ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ Ժնևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Ժնևում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին։

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ջերմ երախտիքը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և արվեստագետներին՝ երեքհազարամյա պատմության ընթացքում տարբեր մշակույթների, կրոնների, քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկում գտնվող հայ ժողովրդի հարուստ և ինքնատիպ երաժշտական արվեստը ժնևյան հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու հնարավորության համար:

Հայ արվեստի մեծ երախտավորների, ինչպես միջնադարյան, այնպես էլ արդի շրջանի երաժշտական արվեստի առանձնահատկությունների ներկայացմամբ հանդես եկավ Ժնևի Կոնսերվատորիայի տնօրեն Եվա Հարությունյանը:

Համերգի ընթացքում միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրի՝ դաշնակահարուհի Եվա Հարությունյանի, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանի, դուդուկահար Լևոն Չատիկյանի, ջութակահար Ֆիլիպ Տալեկի և կլարնետահար Դմիտրի Ռասուլ-Կարաևի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները։ Հայկական պարարվեստի փայլուն ներկայացմամբ հանդես եկավ երիտասարդ կատարող Աննա Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիրներ:

Տեղեկանք. Ժնևի կոնսերվատորիայի կողմից կազմակերպված «Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով երաժշտական փառատոնում Հայաստանի հետ մեկտեղ ընդգրկված էին Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան:




Լրահոս