«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Հովհաննիսյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը, որը կազմում է 343 հազար 856 դրամ:
Իսկ ինչ հիմնավորում է ներկայացրել Էդգար Հովհաննիսյանը դատարան բերած իր հայցադիմումում: Պարզեցինք, որ էդգար Հովհաննիսյանը նշել է, որ 2015 թ-ին՝ իր ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում, կանչվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին եւ ծանուցվել այն մասին, որ մեկ ամսից զբաղեցրած հաստիքը ենթակա է կրճատման:
Ավելի ուշ՝ 2015 թ-ին փետրվարի 2-ին, Հովհաննիսյանը կրկին կանչվել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին եւ տեղեկացել, որ վարչության պետի հրամանի համաձայն 2016 թվականի մարտի 4-ից ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվել է քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում:
Սակայն նկատենք, որ Էդգար Հովհաննիսյանը հայցադիմումում ասել է, որ 2015 թվականի փետրվարի 27-ին առողջության վատթարացման պատճառով դիմել է ՀՀ ոստիկանության ԲՎ պոլիկլինիկա՝ բուժօգնություն ստանալու նպատակով, եւ հետազոտությունների արդյունքում իր մոտ ախտորոշվել է երկկողմանի հայմորիտ, եւ այդ փաստը արձանագրված է ՀՀ ոստիկանության ԲՎ պոլիկլինիկայի ժամանակավոր անաշխատունակության կապակցությամբ ծառայությունից ազատվելու թերթիկում, սակայն նրա փաստերը վարչությանը չեն հետաքրքրել: Եվ, ահա, Էդգար Հովհաննիսյանը մի շարք այլ դրույթների խախտման համար դիմել է դատարան:
Վերջինս հայցադիմումում մեջբերել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի թիվ 115-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ նշվում է, որ նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Ասել է, թե Էդգար Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից՝ առանց նախապես այդ մասին նրան տեղյակ պահելու: Ինչեւէ, այս գործով դատավոր է նշանակվել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Ինչ հանգուցալուծում կունենա այս պատմությունը, ցույց կտան զարգացումները:
Քնար Մանուկյան