Շուտով մեկնարկելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որտեղ կարեւորը, սակայն, Գյումրու ու Վանաձորի ավագանու ընտրություններն են: Այս երկու քաղաքները Հայաստանի ամենամեծ քաղաքներն են Երեւանից հետո, բացի այդ էլ՝ հենց դրանք են հիմնականում աչքի ընկնում հակաիշխանական տրամադրություններով, եւ ընտրությունների ժամանակ իշխանությունը հենց այս երկու քաղաքում է պարտություն կրում: Հիշենք թեկուզ վերջինը՝ սահմանադրական հանրաքվեն, որտեղ «այո»-ն պարտություն կրեց՝ չնայած, որ ներդրվեցին բոլոր ռեսուրսներն ու ջանքերը:
Ինչեւէ, Գյումրին ու Վանաձորը, որոնք, ինչպես նշեցինք, բավական խոշոր համայնքներ են, լավ հնարավորություն են ընդդիմության համար քաղաքական իշխանության նվաճման կամ բաշխման (ըստ ճաշակի) տեսանկյունից եւ կարող են բավական լուրջ հակազդեցություն ստեղծել կենտրոնական իշխանությանը: Այստեղ ընդդիմության հաղթանակը կնշանակի, այսպես կոչված, «համակարգի ծայրամասային բեւեռ», որն ինքնըստինքյան կարող է ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա:
Հավանաբար այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ իշխող ՀՀԿ-ն գնաց ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխության, որով Գյումրու եւ Վանաձորի քաղաքապետի ուղղակի ընտրության ինստիտուտը փոխարինվեց համամասնական ընտրական համակարգով, ըստ որի՝ նախ պետք է ընտրվեն ավագանու անդամներ, ովքեր էլ իրենց միջից ընտրելու են քաղաքապետ: Թեեւ կառուցվածքային այս փոփոխությունը հանրապետականների համար կարող է ինչ-որ գործիք հանդիսանալ մրցակցությունն իրենց օգտին ուղղորդելու առումով, սակայն սա այն հիմնական գործոնը չէ, որն ունակ է երաշխավորելու վերջնական հաղթանակ: Ամենաէականն այն է, որ ընդդիմությունն այստեղ չմիավորվի, ինչն էլ հնարավորություն կտա ավելի մեծացնելու իշխանության հաղթանակի շանսերը: Ու թեեւ ընտրություններին դեռ մի փոքր ժամանակ կա, սակայն այս պահի դրությամբ, ընդդիմությունը դեռեւս չի միավորվում, եւ հնարավոր է՝ այդ դաշտի սուբյեկտները հանդես գան առանձին-առանձին:
Օրինակ՝ Գյումրիում մասնակցելու են ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» ՀԱԿ, «Համախմբում», «Բարգավաճ Հայաստան» եւ նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունները: Չնայած ԳԱԼԱ-ն դեռեւս քննարկումներ է անցկացնում «Լուսավոր Հայաստանի» ու էլի մի քանի ուժերի հետ, սակայն արդեն պարզ է, որ մեկ միասնական ճակատ չի ձեւավորվելու: Եթե նույնիսկ ինչ-որ դաշինքներ էլ լինեն, միեւնույն է, ընդդիմության երկփեղկումն արդեն իսկ նշանակում է ընդդիմադիր էլեկտորատի մասնատում եւ ձայների փոշիացում: Այս պայմաններում ուժեղ վարչական, ֆինանսական ռեսուրսների տիրապետող ՀՀԿ-ի հետ մրցակցությունը դժվարանալու է, եւ նա կարող է հեշտությամբ պարտության մատնել ընդդիմությանը եւ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ունենալ դիրքավորման գերազանց հնարավորություն:
Փաստորեն, ընդդիմությունն իր ամբիցիոզ կեցվածքով ու ոչ ստրատեգիական մոտեցմամբ կարող է տանուլ տալ այս պայքարը եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկարողանալ ռեսուրսներով իրեն մեծապես գերազանցող իշխանությանը ուժեղ մրցակցություն հակադրել: Բացի այդ՝ եթե ընդդիմությունը վերջնականապես չհամախմբվի այստեղ, ապա տեղի կունենա ընդդիմադիր դաշտի ատոմիզացիա՝ փոշիացում, ընդ որում՝ հիշյալ դաշտի նկատմամբ հանրության վստահության փոշիացման զուգորդմամբ: Կրկին քաղաքական այդ ուժերը կկանգնեն մարգինալացման վտանգի տակ եւ չեն կարողանա արդյունավետ պայքար մղել իշխանության դեմ եւ հավակնել «այլընտրանքային իշխանության» կարգավիճակին:
Առանց այն էլ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընդդիմության սուբյեկտներին բաժանելու, միմյանց հակադրելու եւ դեպի մարգինալ դաշտ տեղափոխելու համար: Ուրեմն, այս հանգամանքը հաշվի առնելով, նրանք պետք է կարողանան հստակ ու կենսունակ քաղաքական կուրս որդեգրել, այլապես նոր ստեղծված կուսակցություններն էլ, շատ չանցած, արժանանալու են ստաժավոր հների բախտին ու վերածվելու են «քաղաքական դինոզավրերի», որոնք երբեմն իրենց մասին հիշեցնել են տալիս այն ժամանակ, երբ դաշտում իրական խաղացողներ չեն լինում:
Անի Ստեփանյան