը նկատում է, որ պետք է հասկանալ, որ այդ մարդիկ ռիսկային գոտում են բնակվում: Հարց է առաջանում` ինչո՞ւ բացառության կարգով ընտանեկան նպաստի միավորների շեմն այդ մարդկանց համար չի իջեցվում. «Նախարարությունից պատճառաբանում են, թե դա խախտումների տեղիք կտա. մարդիկ կգան, կգրանցվեն այն համայքներում, որտեղ բալային շեմն իջեցված է, սակայն այնտեղ չեն բնակվի: Իհարկե, այդ մտահոգությունը կա, բայց սրանք հարցեր են, որ պետք է քննարկվեն»:




Լրահոս