ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Արցախի Հանրապետությունն արդեն կայացել է, եւ միայն նրա ճանաչման կամ բանակցությունների գործընթացին ակտիվ մասնակցության շնորհիվ է հնարավոր հասնել հարցի խաղաղ կարգավորման: Միաժամանակ, Դվորնիկովը տեսակետ հայտնեց, որ «հինգ շրջանների» վերադարձի մասին խոսակցություններն արվել են հասարակության արձագանքը ստուգելու համար: Նա կարծում է, որ այսքանից հետո Արցախի Հանրապետության` սահմանադրորեն ճանաչված սահմանները խախտելը թանկ կնստի բոլոր կողմերի վրա:
-Պարո՛ն Դվորնիկով, նախ ի՞նչ տպավորություն ստացաք նախորդ շաբաթ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումից: Կա՞ն արդյոք հակամարտության կարգավորման ուղղությամբ նոր ի հայտ եկած նախադրյալներ:
-Մենք կարող էինք միայն հետեւել հանդիպման պաշտոնական եւ արձանագրային հատվածին, որը ցույց է տալիս բանակցային գործընթացի ընդհանուր գծերը միայն: Իրական բանակցություններն ընթանում են փակ դռների հետեւում եւ գաղտնի դիվանագիտական կապերով:
Ես կարծում եմ, որ կոնֆլիկտի լուծման նախադրյալներ կան, սակայն դրանք կախված չեն միայն Ռուսաստանից, Հայաստանից կամ նույնիսկ Ադրբեջանից: Խաղաղ լուծման տարբերակը պետք է ցանկանան խոշոր գերտերությունների ղեկավարները միաժամանակ: Պետք է հասկանալ, որ նույնիսկ խաղաղ լուծման գործընթացում առկա է լիդերների մրցակցություն: Եվ եթե գերտերություններից մեկի մոտ ինչ-որ բան ստացվում է այս ուղղությամբ, ապա մյուսները սկսում են կրակի վրա յուղ լցնել եւ դժվարացնել խաղաղ գործընթացը, որպեսզի մրցակցից խլեն հաջող խաղաղարարի անունը: Այդ պատճառով պետք է շարունակել հետեւել գործընթացներին եւ ցանկալի է դա անել սառը գլխով: Սակայն այս ամենում հստակ է մեկ բան. առանց Արցախի Հանրապետության մասնակցության ոչ մի քննարկում եւ բանակցություն չի կարող արդյունք տալ: Արցախը պետք է լինի կլոր սեղանի շուրջ, ընդ որում, հիմնական մասնակցի կարգավիճակով:
-Իսկ, ըստ Ձեզ, Պուտինի՝ իրար հաջորդող հանդիպումները Ալիեւի, Էրդողանի եւ Սարգսյանի հետ կապվա՞ծ էին միմյանց: Եւ արդյո՞ք դա որեւէ կապ կարող էր ունենալ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքի հետ, որ Հայաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:
-Իհարկե, Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպումները նույնանման էին, քանի որ համարվում են մեկ բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասեր: Էրդողանի հետ հանդիպումն արդեն այլ քաղաքականություն է, որը մեկնաբանելն այնքան էլ հեշտ չէ: Ինչ վերաբերում է Սարգսյանի հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ խոսքը վերաբերում էր կոնֆլիկտի խաղաղ լուծմանը: Մնացած ամեն ինչն ուղղակի անհանգիստ մտքեր են առաջացնում: Ինձ թվում է, որ, այսպես կոչված, «հինգ շրջանների» թեման եւս առաջ քաշվեց, որպեսզի ստուգվի հասարակության ռեակցիան: Ստուգեցին… եւ ես կարծում եմ, որ հիմա բոլորին պարզ է, որ Արցախի սահմանադրորեն հաստատված սահմանը խախտելը թանկ կարժենա բոլորի համար:
-Իսկ Թուրքիայի` բանակցային գործընթացում ներգրավվելու շուրջ հայտարարություններն ի՞նչ կարող են փոխել, եւ արդյո՞ք դա հնարավոր է:
-Ֆորմալ առումով Թուրքիան հանդիսանում է գործընթացի մասնակից: Սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ պաշտպանեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, Անկարային պետք է հեռու պահել ղարաբաղյան թեմայից: Թուրքիան եւ Էրդողանն իրենց ցույց տվեցին, որպես անմիջական մեղավորներ:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը. ի՞նչ քայլեր պետք է նրանք անեն, որ չեն անում:
-Վստահ եմ, որ նրանք երեւանյան վերջին իրադարձություններից հետո պետք է լուրջ հետեւություններ անեն: Պետք է տնտեսական ռեֆորմներ իրականացվեն: Հայաստանը պետք է ավելի ցանկալի դարձնել ներդրումների համար, քանի որ ամեն ինչ սկսվում է տնտեսությունից: Այժմ պետք է չարչարվել, որպեսզի հաղթահարվի ճգնաժամը: Հայաստանի եւ հայերի միակ թշնամին միասնական չլինելն է. պետք է բոլորը հաղթահարեն տարաձայնությունները եւ վերակառուցեն երկիրը:
– Ձեզ համար ո՞րն է կոնֆլիկտի լուծման սխեման:
-Ինձ համար սխեման լիովին պարզ է. Արցախի Հանրապետության ճանաչում: Այդ հանրապետությունն արդեն գոյություն ունի: Մնացած ամեն ինչ քաղաքական խաղեր են:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՄԱՔՍԱՅԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻԵԴ
Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես կառավարությանը ներկայացվեց «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ օրենքում լրացում կատարելը պայմանավորված է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների ներմուծման եւ արտահանման գործընթացները պարզեցնելու անհրաժեշտությամբ: Ներկայացնելով նախագիծը՝ Մինասյանը նաեւ հայտնեց, որ նշված խնդիրը ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին, որի ժամանակ հաստատվել է խնդրի լուծման անհրաժեշտությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվող լրացումն ուղղված է մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը եւ դյուրացմանը, ինչպես նաեւ դրա համար պահանջվող ժամանակի եւ ծախսերի կրճատմանը:
Կառավարությունը հավանություն տվեց ներկայացված օրենքի նախագծին եւ այն ուղարկեց Ազգային ժողով:
Այնուհետեւ կառավարության կողմից հավանության արժանացավ Հայաստանի եւ Բելգիայի Թագավորության միջեւ օդային հաղորդակցությունների մասին նոր hամաձայնագրի կնքման նախագիծը, ըստ որի՝ ավիափոխադրումների ոլորտում Հայաստանը եւ Բելգիան կհամագործակցեն բաց երկնքի ռեժիմի շրջանակում:
Որոշման նախագիծը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն սահմանելու է ազատ մրցակցային դաշտ երկու երկրի ավիափոխադրողների համար: «Ունենք ակնկալիքներ, որ համաձայնագիրը թույլ կտա ընդլայնել հայ¬բելգիական համագործակցությունն ավիացիայի ոլորտում, կնպաստի երկու երկրների միջեւ զբոսաշրջության եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,-ասաց Մինասյանը:
Բացի այս՝ երեկ կառավարության նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից 18,255 եվրոյին համարժեք ՀՀ դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարության` ՄԻԵԴ հերթական վճռի կատարման համար:
Նշենք, որ հիշյալ գումարը 2016 թվականի ինն ամսում կհատկացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:
Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 15,255 եվրո` որպես նյութական վնասի հատուցում, իսկ 3,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հոկտեմբերի 7-ն է:
Այս առնչությամբ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ֆինանսների նախարարությանը` քննարկել եւ հաշվել, թե վերջին տարիներին որքան գումար է վճարվել Եվրադատարանի վճիռներով: «Եւ, ընդհանրապես, այդ որոշումների համար ինչ-որ մեկը պատասխան պետք է տա՞, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱՆԻՄԱՍՏ ՏՈՒԳԱՆՔ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է: «Ժողովուդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2014 թվականին «ՄԱՊ» ընկերությունը հայտարարագրել է խաղողի օդամղիչային մամլիչ: Հարկային վճարումը հետաձգվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 27-ը: Սակայն ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը` պատգամավորի որդին, նշված ժամկետում հարկային վճարումները չի կատարել: Արդյունքում Մակար Պետրոսյանի նկատամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Իսկ օգոստոսի 15-ին որոշվել է պատգամավորի որդուն տուգանել 10 հազար դրամի չափով: Կարծում ենք՝ ՀՀԿ-ական պատգամավորը եւ նրան պատկանող ընկերությունը այդ գումարը մեծ հաճույքով կվճարեն:
ՉԻ ՇՏԱՊՈՒՄ
Թեւ հաշված ժամեր են մնացել ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու համար, սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ի վերջո, առաջադրվի, թե ոչ: Երեկ նրանից կրկին փորձեցինք պարզել, թե ինչու չի շտապում առաջադրվել: «Վաղը՝ (այսօր-խմբ.) մինչեւ 14.00-ը, ժամանակ ունեմ մտածելու՝ առաջադրվե՞մ, թե՞ ոչ»,- ի պատասխան՝ ասաց Հակոբյանը: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ Մասիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երեկվա դրությամբ երկուսն էին՝ Թույների Մհերի, նույն ինքը գործարար Մհեր Հարությունյանի որդին, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը, որին առաջադրել է ՀՀԿ-ն, եւ ԲՀԿ անդամ Կարապետ Օհանյանը: Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին 5 թեկնածու` անկուսակցականներ Ռազմիկ Տերտերյանը, Թովմաս Շահվերդյանը, Արշալույս Մեջլումյանը, որին առաջադրել է ԲՀԿ-ն, ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանն ու գործող քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանը:
ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԸ
Հայաստանում գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմում է 365 հազար 648 հեկտար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներից: Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 204 հազար 636 հեկտար: Հաջորդ ամենաշատ ցանքատարածքները զբաղեցրել են կերային մշակաբույսերը, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 85 հազար 645 հեկտար: Կարտոֆիլի ցանքատարածքների մակերեսը կազմել է 34 հազար 78 հեկտար, բանջարանոցային մշակաբույսերինը` 30 հազար 701 հեկտար, բոստանային մշակաբույսերինը` 7 հազար 259 հեկտար: